Մենք չենք կապում Սահմանադրությունը մեր կոալիցիա մտնելու խնդրի հետ

FotorCreatedՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը Aysor.am-ի հետ զրույցում, ինչպես և իր գործընկերները մինչ օրս, փորձեց հերքել, որ կոալիցիայի մաս կազմելու խոսակցությունները համապատասխանում են իրականությանը և որ որքան ակտիվ ՀՅԴ-ն մասնակցի սահմանադրական հանրաքվեին, այնքան կուսակցության շանսերը ավելի մեծ կլինեն՝ նախարարական պորտֆելներ ստանալու և այլ առումներով: Նաև կրկնեց, որ Դաշնակցությունը չի կապում Սահմանադրությունը իրենց կոալիցիա մտնելու-չմտնելու խնդրի հետ:

-Պարոն Լոքյան, մամուլը անդադար գրում է ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու մասին ու նաև այն մասին, որ այդ կոնտեքստում Ձեզ նախարարական պորտֆել է բաժին հասնելու: Նման քննարկումներ եղե՞լ են:

-Մամուլը սխալվում է, ես Հայաստանում էլ չեմ ու տեղյալ էլ չեմ…

-Այսինքն՝ Դուք էլ բացառո՞ւմ եք կոալիցիա մտնելու հեռանկարը:

-Չկա այդպիսի քննարկում: Ես գոնե չեմ մասնակցել և ինչքան տեղյակ եմ՝ մեր կուսակցությունում այսօր այդպիսի խնդիր էլ չի քննարկվում: Իսկ ի՞նչ են գրել:

-Գրել են, որ ՀՅԴ-ն մտադիր է հնարավորինս թանկ վաճառել Սահմանադրության նախագծին իր կողմ լինելը՝ հնարավորինս շատ պորտֆելներ ստանալու ակնկալիքով: Ի դեպ, նաև Ձեր անունն է շրջանառվում, իբրև կոալիցիոն կառավարությունում ապագա նախարարի:

-Չկա այդպիսի բան, չարաչար սխալվում են այդ գրողները: Դա զուտ լրագրողական ենթադրություններ են:

-Պարոն Լոքյան, իսկ անձամբ Ձեր կարծիքով ճիշտ չէ՞ր լինի կոալիցիայի մաս կազմել ու մասնակցություն ունենալ կառավարման մակարդակում որոշումներ կայացնելուն:

-Երբ ժամանակը գա և կուսակցությունը քննարկի և հանգենք մի այնպիսի եզրակացության, որ այո, մեր երկրի համար անհրաժեշտ է, որ ՀՅԴ-ն մասնակցի երկրի կառավարմանը, զարգացմանը, տնտեսության աշխուժացմանը և այլն, ես կարծում եմ կլինի այդպիսի քննարկում: Բայց թե ինչպիսին կլինի դրա եզրակացությունը՝ ես չեմ կարող ասել: Դեռ պետք է քննարկենք:

-Ինչպիսի՞ դերակատարում եք ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում:

-Ակտիվ եմ լինելու և արդեն մի քանի այցելություններ ունեցել եմ մարզեր, քննարկումներ են եղել: Այն հարցերը, որոնք շրջանառվում են նոր Սահմանադրության հետ կապված, դրանց պատասխանները տվել ենք, ծանոթացում, որպեսզի յուրաքանչյուր դաշնակցական ինքը դառնա նաև տեղում քարոզիչ, քանի որ այն հիմնական խնդիրը, որը մենք արծարծել ենք շուրջ 25 տարի, այսօր կարծես իրականություն է դառնում: Մենք չենք կապում Սահմանադրությունը մեր կոալիցիա մտնելու խնդրի հետ:

Լիա Խոջոյան

aysor.am

Տպել Տպել