Սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ լինել չի կարող

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ» – ի հետ զրույցում հայտարարեց, թե արհեստածին են այն հայտարարությունները, որ ՀՀ-ում այսօր սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա:

-Պարո՛ն Վարդանյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին: Ինչպե՞ս է այդ քարոզարշավն իրականացնելու ՀՅԴ-ն, ո՞րն է լինելու Ձեր քարոզարշավի գլխավոր կետը, որտեղի՞ց եք սկսելու:

-Կարծում եմ` լրատվամիջոցները տեղյակ են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հանրապետության բոլոր մարզերում հավաքներ անցկացրեցինք մեր 50 կոմիտեությունների հետ, մեր ընկերների շրջանում իրազեկելով, նրանց հարցերին պատասխանելով, նրանց առաջարկությունները, նախաձեռնությունները լսելով: Մենք դա անում էինք նաեւ նրա համար, որ այդուհետ շրջաններում մեր ընկերները դառնան իրազեկողներ, իրենք արդեն կդառնան ակտիվ մասնակիցներն այս ամենի: Մենք շատ արագ կկազմակերպենք մեր հանդիպումների ժամանակացույցը` հասարակության հետ հանդիպումներ կլինեն ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում: Զուգահեռ, երբ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կլինի քարոզարշավը, կսկսենք զբաղվել քարոզչությամբ նաեւ լրատվամիջոցներով:

-Բայց արդյո՞ք բավարար է այս ժամանակահատվածը, որպեսզի կարողանանք հանրության շրջանում այո-ն քարոզել, արդյո՞ք այդ մեկ ամսվա ընթացքում հանրությունը կհասկանա, թե ինչու պետք է այո ասի նոր Սահմանադրությանը:

-Կարծում եմ` այո, եթե քաղաքացին ցանկություն ունի իրազեկ լինելու, կարծում եմ` բավարար է, ու այդ իրազեկումը այս 30 օրվա ընթացքում չէ, որ պետք է լինի: Երկու տարի մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը եղել է սա, ու անընդհատ քննարկվել է տարբեր փուլերով, առաջին հայեցակարգ, երկրորդ հայեցակարգ, սա ամբողջությամբ եղել է իրազեկման ձեւ: Իսկ այս պարագայում որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը հնարավորություն չի ունեցել իրազեկվելու, տեղեկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում այդ փոփոխությունը: Բայց, բնականաբար, հայի խայսյաթ է, որ ամեն ինչ թողնեն վերջին պահին, իսկ ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածը լրիվ բավարար է, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի:

-Նշեցիք, որ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել մարզի բնակիչների հետ, արդյո՞ք պարզել եք, թե ընդհանուր առմամբ ինչպիսին է ժողովրդի տրամադրվածությունը, առավելապես այո՞-ի, թե՞ ոչ-ի տրամադրությունների եք ականատես եղել:

-Ես կիրակի օրը հերթական հանդիպման էի, այս անգամ մեկնել էի Տավուշի մարզ, որտեղ ոչ միայն մեր ընկերների հետ հանդիպեցի, այլեւ գյուղերի բնակիչների ու տեւական ժամանակ` մոտ մեկուկես ժամ, խոսեցի, ներկայացրեցի, հարցերին պատասխանեցի: Ու կարծում եմ` հանրությունը զգում է տարբերությունը: Բազմաթիվ հարցեր են հնչել, փորձել եմ պարզաբանել, կարծում եմ` ցանկության դեպքում մարդիկ կտեսնեն իրական տարբերությունները: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության պահանջին, գիտեք` այս արտահայտությունը արհեստածին է, որովհետեւ այդպես չի լինում, ցանկացած երկրում այդպես չի լինում, որ ժողովուրդի ինչ-որ մի ստվար զանգված դուրս գա ու պահանջի սահմանադրական բարեփոխումներ: Այդ գործը քաղաքական վերնախավի, պրոֆեսիոնալների, մասնագետների գործն է, ու մեր գործող Սահմանադրությունը երկու տարբերակ է թույլ տալիս: Առաջինը, որ կարող է նախաձեռնությունն անել ՀՀ նախագահը, իսկ երկրորդն էլª ՀՀ Ազգային ժողովը: Ուրիշ որեւէ տարբերակ չկա: Իսկ որ հայտարարվում է հասարակական պահանջ եւ այլն, սրանք արհեստածին հայտարարություններ են: Հասարակական պահանջի առկայությունը ես հասկանում եմ այսպես` մեր այսօրվա իրականությունը: Կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները ստիպում են, որ այդ պահանջները կատարվեն: Սահմանադրական փոփոխությունների պահանջը դեռ չի նշանակում, որ պետք է 100 հազար մարդ գա փողոց ու հայտարարի, որ պահանջում է սահմանադրական բարեփոխումներ: Այդ պրոցեսներն առաջնորդում են քաղաքական էլիտաները, քաղաքական ուժերը, մտավորականներ, նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են, ու նրանց խնդիրն է հասարակությանը, քաղաքացիներին բացատրել այդ տարբերությունները, նրանց խնդիրն է իրազեկել, համոզել, ներկայացնել, թե ինչն է իրականությունը: Մենք դա ենք անում: Ցավոք, նրանք, ովքեր ոչ են ասում, չեն մտնում բովանդակային քննարկումների մեջ:

-Ոչ ասողները նշում են, որ Սահմանադրության փոփոխությամբ բացառապես իշխանությունների վերարտադրության խնդիրն է լուծվելու:

-Հազար տարի խոսեցինք այդ վերարտադրման մասին, այս Սահմանադրությունը միշտ էլ տվել է վերարտադրվելու հնարավորություն, իշխանությունները միշտ էլ վերարտադրվել են, ու դա որպես պատճառ բերելն անիմաստ է:

zhoghovurd.com

Տպել Տպել