Եթե 2005-ի Սահմանադրությանը ոչ ասեինք, մնալու էր 95-ինը, որի դեմ պայքարել ենք

ռեստTert.am -ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնում է հարցին, թե ինչու էին 2005-ին պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարանական կառավարման համակարգ չէր նախատեսում: Նա նաև նշում է, որ իրենց միշտ էլ պաշտպանել են ու ներկայացրել խորհրդարանական կառավարման մոդելը, իսկ 2005-ի փոփոխությունը պաշտպանել են, որովհետև խորհրդարանի լիազորությունների մեծացում էր գնում:

– Պարո՛ն Ռուստամյան, «այո»–ի շտաբեր են բացվում, «ոչ»-ի, ՀՀԿ-ի շտաբի հետ համագործակցելո՞ւ եք։

-Կհամագործակցենք, բայց մենք հայտարարել ենք, որ առանձնաբար ենք մեր քարոզչությունն իրականացնելու, բայց, բնականաբար, կոորդինացում տեղի կունենա, որովհետև, ի վերջո, նույն նպատակի համար է քարոզչությունը:

-Իսկ ի՞նչ ձևաչափեր եք նախատեսում քարոզարշավի համար: Հանդիպումներ, այցեր մարզեր, վճարովի եթերաժամից օգտվելո՞ւ եք:

-Օգտվելու ենք բոլոր հնարավոր միջոցներից: Հանդիպումներ տեղերում, եթերաժամ… քարոզչության զանազան ձևեր, որ հայտնի են:

– 2005թ. Սահմանադրությունը բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրությունն էր, նաև կոալիցիոն էր: Այսինքն՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ–ն միասնական շտաբում էին: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրե՞լ էիք կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու առաջարկ:

-Մենք միշտ պաշտպանել ենք ու ներկայացրել ենք խորհրդարանական կառավարման մոդելը, իսկ այդ փոփոխությունը (սահմանադրական փոփոխությունը) պաշտպանեցինք, որովհետև խորհրդարանի լիազորությունների մեծացում էր գնում: Եվ այն ժամանակ էլ հայտարարել ենք, որ մեր վերջնական նպատակը մնում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը, բայց այն ժամանակ օրվա իշխանությունները այդ անցումը չէին պատկերացնում և գնում էին քայլ առ քայլ դեպի դա:

-Բայց ստացվում է, որ տրամաբանորեն հակառակ մոդել էիք պաշտպանում: Այսինքն՝ ներկայացրել էիք առաջարկ՝ անցնելու կառավարման մոդելին, այն մերժվել էր, բայց դուք պաշտպանում էիք նախագահական կառավարման մոդելի քոչարյանական Սահմանադրությունը:

– Այո՛,մեր առաջարկը չէր ընդունվել, բայց ընդունվել էր անցումը՝ խորհրդարանի դերի մեծացման: Եվ մենք այդ պրիմիտիվ տրամաբանությամբ չենք շարժվել՝ կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ: Դրա համար է, որ նման կերպ շարժվողները ոչինչի էլ չեն հասնում: Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Չի լինում այդպես բնության մեջ: Եվ մեզ համար կարևոր էր 1995թ. Սահմանադրությունում փոփոխություն կատարելը, քայլ առաջ անելը, որովհետև եթե «ոչ» ասեինք, մնում էր 95-ինը, որի դեմ մենք պայքարել ենք, որը այս երկիրն իսկապես շեղել է ժողովրդավարական գործընթացներից:

-Պարո՛ն Ռուստամյան, որն է՝ «այո»-ի համար ամենահզոր փաստարկը:

-Փոխվում է ամբողջ տրամաբանությունը, մոտիվացիան՝ իշխանության գալու … Եթե իշխանությունը բալանսավորված է, այդ մոտիվացիան՝ կյանքի գնով իշխանության գալը փոխվում է արդեն: Որովհետև մեր վիճակն ինչու էր այսպես. հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Մենք առաջին հերթին դա ենք փոխում, մենք էսօր ունենում ենք մի համակարգ, որ պարտվողը, չնայած պարտվել է, իր ներկայացուցչությունն ունի իշխանության քաղաքական համակարգի մեջ:

Դա այդ՝ պառլամենտական համակարգի բնույթն է՝ բավական է 5 տոկոսանոց արգելքը հաղթահարես, չնայած որ ինքը կարող է մեծամասնություն չունենալ, բայց չի հեռանում քաղաքական համակարգից: Քանի որ իշխանությունն իր 3 ճյուղերով նախագահի իշխանության տակ է, էդ ընտրությանը հաղթում են, հաղթում են 50+1 տոկոս ձայնով, մյուսները կարող է՝ 50-է ձայնով պարտվեն, վերանում են քաղաքական դաշտից, որովհետև մեկն է նախագահ դառնալու: Սրա համար են իշխանության համար կենաց–մահու կռիվ տալիս: Այս համակարգով մոտիվացիան փոխվում է:

-«Ոչ»-ի կողմնակիցները դա չե՞ն հասկանում:

-Իրենց հարցրեք: Իրենց տրամաբանությունը շատ պարզ է, իրենք բովանդակային քննարկման չեն մտնում: Հենց այդ պատճառով, որ չեն կարող բովանդակային քննարկման ժամանակ տրամաբանական արգումենտներ բերել, իրենք շատ պարզ տրամաբանությամբ ասում են՝ ժողովուրդը դեմ է իշխանություններին, քանի որ նախաձեռնությունը գալիս է նրանցից, ուրեմն նույնացնենք վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ, որովհետև այդ Սահմանադրությունը ներկայացրել է իշխանությունը: Ու սրա համար ասում են՝ սա վերածենք անվստահության հանրաքվեի: Ինչո՞ւ եք վերածում անվստահության հանրաքվեի, եթե վաղը դուք գալու եք … պատկերացրեք՝ հանրաքվեն չհաջողվեց: Եթե հանրաքվեն չհաջողվեց, Սերժ Սարգսյանը կունենա ամենալավագույն վիճակը:

-Ինչո՞ւ:

-Որովհետև այս համակարգով վերարտադրվելը 100 անգամ ավելի հեշտ է: Ու եթե ինքը չի կարող առաջադրվել, իր իշխանությունը կլինի, ինչ տարբերություն: Հայաստանում ինչպես է … հիմա Քոչարյանը չկա, Սերժ Սարգսյանն է: Խոսենք ժողովրդի մասին, իրենք Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էլ նորմալ ապրում են, ժողովրդի միջին մակարդակից մի քանի անգամ լավ … անձնապես որևէ խնդիր չունեն:

-Իսկ ժողովուրդը, այս ընթացքում, Ձեր կարծիքով՝ իրազեկվե՞ց այո-ին, ոչ-ին:

– Ընթացքի մեջ է, դեռ ժամանակ կա, պետք է իրազեկվի: Մինչև դեկտեմբերի 6-ը ժամանակ կա:

tert.am

Տպել Տպել