Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

FotorCreatedԵվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հայ պատգամավորների՝ Գարո Պայլանի (ԺԴԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ՀԺԿ) և Մարկար Եսայանի (ԱԶԿ) մուտքը թուրքական մեջլիս և մաղթել նրանց ամենայն բարիք իրենց դժվար աշխատանքում:

Այս մասին նշվում է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնախմբի անդամները ողջունել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրանցած արդյունքները:

«Չնայած կուսակցության անդամների և աջակիցների նկատմամբ բոլոր ահաբեկումներին, ճնշումներին, ձերբակալություններին ու անգամ մահվան ելքով հարձակումներին՝ նրանք կարողացան հաղթահարել 10 տոկոսի շեմը և ներկայացված լինել նոր ձևավորված խորհրդարանում 59 անդամով»,- նշվում է հայտարարության մեջ: Եվրոպայի հայ դատի հանձնախմբի անդամները հույս են հայտնել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհամագործակցի այնպիսի առաջադեմ քաղաքական ուժի հետ, ինչպիսին ԺԴԿ-ն է՝ ապահովելու բոլոր փոքրամասնությունների իրավունքները, ինչը մարդու հիմնարար իրավունքներից է: Հանձնախմբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա հատկապես անհրաժեշտ է Թուրքիային, եթե վերջինս ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

armenpress.am

Տպել Տպել