ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

FotorCreatedՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։

Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ:

Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ մերժել է միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու՝ Մինսկի խմբի առաջարկը։ Ավելին, Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի բանակցային գործընթացը։ Կարապետյանի կարծիքով, Ադրբեջանի կառավարության նպատակը սեփական երկրի հասարակությանը մեկուսացնելն է՝ նրա հանդեպ բացարձակ վերահսկողության նպատակով։

Հայկական կազմակերպության ներկայացուցիչը համոզված է, որ ընդհանուր հայտարարությունները կամ էլ Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված հրադադարի խախտումները դադարեցնելու կոչերում առկա հավասարության նշանը իրականության աղավաղում է եւ «քաջալերում է Ալիեւի վարչակարգին այն վտանգավոր խաղում, որը նա խաղում է այդ թվում նաեւ՝ սեփական քաղաքացիների կյանքի գնով»։

Այդպիսով Կարապետյանը ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբի անունից կոչ է անում ուղղակիորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը կամ էլ արգելափակում է խաղաղ բանակցությունները: «Որեւէ այլ գործողություն կնշանակի համատեղ պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հավանական սկսման համար՝ տարածաշրջանի, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանի համար անկանխատեսելի եւ շատ վտանգավոր հետեւանքներով», – նշվում է նամակում։

news.am

Տպել Տպել