Կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք

FotorCreatedԱյսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ինքը կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա հանգեցնելու է խորհրդայաին ժամանակաշրանին բնորոշ միակուսակցական համակարգի ձևավորմանը:

Աղվան Վարդանյանը նշեց. «Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վերաբերվել հանրապետության երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետները արմատականորեն տարբերվում են: Մենք խորապես համոզված ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը շատ ավելի լայն հանարավորություններ է բացելու մեր երկրի զարգացման համար, և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհի վրա է դնելու երկիրը:

Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանի մասին հիշեցումներին, ես կարծում եմ, գուցե կան նման նշաններ, բայց վստահ եմ, որ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են: Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: Եվ ընդհակառակը, խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորոթյուն է տալու որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի և ցանկացած, նույնիսկ տեսականորեն հնարավոր մեծամասնության ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել:

Սա դժվար պրոցես է, բայց մեր երկրում ստեղծելու է նաև նոր քաղաքական մշակույթ: Ես վստահ եմ, կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք»: Հարցին, բացառու՞մ է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններում հանրապետական կուսակցությունը կարող է հավաքել 75 տոկոս, Աղվան Վարդանյանը պատասխանեց.

«Եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, մենք շատ լարված ու ծանր աշխատանք ունենք անելու ընտրական օրենսգրքի հետ կապված:Եթե մենք կարողանանք նաև լավ ընտրական օրենսգիրք ընդունել, ես գրեթե տեսականորեն բացառում եմ, որ համամասնական ընտրակարգի պարագայում կարող է որևէ կուսակցություն մեծամասնություն ունենալ : Բայց чем черт не шутит (ինչ իմանաս, ինչ կլինի), դրա համար կան քաղաքական ուժեր, ընդդիմություն:

Մեկ բան կարող եմ ասել, այսօրվա պառլամենտում եթե բոլոր այն քաղաքական ուժերը , որոնք հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են, թույլ չտան ընտրական օրենսգրքի այնպիսի ձևախեղումներ , որոնք որևէ ուժի թաքուն կամ բացահայտ առավելություն կտան, այսօրվա քաղաքական մեծամասնությունը չի կարող մեկ այլ ընտրական օրենսգիրք ընդունել: Թող որևէ մեկը իր բեռը ուրիշի վրա չդնի: Այսօրվա ԱԺ-ում ներկայացված ընդդիմության ձայները այնքան են, որ նրանք կարող են ապահովել առնվազն կոնստրուկտիվ քննարկում:

Եթե նրանք կքվեարկեն հանրապետականի նման, այն ժամանակ կմեղադրեք այն կուսակցություններին, որոնք իրենց պայմանական շահը չեն գիտակցում, քվեարկում են ուրիշի օգտին:Եթե ընդդիմությունը կպահի իրեն ընդդիմության նման ու իր շահերը կգիտակցի , կունենանք շատ լավ ընտրական օրենսգիրք, չի գիտակցի, ուրեմն մեղադրեք նրանց, ովքեր որ դա չեն անում»:

yerkir.am

Տպել Տպել