ՀՅԴ-ն քարոզարշավը սկսել է դեռ 1990-ականներից

FotorCreatedԱռաջիկա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, ընթացող քարոզարշավի և այլ հարցերի շուրջ զրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանի հետ.

-Պարոն Մանուկյան, արդեն սկսվել է քարոզարշավը սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Թե՛ «ոչ»-ի ճակատը և թե՛ «այո»-ի կողմնակիցները հասցրել են մի քանի մարզային հանդիպումներ ունենալ, խոսել քաղաքացիների հետ և այլն: Ի՞նչ կասեք այս մեկնարկի մասին, ինչպե՞ս կգնահատեք այն:

-Քարոզարշավ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, որպես այդպիսին, «ոչ»-ի ճակատի կողմից առայժմ չի էլ նկատվում, որովհետև նրանց «ոչ»-ը, ըստ էության, ոչ թե Սահմանադրության դեմ է, այլ իշխանության: Այդ իսկ պատճառով նրանք ամեն կերպ կա՛մ խուսափում են բովանդակային բանավեճից, կա՛մ էլ յուրովի ու աղավաղված են ներկայացնում նոր Սահմանադրության տեքստը: Մյուս կողմից՝ «ոչ»-ի ճակատում գոյություն ունի հակասական և իրարամերժ իրավիճակ. մի մասն ասում է՝ գնացեք «ոչ» ասեք այս փոփոխություներին, ինչը, ըստ իրենց, «ոչ» է նշանակում այս իշխանություներին և վեր է ածվում անվստահության հանրաքվեի, իսկ մյուս մասն էլ կոչ է անում ընդհանրապես բոյկոտել: «Ոչ»-ի ճակատի մեջ առկա իմաստային և նպատակային անորոշությունը դրսևորվում է ամեն տեղ և բոլոր մակարդակներում:

-ՀՀԿ-ն արդեն սկսել է ակտիվ քարոզարշավը, բայց ՀՅԴ-ն, որը նույնպես «այո»-ի կողմնակից է` ոչ: Ինչո՞ւ, կարծում եք, որ մինչև դեկտեմբերի 6-ը դեռ բավարար ժամանա՞կ կա, որպեսզի հասարակությանը համոզեք կողմ քվեարկել նախագծին:

-Նախ՝ ՀՅԴ-ն, ըստ էության, քարոզարշավ սկսել է դեռ 1990-ականներից և անցած տարիների ընթացքում բազմիցս առիթ ունեցել է հանրությանը ներկայացնել իր տեսակետը: Ավելին, մենք համոզված ենք, որ առկա համակարգի ամբողջական վերափոխմանը միտված սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է և համաձայն է: Այնպես որ, մինչև հանրաքվեի օրը մարդկանց համոզելու քիչ ժամկետի խնդիր չունենք: Առավել ևս, որ մեր քաղաքական դաշտում էլ բարեբախտաբար մեր գաղափարներն արդեն ընդունվեցին:

analitik.am

Տպել Տպել