ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին դեմ ուժերին հակափաստարկներին, ասաց, թե նրանք իրենց «ոչ»–ն օգտագործում են ի նպաստ սեփական կուսակցության շահերի։
«Նրանց հիմնական քարոզչական տեսակետին նայեք, այն հատվածին, որը ոչ-ը օգտագործվում է սեփական կուսակցական շահերն առաջ մղելու համար: Մենք նրանց բազմիցս հրավիրել ենք քննարկումների, բանավեճերի, որ ճշմարտությունն ի հայտ գա, բայց հրաժարվել են այդ մարդիկ: Պետք է ընտրվի մի սկզբունք՝ անկախ նրանից ով է առաջարկում այս փոփոխությունները, պետք է տեսնել ինչ է առաջարկվում: Եվ եթե այսպես դիտարկենք հարցը, կտեսնենք ճշմարտությունը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանն հիշեցրեց, որ «Ոչ»-ի ճամբարում գործող կուսակցություններից մեկը գործող Սահմանադրության ժամանակ եղել է իշխանությում, բայց քաղաքական կամք չի դրսևորել փոփոխություններ անցկացնելու:
«Մեծ մասը գոհ չէր այն ժամանակվա իշխանությունից: Եթե սահմանադրությունը կապ չուներ, ինչո՞ւ չդրսևորեցին կամքը, չդարձրին երկիրը ժողովրդավարական: Սա նշանակում է, որ կապ կա: Ինչքան ուզում եք լավ վարորդ ունեցեք, եթե անսարք է մեքենան, չի կարող առաջ մղվել: Ուրեմն պետք է մեքենան փոխել որ վարորդը կարողանա վարել»:
tert.am







