ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցներն անմիջական մասնակցություն են ցուցաբերում Արցախի ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի կազմակերպման գործին:
Այս մասին նոյեմբերի 4-ին «Ապառաժ»-ի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը:
«Սփյուռքում տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառվում է մեր՝ ՀՅԴ կառույցների անմիջական աջակցությամբ: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի մեր բոլոր ընկերներին, ովքեր 1988 թվականից առ այսօր ոչինչ չեն խնայել՝ աջակցելու Արցախին, եւ այժմ էլ նույն նվիրումով շարունակում են իրենց աշխատանքները՝ հանուն Արցախի զարգացման եւ ապահով ապագայի»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:
Արթուր Աղաբեկյանի խոսքերով՝ վիճակախաղի նպատակը մոտակա 10 տարիների ընթացքում մնալու է նույնը՝ Արցախում աշխատատեղերի ստեղծումը:
«Մեծ հպարտություն եմ ապրում, երբ այսօր տեսնում եմ, թե ինչպես են 200-ից ավելի կանայք ապահովվել աշխատանքով: Նրանք այդ աշխատանքի շնորհիվ ոչ միայն իրենց առօրյա կարիքներն են հոգում, այլեւ՝ նպաստում Արցախն աշխարհին ներկայացնելու գործին»,- շեշտել է փոխվարչապետը:
Այն վերաբերյալ, թե 2014 թվականին ինչպիսի՞ արդյունք է գրանցվել վիճակախաղի տոսմերի սպառման հետ կապված եւ ինչպիսի՞նն է պատկերն այսօր, Ա.Աղաբեկյանը նշել է. «2015 թվականին Արցախի ազգային վիճակախաղի մոտ 50 հազար տոմս ակնկալում ենք, որ կսպառվի Սփյուռքում՝ ԱՄՆ-ում 20 000, Կանադայում 10000, Լիբանանում եւ Թեհրանում՝ 5000, Ջուղայում, Կիպրոսում, Քուվեյթում, ԱՄԵ-ում՝ 1000-ական տոմս: Տոմսերի իրացման գործին նորից լծված են ՀՅԴ կառույցները, իսկ ԱՄՆ-ում վաճառված 20000 տոմսերից 10000-ը վստահ ենք, որ կիրացվի ՀՅԴ քույր կառույցի՝ Հայ օգնության միության, ի դեմս բարերար Ժասմեն Բունիաթյանի ջանքերով»:
Արթուր Աղաբեկյանի խոսքերով՝ արցախցիները պասիվություն են ցուցաբերում այս հարցում, այդ է վկայում այն, որ 2014-2015 թվականին շատ քիչ տոսմ է սպառվել Արցախում: Այս պատկերը, ըստ փոխվարչապետի, գու՞ցե հնարավոր է փոխվի առաջիկա ամիսների ընթացքում: «Արցախցիները պարտավոր են ընդգրկուն մասնակցություն ունենալ. ոչ թե հետեւեն մեր հայրենակիցներին, այլ՝ օրինակ ծառայեն: Անկեղծ ասած, փորձում էի 2015-ին չխոսել Արցախի ազգային վիճակախաղի մասին՝ այն վստահելով համապատասխան մասնագետներին: Օգտվելով առիթից՝ դիմում եմ իմ հայրենակիցներին՝ Արցախի ազգային վիճակախաղը եղել եւ գործում է հանուն Արցախի հզորացման: Ձեր մասնակցությունը բերեք այս նվիրական գործին» ,- կարևեւորել է Ա.Աղաբեկյանը:
Նշենք նաեւ, որ 2014 թվականին Արցախի ազգային վիճակախաղի վիճակահանության արդյունքում բնակարան էր շահել իրանահայ Թայիկ Ռաֆիկի Պետրոսյանը: Շահողը, սակայն, նպատակահարմար է համարել ստանալ բնակարանի գումարը: Գումարը ստանալուց հետո նա վիճակախաղի 1000 տոմս է գնել:
«Ապառաժ»-ը միանում է ընկեր Արթուրի կոչին եւ ներկայացնում տոմսերի գնման համապատասխան կոնտակտները՝ 047 973843, 077 270591, 097 207027:
aparaj.am







