Մեր այսօրվա «այո»-ն մեր հետևողական «ոչ»-ն է 95 թվականի հակաժողովրդական Սահմանադրությանը

FotorCreatedԴաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած` գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը:

Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ հայտարարություն արեց. «Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել, որ 1991-1995թթ. հաստատված սահմանադրա-օրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր և ունենալու էր այս ծանր հետևանքները: Նախագահի պաշտոնը ներդրված էր արդեն 1991 թվականից, երբ Հայաստանը դեռևս Սահմանադրություն չուներ: Իսկ ինչպես փաստում է մարդկության փորձը, Սահմանադրության և դրա վրա հիմնված օրենսդրության բացակայության պայմաններում ցանկացած երկրում պետական կառավարման նախագահական ձևը անխուսափելիորեն տանում է բռնապետության, ինչում հայ ժողովուրդը ևս համոզվեց իր սեփական փորձով:

1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավաբանական ուժ և շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին: Դաշնակցությունն այդ օրերին չկարողացավ այդ բոլոր վտանգների մասին մեր ժողովրդին լիարժեք տեղեկացնել և կանխել այդպիսի Սահմանադրության ընդունումը, որովհետև կուսակցության գործունեությունը հանրաքվեից առաջ արգելվեց, իսկ նրա մի մասը բանտարկվեց նույն այդ ռեժիմի կողմից: «Ոչ»-ի համարժեք ճակատ ձևավորելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, էլ ուր մնաց` խոսենք այդ Սահմանադրության լեգիտիմության մասին:

Հիմա Դաշնակցությունը, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց անել 1991-1995թթ.: Մեր այսօրվա «այո»-ն, ըստ էության, մեր հետևողական «ոչ»-ն է 95 թվականի` այդ հակաժողովրդական Սահմանադրությանը: Քանզի ակնհայտ է, որ հակաժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի հիմնադրման պատճառով մեր երկրի շեղումը ժողովրդավարությունից չի կարող վերացվել այլ կերպ, քան նույն այդ ռեժիմը արմատախիլ անելու միջոցով: Ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է, որ այն ռեժիմի ներկայացուցիչները, որ ժամանակին «այո» են ասել առաջին Սահմանադրությանը, հիմա պիտի «ոչ» ասեն, հակառակ դեպքում` ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն:

Սակայն դժվար է ընդունել կամ հասկանալ նրանց, ովքեր բազմիցս հայտարարել և նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրակարգի և մեծացնելու ընդդիմության դերակատարությունը, հիմա այս ամենին փաստացի դեմ եմ: Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահից, ոչ թե իրենցից: Ուրեմն ժամանակին կա’մ չեն հասկացել, թե ինչ են պահանջում, կա’մ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի:

Ուստի, պարոնա’յք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կատարվեն»:

Տպել Տպել