ՀՅԴ-ն նույնականացման քարտերով քվեարկելու նախագիծը բարելավելու առաջարկներ է ներկայացրել

FotorCreatedՀայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և ամեն ինչ անելու է դրանք կյանքի կոչելու համար:

Միևնույն ժամանակ ՀՅԴ-ի համար սկզբունքային հարց է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան արդար և թափանցիկ հանրաքվեի կազմակերպումը: Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով 180 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ հնարավորություն են ստանում մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտերով, սակայն նշեց, որ հարկավոր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կրկնակի քվեարկությունից խուսափելու համար, քանի որ նույնականացման քարտերը չեն դրոշմակնքվելու: «Մենք կողմ կլինենք ցանկացած նախաձեռնության, որը կապահովի հանրաքվեի լեգիտիմությունը, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, ովքեր «այո» կասեն սահմանադրական բարեփոխումներին, վստահեն նաև քվեարկության արդյունքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Պատգամավորը թվարկեց այն առաջարկները, որոնք ՀՅԴ-ն ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունն ավելի լավը դարձնելու համար՝ որպես կրկնակի քվեարկություններից խուսափելու մեխանիզմ: «Մենք առաջարկում ենք, որպեսզի նույնականացման քարտով քվեարկության գնացող քաղաքացին ներկայանա համապատասխան տեղեկանքով, որ հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց թույլ կտա համոզվել, որ քվեարկության ներկայացել է նույն անձը: Եվ կարելի է հենց այդ տեղեկանքի վրա էլ դնել դրոշմակնիքը, որ այդ անձն արդեն քվեարկությանը մասնակցել է»,- ասաց Մինասյանը:

ՀՅԴ-ն առաջարկում է հրապարակել և հանձնաժողովի անդամներին ուղարկել բոլոր այն քաղաքացիների տվյալները, ովքեր միայն նույնականացման քարտ ունեն, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովներում պատշաճ վերահսկողություն իրականացնել:

Դաշնակցության համար ընդունելի է նաև քվեարկության ընթացքում ընտրողների մատները թանաքոտելու տարբերակը: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այդ մեթոդը կիրառվում է շատ երկրներում և արդյունավետ գործում է, ուստի կարելի է նույնականացման քարտերով քվեարկողների մատները թանաքոտել, ինչը կվկայի այն մասին, որ նա մասնակցել է քվեարկությանը և երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն չի ունենա: «Ես կարծում եմ, որ այս քայլին կարելի է գնալ այս փուլում, բարձրացնել հանրության վստահությունը և հնարավորություն չտալ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողներին, որպեսզի հասարակությանը բարեփոխումներին դեմ տրամադրեն»,- եզրափակեց Մինասյանը:

armenpress.am

Տպել Տպել