Վերջապես կառուցենք մեր պետության տունը, օգտագործենք պատմական պահը և դուրս գանք փակուղուց

FotorCreatedԱյսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննարկումը պատմական որակեց` նշելով, որ անկախ ամեն ինչից, դա հայկական պառլամենտարիզմի կարևորագույն նվաճումներից մեկն է: Արմեն Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնաժողովին` երկու տարում տիտանական աշխատանք կատարելու համար:

«Մենք աշխատել ենք այս հանձնաժողովի հետ, և այդ համագործակցությունը Դաշանակցությունը շատ բարձր է գնահատում, մանավանդ որ Դաշնակցության հիմնական պահանջները, թե ախտաճանաչման, թե լուծումների մասով ընդգրկված են այդ նախագծում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների մի քանի մտքերի: Նրա խոսքով, մի քանիսը հասան նրան, որ սկսեցին ընդհանրապես նսեմացնել Սահմանադրության դերն ու նշանակությունը:

«Ասում են` Սահմանադրությունը ի՞նչ կապ ունի ժողովրդին հուզող էսօրվա հարցերի հետ, և որ նման պահանջ չկա այսօր հասարակության մեջ: Սահմանադրագիտության այբուբենը ասում է, որ կան դասական ճշմարտություններ, որ մարդկանց միջև բարդ հարաբերությունների սահմանադրա-օրենսդրական կարգավորման եղանակի հայտնագործումը համարվում է համաշխարհային քաղաքակրթության մեծագույն նվաճումներից մեկը, հետևաբար ժխտել Սահմանադրության դերը երկրի առաջընթացը խթանելու գործում, նշանակում է մի կողմ դնել համամարդկային նվաճումները և վերադառնալ քարե դար, որտեղ ապրում էին ոչ միայն առանց Սահմանադրության, այլ նաև առանց տառերի ու թվերի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մյուս հարցադրումներից մեկն էլ այն է, թե ինչով է այս Սահմանադրությունը խանգարում լավ բան անելուն: Ըստ Արմեն Ռուստամյանի, եթե մարդը բարոյական է ու շարժվում է այն պատվիրանով, որ՝ արա այն, ինչ կուզենայիր, որ ուրիշը քեզ աներ, հաստատ եթե լավ բան չի կարողանում անել, վատ բան էլ չի անի: Ուստի, ըստ նրա, բարոյական լինել ոչ մեկին արգելված չէ:

«Բայց երկրում տիրող կարգերը պետք է ոչ միայն չխանգարեն բարոյական լինելուն, այլ կոչված են արգելելու անբարոյականությունը ու քաջալերելու մարդկանց օրինական ու բարոյական վարքը: Գործող Սահմանադրությամբ չի երաշխավորվում, որ իրավունքը միաժամանակ դառնա թե հնարավորությունների իրացման գործընթաց, թե դրա դրական արդյունքը: Արդյունքում՝ իրավական պետության ասվածի «անունը կա, ամանում չկա»»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի, ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունները վերացնում են գործող միահեծան կառավարումը, նախադրյալներ է ստեղծում վերացնելու իշխանությունները ընտրությունների միջոցով չփոխելու ավանդույթը, չի լինի մի պաշտոնյա, ով կունենա մեծ լիազորություններ ու այդքան էլ անպատասխանատավություն:

Նա անդրադարձավ հաճախ հնչող և իր բնորոշմամբ՝ կեղծ մի թեզի՝ իշխանության վերարտադրությանը: «Իրականում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման, բայց պնդել, թե սա նշանակում է իշխանությունների վերարտադրման համակարգ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հակագիտական բնույթ ունեցող թյուրիմացություն: Իրականում, ըստ Ռուստամյանի, իշխանությունները վերարտադրվում են, երբ երկրում հնարավոր չի լինում ընտրությունների միջոցով իշխանություն փոխել»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մեծ խաբեություն է թաքնված այն մտայնության հետևում, թե ոչ թե համակարգը պետք է փոխել, այլ՝ անձանց:

«Մարդկա՞նց փոփոխությունն է ճիշտը, թե՞ համակարգի, բայց օրենքներն են փոխում բարքերը, ուստի վերջ տանք իրար մեղադրելու անպտուղ գործ, վերջապես կառուցենք մեր պետության տունը, չխաբենք ժողովրդին, օգտագործենք այս պատմական պահը և դուրս գանք այս փակուղուց»,- ասաց Արմեն Ռուստամյանը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ Դաշնակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին:

yerkir.am

Տպել Տպել