Այո-ի քարոզարշավն իրականացվելու է շատ ակտիվ

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ում արդեն ձեւավորվել է 5 քարոզչական խումբ, որոնք նոյեմբերից արդեն ակտիվ քարոզչություն են իրականացնելու հանրապետության բոլոր մարզերում: Ըստ ՀՅԴ-ականի` կուսակցությունը ծանրաբեռնված է լինելու հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի քարոզչություն իրականացնող անձինք չթերանան նաեւ իրենց աշխատանքային պարտավորություններում: Ա. Մինասյանն այն տեսակետին է, որ այո-ի քարոզարշավն իրականացվելու է շատ ակտիվ, ու հանրությանը ներկայացվելու է Սահմանադրության փոփոխության գլխավոր նպատակըUntitled-272:

-Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն պետք է այս օրերի ընթացքում որոշում կայացներ, թե ով է ղեկավարելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբը: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ-ն արդեն Գերագույն մարմնի նիստ է անցկացրել ու որոշում է կայացրել: Ո՞վ է ղեկավարելու ՀՅԴ-ի շտաբը հանրաքվեի ժամանակ:

-Բնականաբար, ինչպես ցանկացած դեպքում, առավել եւս հանրաքվեի համար կազմակերպչական աշխատանքները ՀՅԴ-ում կատարվել են, կազմավորվել է շտաբը, ու, բնականաբար, շտաբում գլխավոր հարցերից մեկն էլ հանդիսանում է քարոզչական խումբը, խմբի ձեւավորումը: Այդ աշխատանքներն արդեն արվել են, նոյեմբերի սկզբից սկսած արդեն կլինեն մարզային տարաբնույթ այցելություններ, հանդիպումներ քաղաքացիների հետ, քարոզչական խմբերի ենք բաժանված, որպեսզի հանրապետության ամբողջ տարածքով մեկ կարողանան ներկայացնել սահմանադրական փոփոխությունների դրական կողմերը ու այն սպասելիքները, որոնք պետք է ունենա հանրությունը սահմանադրական փոփոխությունների տեսքով:

-Եթե արդեն ՀՅԴ-ում քարոզչական խմբեր են ստեղծվել, ապա այդ դեպքում ո՞վ կղեկավարի կուսակցության շտաբը, այդ հարցը դեռեւս չե՞ք որոշել:

-Քանի որ շտաբը գործում է Գերագույն մարմնի ներքո, իսկ գերագույն մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունի գերագույն մարմնի ներկայացուցիչը, եթե այլ լիազորություններով գերագույն մարմնի այլ անդամ օժտված չէ, այս պահի դրությամբ Գերագույն մարմնի ներկայացուցիչ է Աղվան Վարդանյանը: Ուստի ՀՅԴ շտաբը ղեկավարելու է Աղվան Վարդանյանը: Ինչպես արդեն նշեցի, արդեն ձեւավորվել է 5 քարոզչական խումբ, որն ունի 3-4 անդամ, ու այդ 5 խումբը միաժամանակ իրականացնելու է քարոզչությունը հանրապետության մարզերում: Նախատեսվում է, որ հիմնական բեռնվածությունը կլինի շաբաթ եւ կիրակի օրերին` հանգստյան օրերին, որպեսզի նաեւ այդ անձինքն իրենց աշխատանքային պարտականություններում չթերանան, պատգամավորները եւ այլ անձինք, որոնց օրենքով թույլատրվում է քարոզչության ներգրավումը: Երկրորդ հարցը, որը մեզ համար կարեւոր է, որ մենք օգտագործելու ենք օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները, այդ թվում վճարովի եթերից օգտվելու, ինչպես նաեւ` մեր անվճար հնարավորություններից, ինչպիսինն է թե՛ բանավեճերի մասնակցությունը, թե՛ համայնքային կառույցներում քարոզչական պաստառների տեղադրումը, հանդիպումները, միտինգները, բոլոր եղանակները, որոնք թույլատրված են օրենքով:

-Տպավորություն կա, որ «Այո»-ի ճակատը որեւէ ակտիվ քարոզչություն չի իրականացնելու, քանի որ վստահ է այն հարցում, թե հանրությունն իրենց «կողմից» է: Ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ ակտիվություն չեք ցուցաբերում, ինչո՞ւ եք նման ՙդանդաղկոտությամբ՚ առաջ շարժվում: Որտեղի՞ց է «Այո»-ն նման վստահություն ձեռք բերել:

-Ես, անկեղծ ասած, «Այո»-ի ճակատի այլ ներկայացուցիչների փոխարեն չեմ կարող պատասխանել, իսկ մեր մասով կարող եմ ասել, որ մինչեւ այս էլ մենք այցելություններ ունեցել ենք մարզերում, մեր հանդիպումները հիմնականում եղել են մեր կուսակցական ընկերների եւ համակիր կուսակցության շրջանակների հետ, առանձին դեպքերում նաեւ ունեցել ենք հանդիպում հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց դա չենք որակում, որպես քարոզչական գործընթաց: Հետեւաբար, այդ տեսակետից մենք նոր չէ, որ պետք է սկսենք մարզային այցելությունները, ինչն օրենքով թույլատված է, եւ քննարկումները: Մյուս կողմից` չպետք է մոռանանք, որ այո ասողների խմբի մեջ էլ տարբեր հիմնավորումներ կան, մասնավորապես մեզ համար լինելով այս փոփոխությունները սկզբունքային հարց, 20 տարիներից ավելի այս փոփոխությունների մեծ մասը փորձել ենք, տվյալ պահի իշխանություններին համոզել ենք, որ իրացնեն, այս պահին դա հաջողել է մեզ: Ու, բնականաբար, սա համարում ենք մեր անմիջական մասնակցությամբ մշակված, մեր հայացքները, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ իրացված սահմանադրական փոփոխություններում: Այս տեսանկյունից քարոզչությունը հիմնված է սկզբունքների եւ համոզվածության վրա, այլ այո ասողների մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ տվյալ պահին են կողմնորոշվել կամ հիմա են համարել անհրաժեշտ այդ փոփոխությունների իրականացումը: Հետեւաբար, բովանդակային, խորքային առումով տարբեր են այո ասողները, բայց սա չի նշանակում, որ «Այո»-ի ճամբարում գտնվողները պետք է մեկուսի ու տարբեր գործեն: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված «Այո»-ի ճամբարը նույն դիրքորոշումն ունի, ու նույն կերպ այն պետք է ներկայացվի հանրությանը, որն էլ մենք անում ենք:

zhoghovurd.am

Տպել Տպել