Հայտարարություն


Արցախյան շարժման 20-ամյակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-ամյակի առիթով 2008թ. սեպտեմբերի 2-ին ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Երևւանում կայացած հանրահավաքի մասնակիցներս արձանագրում ենք.

– Հարավային Կովկասում վերջին շաբաթների պատերազմն ու իրադարձությունները նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում:

– Ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունը այսուհետ չկարողանա բացառել ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի զարգացումները կարող են աղետալի լինել: Կատարվածը նաև փաստում է, թե որքան վտանգավոր է երկակի ստանդարտների կիրառումը:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջին շրջանում առանձնաբար կամ միասնաբար ճանաչելով Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ փաստել են միջազգային հարաբերություններում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի գերակայությունը:

– Միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի հարգումը այլընտրանք չունի: Արցախի ժողովուրդը բազմիցս արտահայտել է իր կամքը՝ ապրելու Ադրբեջանից անկախ£ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը կիրառել է հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ Խորհրդային Միության Սահմանադրության վրա: Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզման հետ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի լուծը Լեռնային Ղարաբաղի վրա:

– Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմի մեջ նախահարձակվողը եղել է Ադրբեջանը՝ Արցախը պաշտպանել է իր անվտանգ ապրելու իրավունքը և արձանագրել հաջողություններ, պատերազմի ու դրա հետևանքների պատասխանատուն Ադրբեջանն է:

– Արդեն 17 տարի է« որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապրում է որպես ժողովրդավար պետություն« իր պետական համապատասխան կառույցներով և տեղական ինքնակառավարման մարմիններով:

– Բռնի ուժով Արցախը վերանվաճելու ադրբեջանական նկրտումները անհեռանկար են և տարածաշրջանը էլ ավելի անկանխատեսելի ցնցումների են տանելու:

– Փաստացի ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը« տնտեսական և այլ բնագավառներում համագործակցության պայմանագրեր ստորագրելով նրա հետ« Հայաստանի Հանրապետությունը ցարդ իրավականորեն չի ճանաչել ԼՂՀ-ն՝ մեկնելով բացառաբար խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ոգուն հավատարիմ մնալու իր կեցվածքից:

– Տարածաշրջանին չի կարող ձեռնտու լինել Եվրամիություն-Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների բախումնային սրումը՝ անհրաժեշտ է առկա խնդիրները երկխոսության ճանապարհով կարգավորելու ուղիներ գտնել: Այդ ջանքերին կարող է ու պետք է միանա նաև Հայաստանը:

Հանրահավաքի մասնակիցներս հաստատում ենք«

1. Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն դեպքում երբ Ադրբեջանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ ստորագրի ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը բացառող իրավական փաստաթուղթ:

2 Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պետք է ստորագրի պայմանագիր՝ հանդես գալով որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և անվտանգության երաշխավոր:

3. ՀՀ իշխանությունները պետք է նախատեսեն ԼՂՀ պաշտոնական ճանաչումը, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհը շարունակի համարել կարգավորման ընդունելի միջոց կամ իր գործողություններով առաջացնի սպառնալիք բանակցային գործընթացի համար:

Մենք հայտարարում ենք՝

ա. Հայաստանն ու Արցախը չեն հրաժարվելու իրենց անվտանգության երաշխիքներից.

բ. Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման հարցում հայությունը միասնական ու միակամ է որևէ ներքաղաքական խնդիր չպետք է սպառնալիք դառնա մեր պետականության գոյությանն ու անվտանգությանը:

գ. Հայությունը համախմբելու և արտաքին վտանգներից լավագույնս պաշտպանվելու երաշխիքը երկրում բարեփոխումներն անշրջելի դարձնելն է,

ժողովրդավարության խորացումը և արդարության հաստատումը:

2008թ. սեպտեմբերի 2-ի
Հանրահավաքի մասնակիցներ
ք.Երևան

Տպել Տպել