Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել

FotorCreatedԱդրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել:

Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Այս պարագայում, ըստ Աղվան Վարդանյանի, կա երկու ճանապարհ. «Ուժի դեմ կիրառել առավել մեծ ուժ, և երկրորդը՝ խորապես համոզված եմ, որ համանախագահող երկրները կարող են իսկապես առնվազն կտրուկ նվազեցնել նման լարվածությունը, հարձակումները, սադրանքները, զոհերը: Թե ինչո՞ւ չեն ասում՝ պատճառը պետք է փնտրել Մինսկի խմբի ոչ միասնական գործելաոճի, տարակարծությունների մեջ»:

ՀՅԴ խմբակցության Աղվան Վարդանյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ում Արծվիկ Մինասյանի հետ լուրջ տարակարծություններ կան, հայտարարեց, թե մամուլում միշտ չէ, որ իրականությանը համապատասխանող հոդվածեր են տպագրվում:

«Նայեք, հուղարկավորության ժամանակ մարդիկ ցավակցում, դուրս են գալիս, գնում զրուցում են: Հիմա Արմեն Մովսիսյանի հուղարկավորության ֆոնի վրա կատարված լուսանկարին գնահատական տալ, ասել, որ ՀՅԴ-ն («Ժառանգությունից» վերջերս դուրս եկած – Tert.am) Ռուբեն Հակոբյանի հետ զրուցում է, ուրեմն նա վերադառում է կոալիցիա…»,- ասաց Աղվան Վարդանյանը, ապա շեշտեց, թե Դաշնակցությունում հակասություն չկա:

«Կուսակցություն ենք, ընկերներ ենք, գիշեր ցերեկ իրար հետ աշխատում ենք: Ամեն մեկս մարդ ենք, քննարկում ենք հարցերը, բոլոր կարծիքները լսվում են, այո՛, աշխատանքում տարբեր կարծիքներ կան, բայց հակասություն մի՛ փնտրեք: Մի՛ փնտրեք բան, որը անհնար է: Միշտ էլ փորձեր արվել են ՀՅԴ ղեկավարության, շարքերի, տարբեր անդամների միջև հակասություն փնտրել: Չի հաջողվել, էլի՛ չի հաջողվի: Իզուր է, մի՛ փնտրեք»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե Ռուբեն Հակոբյանից կուսակցության անդամակցության դիմում ստացե՞լ եք, Աղվան Վարդանյանը բացասական պատասխան տվեց:

tert.am

Տպել Տպել