Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedՀայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եւ պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավունքների պաշտպանության համար նրա պայքարին:

Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձեւի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի գեղեցիկ էջ գրեցինք մեր նահանգի քաղաքական պատմության մեջ: Նման կարեւոր հարցի վերաբերյալ բանաձեւի միաձայն ընդունումը նահանգային խորհրդի հասունության մեծ վկայությունն է: Հուսով եմ, որ մեր ամենօրյա հոգսերից այդքան հեռու անցյալում տեղի ունեցած անարդարությունների մասին հիշողությունը մեզ կուղղորդի դատապարտելու նաեւ մեր օրերում տեղի ունեցող հետապնդումներն ու բռնությունները եւ գործնական օգնություն ցուցաբերելու դրանց զոհերին»:

Աբրուցցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է:

Տպել Տպել