Ջրազուրկ Հալեպը՝ հումանիտար աղետի առջև

FotorCreatedՊատերազմի մեջ գտնվող Հալեպը հայտնվել է հումանիտար աղետի առջև: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ Ըստ նրա, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ապստամբած զինյալները գրավել են հիմնական ջրամատակարար ընկերությունն ու քաղաքը զրկել ջրից։

«Երեք շաբաթ է՝ հալեպցիներին խմելու ջուր չի մատակարարվում»,- փոխանցում է սիրիահայ լրագրողը, հավելելով, թե կառավարության և ապստամբ զինյալների միջև բանակցությունների շնորհիվ վերջիններս ընդամենը մի քանի օրով են վերականգնել ջրամատակարարումը, բայց կարճ ժամանակ անց դարձյալ փակել են ծորակները:

«Աղետալի» գնահատելով առանց ջուր մնացած Հալեպի վիճակը, Պողիկյանը հավելում է, թե դրությունն առավել անտանելի է դարձել ամառային տապի պատճառով:

«Մի քանի օրով ջուր տվեցին, պետությունը կփորձե համագործակցել զինյալների հետ, նրանց վառելիք կտա, որի փոխարեն ջուր կտան։ Հալեպցիներն այժմ ստիպված են ջուր գնել տարբեր բնակավայրերից այն քաղաք հասցնող ընկերություններից, իսկ կենցաղում օգտագործում են իշխանության նախաձեռնությամբ փորված հորերի ջուրը», – ասում է Զարմիկն ու նշում՝ չնայած համաճարակ դեռ չկա, բայց դրա վտանգն առկա է։

Անցած 4 տարիներին Սիրիայի իշխանությունները մշտապես բանակցել են զինյալների հետ պատերազմից ավերված Հալեպի ջրամատակարարման վերականգնման հարցով: «Գանձասար» թերթի խմբագրի փոխանցմամբ, զինյալների հետ բանակցություններին ու նոր հորեր փորելուն զուգահեռ, իշխանությունը մտադիր է խորհրդարանում քննարկման առարկա դարձնել խմելու ջրի խնդիրը։ «Շատերը չեն դիմանում ստեղծված իրավիճակին ու հնարավորության դեպքում դուրս են գալիս քաղաքից, հիմա ամեն ձևով անտանելի է կյանքը, դեռ մի բան էլ ստիպված ենք ջուր գնել։ Ահավոր տաք է Հալեպի մեջ, շատ դժվար է այս պայմաններու մեջ ապրելը, իսկապես մարդկային աղետ է», – ասում է Զարմիկ Պողիկյանը։

Ջրի խնդրից բացի, Հալեպում վաղուց արդեն նաև էլեկտրմատակարարման խնդիր կա: Սիրիահայ լրագրողի փոխանցմամբ, զինված բախումներից վնասվել է քաղաքի էլեկտրական ցանցը: Իշխանություններն այժմ զբաղվում են դրա նորոգման աշխատանքներով։

Նաիրա Բուլղադարյան

azatutyun.am

Տպել Տպել