Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ-ում

FotorCreatedԱրցախում է Բելգիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությունը՝ Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը, Հայ դատի եվրոպական գրասենյակի անդամներ Հեղինե Էվինյանը, Ռոբերտ Ինվիճաճեւը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Այսօր պատվիրակությունն այցելեց ԼՂՀ Ազգային ժողով եւ հանդիպում ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ փոխնախագահի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի եւ խմբակցությունների ղեկավարների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ Արցախում բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանների հետ շփումներն ու հարաբերությունները:

Ելույթով հանդես է եկել Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը: Վերջինս կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Ժուլի դե Գրոտը նշել է. «Այն, ինչ սպանում է՝ լռությունն է, եւ դրա համար է, որ այսօր մենք այստեղ ենք: Այստեղ ենք, որ թույլ չտանք, որպեսզի լռությունն ու անտարբերությունը հաստատվի այստեղ»:

Ֆրանսիայի պատվիրակության անդամների հետ ներկաները քննարկել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ծագած մի շարք հարցեր, կարծիքներ փոխանակել:

Հյուրերին հետաքրքրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ խնդրի շուրջ տարվող աշխատանքները եւ քաղաքական ուժերի կարծիքն այդ վերաբերյալ:

ՀՅ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւրոպական հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանին՝ այցի կազմակերպման նախաձեռնության համար եւ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ՀՅ Դաշնակցության առանցքային հարցերից մեկն է, որի շուրջ աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ կառույցները նշանակալից աշխատանքներ են իրականացնում:

Այնուհետեւ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը , կարևորելով նման այցերի կազմակերպումն Արցախ, շեշտել է, որ ճանաչողական այցերին պետք որ հաջորդեն գործնական քայլերը: «Վստահ եմ՝ Արցախի միջազգային ճանաչումն այլեւս անխուսափելի է: Սա՛ պիտի բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդի, իսկ Մինսկի խումբը եւ միջազգային հանրությունը օգտագործում են երկակի ստանդարտներ: Մենք պետք է փորձենք զերծ մնալ հավասարության նշաններ դնելուց, ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես կա: Բանակցային գործընթացում Ադրբեջանը պետք է միայն գործ ունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»,- ասել է Դ.Իշխանյանը՝ կարևորելով այն, որ այսօր Արցախի ժողովուրդը, անկախ տարբեր քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, ունի մեկ խնդիր՝ երկրի անվտանգության խնդիրը եւ այս խնդրի շուրջ շատ կարևոր է Արցախի բարեկամների մեծ բանակի համալրումը նոր բարեկամներով:

aparaj.am

10.09.2015

Տպել Տպել