89-րդ հոդվածը, ընդհակառակը, իշխանափոխության համար լավ դուռ է բացում

ռեստՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն լրագրողների հետ զրույցում, խոսելով Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մասին, նշեց, որ ընդդիմախոսները հիմնականում բացարձակապես տեքստի հետ կապ չունեցող հայտարարություններ էին անում:

Ինչ վերաբերում է 89-րդ հոդվածին, որը վերաբերում է կայուն մեծամասնության ձևավորմանը, Ռուստամյանը նշեց, որ ընտրվել է այնպիսի լուծում, որը իշխանափոխության համար լավ դուռ է բացում:

«Այո, խնդիրը կայուն մեծամասնություն ձևավորելու հասկացության մեջ է, դա տեղի է ունեցել՝ վերլուծելով ընդհանրապես խորհրդարանական համակարգերի հետևանքները, որ գործել են տարբեր երկրներում: Իսկապես, խորհրդարանական տարբեր երկրներում գոյություն ունի մի վիճակ, որը կարող է մեծամասնություն չձևավորվել՝ նկատի ունենալով ՀՀ-ի այս վիճակը, որ պատերազմական վիճակում է»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով` պերմանենտ ընտրությունների փուլն իրենք բացառել են, որովհետև եթե չկա մեծամասնություն, ապա լուծումն այն է, որ նոր ընտրություն տեղի ունենա, բայց նոր ընտրությունը կարող է չբերել մեծամասնության, և այդպես շարունակ: Իտալիայի փորձով` 50 տարում 60 կառավարություն է ձևավորվել:

Մյուս խնդիրը, ըստ նրա, այն է, որ կառավարությունը կարող է ձևավորվել, բայց ձևավորել փոքրամասնության կառավարություն: «Այդպիսի երկրներ էլ կան, դա էլ փխրուն է, որովհետև անվստահություն կարող է առաջացնել: Մյուս անկայունության վիճակն այն է, երբ կոալիցիան բազմանդամ է լինում: Այդտեղ և’ քննարկումները, և’ տարաձայնությունները շատ են, դա էլ բերում է փլուզման: Եվ որպեսզի այս վիճակը չլինի Հայաստանում, կայուն մեծամասնություն հասկացությունն է ներմուծվել, ինչը, իհարկե, բացատրության կարիք ունի: Թյուր տպավորություն է, թե իբր դա մեկ կուսակցության մեծամասնության մասին է: Դա այդպես չէ, և նոր փոփոխությունը, որ կատարվեց դրա վրա, հստակ ասում է, որ ԱԺ միջոցով, ԸՕ-ի միջոցով պետք է հստակ ձևավորվի մեծամասնություն: Եթե դա տեղի չի ունենում, նոր կանցկացվի երկրորդ փուլ, որին պետք է մասնակցեն նոր դաշինքներով առաջին և երկրորդ տեղերը գրաված ուժերը: Սա հնարավորություն է տալիս նաև ընդդիմությանը, որ եթե չի հաջողել առաջին փուլում միավորվել, միավորվել մեկ թեկնածուի շուրջ և գնալ իշխանափոխության: Սա, ընդհակառակը, իշխանափոխության համար լավ դուռ է բացում: Ինձ զարմացնում են ընդդիմադիր գործիչները, որ սա էլ չեն տեսնում»,- ասաց Ռուստամյանը:

Տպել Տպել