ԵՏՄ-ում նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը

FotorCreatedՀիմա նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵՏՄ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը և պարզաբանեց. «Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԵՏՄ-ի հնարավոր համագործակցության մասին է, որտեղ առանցքային դերը հատկացվում է ՀՀ-ին, որովհետև ՀՀ-ն միակ երկիրն է, որը սահմանակից է Իրանին և Իրանի բիզնեսի հետ աշխատելու ամենամեծ փորձն ունի»։ Նա նաև խոսեց ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր համագործակցության և ԵՏՄ շուկայում մեր ապրանքների պահանջարկված լինելու մասին։

-Մեր քաղաքացիները ԵՏՄ տարածքում ընդհանրապես ինչ հնարավորություններ են ձեռք բերել։

-Հայաստանի քաղաքացիները, ովքեր աշխատում են ԵՏՄ տարածքում այլևս կարիք չունեն գրանցվելու, ձեռք բերել այսպես կոչված «պատենտը», եթե նրանք ունեն աշխատանքային պայմանագիր: Երկրորդ՝ հարկման առումով ՀՀ քաղաքացիները հավասարեցված են տեղի բնակիչներին: Այսօր նրանց իրավունքներն ավելի են պաշտպանված, իրենք շուկայում դարձել են առավել մրցունակ, գործատուները նրանց աշխատանքի ընդունելուց և գրանցելուց կատարում են նույն մասհանումը, ինչ տեղի բնակչության համար։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիները ազատվում են հավելյալ ֆինանսական կորուստներից և ծախսերից:

-Իսկ բի՞զնեսի դեպքում:

-Ցանկացած գործընթացի անցումային շրջանում լինում են տեխնիկական խնդիրներ: ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված հարցերի զգալի մասը լուծվել է: Միակ խնդիրը, որը համարում եմ ամենակարևորը, ավելացրած արժեքի հարկի խնդիրն է, որի ուղղությամբ և ՀՀ կառավարությունը և ԵՏՀ-ն ինտեսիվ աշխատում են: Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ ավելացրած արժեքի հարկի խնդիրը կլուծվի, որից հետո համոզված եմ, որ շեշտակի աճելու է ապրանքաշրջանառությունը երկրների միջև։ Եվ նույնիսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները շատ հեշտությամբ կսկսեն կնքել արտահանման և ներմուծման գործարքներ իրենց ԵՏՄ ադամ-պետությունների գործընկերների հետ:

-Դո՞ւք էլ եք գտնում, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Այդուհանդերձ վերջերս ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ներդրումներն անկում են ապրել։ Այդ համատեքստում չի ստացվո՞ւմ, որ գնալով դրանք էլ ավելի կնվազեն և ՀՀ-ն կկորցնի իր հետաքրքրությունը։

-Ներդրումների անկումը նույնպես պայմանավորված է ընդհանուր տնտեսական վիճակով։ Ես համոզված եմ, որ առաջին իսկ վերելքի նշույլների դեպքում ներդրումները վերադառնալու են: Հիմա նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵՏՄ-ում: Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԵՏՄ-ի հնարավոր համագործակցության մասին է, որտեղ առանցքային դերը հատկացվում է ՀՀ-ին, որովհետև ՀՀ-ն միակ երկիրն է, որը սահմանակից է Իրանին և Իրանի բիզնեսի հետ աշխատելու ամենամեծ փորձն ունի: Անցած շաբաթ Հայաստան են եկել աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ԵՏՄ-ից և մենք հանդիպումներ ենք ունեցել, թե՛ բիզնեսի, թե՛ պետական մարմնի ներկայացուցիչների հետ, որպեսզի ձևավորենք այն օրակարգը, որի շուրջ ԵՏՄ-ն պետք է բանակցի Իրանի հետ: Նման գործընթացները մեծապես ավելացնելու են ՀՀ-ի գրավչությունը տարածաշրջանում, առավել ևս, որ դիտարկում ենք հնարավորություն ոչ միայն կնքել պարզ, ազատ առևտրի պայմանագիր Իրանի հետ, այլ նաև ներգրավենք դրա մեջ մի շարք ինվեստիցիոն նախագծեր՝ ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, գազատարի հզորությունների ավելացումը, ՀՀ-ում նավթավերամշակող ձեռնարկության կառուցումը և այլն։ Այս գործընթացները շեշտակի տնտեսական արդյունք են տալու և ես համոզված եմ, որ բարեհաջող ընթացքի դեպքում Հայաստանը ունենալու է թռիչքային զարգացում:

