ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ շփման գծում զինադադարը պահպանելուն ուղղված առաջարկներ են ներկայացրել

FotorCreatedԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ էնգելը հորդորում են իրենց կոնգրեսական գործընկերներին միանալ երկկուսակցական կոչին, որը նախատեսում է վերականգնել ԱՄՆ առաջնորդությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում:

Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Երկու օրենսդիրները ստորագրություններ են հավաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ են անում Միացյալ Նահանգներին և ԵԱՀԿ-ին հրաժարվել իրենց ձախողված քաղաքականությունից, որը մշտապես կեղծ հավասարակշռություն է պահպանում ԼՂ հակամարտությունում ագրեսիայի դեպքերին անդրադառնալիս:

Կոնգրեսականների նամակում առաջարկվում են հստակ քայլեր, որոնք մոտ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն տարածաշրջանում երկարատև և համընդգրկուն խաղաղության հաստատմանը:

Նամակում ներկայացվող առաջարկներն են` բոլոր կողմերի համաձայնությունը շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ, ԵԱՀԿ կողմից դիտարկվող` հրաձգության տեղորոշման համակարգերի տեղադրում, որը նպատակ ունի ավելի լավ ուսումնասիրել հրադադարի ռեժիմի խախտումները շփման գծում, այս նպատակով դիտորդների տեղակայում: Կոնգրեսականները նշել են, որ թե’ Հայաստանը, թե’ Լեռնային Ղարաբաղը հայտնել են իրենց աջակցությունն այն նախաձեռնություններին, որոնք փրկում են մարդկային կայնքեր, մինչդեռ Ադրբեջանը նման դիրքորոշում չի դրսևորել:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին այս նախաձեռնության համար` նշելով, որ իրենք Հայաստանի և Արցախի Հանրապետության հետ աջակցում են դրան:

armenpress.am

Տպել Տպել