Հայաստանում վստահության խնդիր ունեն բոլորը

FotorCreatedԻ՞նչ մարտավարություն է որդեգրել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Դաշնակցությունը, երբ, որտեղ, ինչ ձեւաչափով է աշխատելու ընտրողի հետ եւ համոզելու «Այո» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին։

Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ քարոզչական 5 խմբերից մեկի պատասխանատու Արսեն Համբարձումյանը։

-Այն, որ Դաշնակցության քարոզչական խմբերը միայն շաբաթ-կիրակի օրերին են պատրաստվում ակտիվ քարոզչությամբ զբաղվել՝ գնալ մարզեր եւ հանդիպել ընտրողների հետ, չի՞ խանգարի համապատասխան հասարակական կարծիք ստեղծելուն. մինչեւ դեկտեմբերի 6-ը կհասցնե՞ք հանրային տրամադրություններն ուղղորդել «Այո»-ի օգտին։

-Մեր հիմնական հանդիպումների գրաֆիկը կենտրոնացած է հանգստյան օրերի վրա, որպեսզի ե՛ւ մարդիկ աշխատանքի հետ կապված խնդիրներ չունենան, ե՛ւ մեր պատկերացրած ձեւաչափով նախընտրական հանդիպումները հնարավորինս մեծաթիվ լինեն։ Բայց սա չի նշանակում, թե սահմանափակվելու ենք միայն շաբաթ-կիրակի օրերով։

Կհասցնե՞նք, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ այո, կհասցնենք, որովհետեւ ամեն ինչ հստակ ծրագրված է, իսկ Դաշնակցությունը սովորաբար չի շեղվում իր ծրագրած գործողություններից։ Մեր քարոզչական խմբերը հանդիպումներ կունենան յուրաքանչյուր մարզի մի քանի համայնքում՝ քաղաքներում եւ համեմատաբար մեծաթիվ բնակչություն ունեցող գյուղական վայրերում։

-Հատկապես ի՞նչն է շեշտադրելու Դաշնակցությունը. ո՞ր հարցերն եք առավել կարեւորելու։

-Մեր ասելիքը, ըստ էության, տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ասելիքից, որովհետեւ Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հետեւողական ջատագովն ու կողմնակիցն է եղել պետական կառավարման համակարգի փոփոխության, եւ մենք պաշտպանում ենք ոչ թե Հանրապետական մեծամասնության կամ հանրապետության նախագահի կողմից առաջարկվող փոփոխությունները, այլ առաջարկվող փաթեթը համարում ենք առաջին հերթին մե՛ր փաթեթը։ Այդ վստահությամբ եւ համոզումով ենք մոտենում առաջիկայում տեղի ունենալիք հանրաքվեին։

Մեր խորին համոզմամբ, հանրաքվեի ներկայացված նախագիծը լիարժեք հնարավորություններ է տալիս էական եւ արմատական առաջընթաց արձանագրելու երկրի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ սոցիալ-տնտեսական կյանքում։ Ըստ էության, խոսքը հեղափոխական փոփոխությունների մասին է։

Անկախ նրանից, որ ոմանք դա չտեսնելու են տալիս, իրականում հիմք է դրվում բոլորովին այլ տրամաբանությամբ, քաղաքական եւ իրավական այլ հենքի վրա կառուցված պետական կառավարման համակարգի՝ հակակշիռների եւ զսպումների հստակ մեխանիզմներով, իշխանություն-ընդդիմություն միասնական մեկ համակարգով, որ ինքնին բացառում է որեւէ քաղաքական մենիշխանություն, հետեւաբար նաեւ տնտեսական մոնոպոլիա, ինչը անխուսափելիորեն բերելու է մեր կյանքում դրական տեղաշարժերի։

Իհարկե կյանքը ցույց կտա նախագծում ներդրված մեխանիզմների արդյունավետությունը, բայց մի բան ակնհայտ է. սա առաջին եւ շատ կարեւոր քայլն է երկիրը առաջ տանելու։ Անշուշտ դա հեշտ չի լինելու՝ հանրաքվեի հաջորդ օրը եւեթ հրաշքներ տեղի չեն ունենալու, Հայաստանի ընդերքում նավթ եւ գազ չի հայտնվելու, եւ մենք ժողովրդին չենք պարտրաստվում ասել բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Պարզ մարդկային լեզվով բացատրելու ենք, որ առաջարկվող փոփոխությունները հուսալի հիմք են ստեղծում մեր կյանքում դրական տեղաշարժերի։

Իսկ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, կարծում եմ, օր առաջ երկրում դրական փոփոխություններ կատարելու կողմնակից է։ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մերժելով՝ ըստ էության, ամրագրելու ենք այսօրվա իրավիճակը, որից բոլորս դժգոհ ենք. սա է լինելու մեր հիմնական շեշտադրումներից մեկը։

-Ձեր ընդդիմախոսները վկայակոչում են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում տեղ գտած այն ձեւակերպումը, ըստ որի՝ Հայաստանում սահմանադրականության պակաս կա, ասել է թե՝ սահմանադրությունը շատ դեպքերում չի գործում։ Եվ ասում են՝ մայր օրենքը կյանքի կոչեք, հետո մտածեք համակարգը փոխելու մասին։

-Ցանկացած իրավական ակտի մեջ կարելի է գրել շատ գեղեցիկ ձեւակերպումներ, որոնք կյանքում կարող են չաշխատել։ Նույնը վերաբերում է սահմանադրությանը. գործող սահմանադրության մեջ կան հռչակագրային բնույթի բազմաթիվ նորմեր, բայց պատասխանատվության, վերահսկողության, հակակշիռների մեխանիզմներն ինքնին բացառում են այդ գեղեցիկ դրույթների կենսագործումը։

Երբ իշխանությունն օժտված է գերլիազորություններով եւ իր ձեռքում է կենտրոնացնում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ դատական իշխանությունը, մեղմ ասած, միամտություն է ակնկալել դրական զարգացումներ ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսական եւ իրավական համակարգում։

Քանի դեռ համակարգը չի փոխվել, ակնկալել, թե մի բարի քաղաքական ուժ, բարի նախագահ կգա եւ բոլոր հարցերը կլուծի, կարծում եմ, խելամիտ չէ։ Պետք է լինեն ճիշտ մեխանիզմներ, ճիշտ հիմք՝ սահմանադրությամբ երաշխավորված զարգացումներ, որոնք որեւէ մեկի կամքից կամ քմահաճույքից կախված չեն։ Իսկ մեր երկրում միշտ հակառակն է արվել՝ քաղաքական ինստիտուտների, քաղաքական ուժերի դերը նսեմացվել է, ձեւախեղվել են պետական ինստիտուտները, անվստահություն է սերմանվել անխտիր բոլորի նկատմամբ, եւ այսքանից հետո ուզում ենք, որ երկրում դրական տեղաշարժեր լինեն։ Այդպես չի՛ լինում։

Հայաստանում, ըստ էության, վստահության խնդիր ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ ամբողջ քաղաքական դաշտը, այդ թվում՝ ընդդիմությունը իր բոլոր տեսակներով, եւ իշխանական ուժերը՝ իրենց բոլոր դրսեւորումներով։ Այսինքն՝ կա ընդհանուր անվստահության մթնոլորտ, որ հետեւանք է նախկինում իրականացված քաղաքական գործընթացների։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայոց Աշխարհ

Տպել Տպել