-Այդ համագործակցությունների համատեքստում անհանգստացնո՞ղ չէ Թուրքիայի, կամ Ադրբեջանի հետ հնարավոր համագործակցությունը, քանի որ վերջերս այդպիսի մեսիջներ կան Ադրբեջանի կողմից։

– Բազմաթիվ երկրներ՝ Լատինական Ամերիկայից մինչև Հարավ-Արևելյան Ասիա, ցանկանում են հաստատել ավելի սերտ համագործակցություն ԵՏՄ հետ: Վերջերս ԵՏՄ-ն ստորագրեց ազատ առևտրի պայմանագիր Վիետնամի հետ: Փոխըմբռնման շրջանակներում համագործակցությունը սերտանում է Չիլիի, Մոնղոլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և մի շարք այլ պետությունների հետ: Սակայն Ադրբեջանի և ԵՏՄ-ի համագործակցության հետ կապված այսօր որևէ օրակարգ գոյություն չունի և առաջիկայում, կարծում եմ, որ չի էլ լինի, որովհետև Ադրբեջանի տնտեսական կառուցվածքը թույլ չի տալու մտնել այդպիսի ինտեգրացիոն միավորների մեջ: Իսկ ինչ վերաբերում Թուրքիային, ապա Թուրքիան ԵՏՄ անդամ երկրների խոշորագույն գործընկերներից է, և բնական է, որ ԵՏՄ անդամ-պետությունները շարունակելու են համագործակցությունը երկկողմանի ձևաչափով: Սակայն չմոռանանք, որ Թուրքիան Եվրամիության Մաքսային միության անդամ է, իսկ այդ պարագայում դժվար է պատկերացնել ազատ առևտրի կամ որևէ այլ բնույթի սերտ համագործակցություն ԵՏՄ մակարդակով: Բոլոր դեպքերում ցանկացած երկիր, որը ցանկություն կհայտնի աշխատել ԵՏՄ հետ, պետք է պատրաստ լինի աշխատել Միության անդամ բոլոր պետությունների հետ և նման համագործակցությունը պետք է լինի պարտադիր ընդունելի ԵՏՄ բոլոր երկրների համար:

-Մեր ապրանքների մրցունակությունը ԵՏՄ-ում ինչպես եք գնահատում և ինչ ունենք առաջարկելու, որը կարող է հետաքրքիր լինել այնտեղ և թեկուզ ոլորտային առումով Հայաստանին զարգացում ապահովել։

-Նախ և առաջ ԵՏՄ-ում պահանջված է հայկական գյուղմթերքը, սննդի արդյունաբերությունն ամբողջությամբ, հայկական ալկոհոլային խմիչքները և ոչ միայն կոնյակը, այլ նաև գարեջուրը, ոչ ալկոհոլային խմիչքները՝ հանքային և աղբյուրի ջրերը։ Շուկայում ներկայացված են և արդեն աշխատում են թեթև արդյունաբերության ձեռնարկություններ: Ծառայությունների ոլորտում իրենց նշանակալի տեղը կարող են զբաղեցնել շինարարական ընկերությունները, ճարտարապետական և դիզայներական գրասենյակները: Բարձր տեխնոլոգիաների պահանջարկն է մեծ: Այդ բնագավառը իսկապես մրցունակ է: Կարելի է ասել, որ երևի ԵՏՄ տարածաշրջանում այդ ոլորտը ամենազարգացածը հենց ՀՀ-ում է։ ԵՏՄ-ն և ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրեր կնքած երկրները Հայաստանի համար հսկայական շուկա են և ճիշտ աշխատելու դեպքում ցանկացած հայկական կազմակերպություն կարող է վայելել այդ շուկա մուտք գործելու առավելությունները։

tert.am

Տպել Տպել