Հենց այնպես «ոչ» ասելով` հարց չի լուծվում

FotorCreatedԵթե մնաց նույն սահմանադրությունը՝ կմնանք նույն ճահճում, եթե փոխվեց՝ կունենանք ինչ-որ բան փոխելու հնարավորություն:

Այս մասին նոյեմբերի 15-ին՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում՝ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք միշտ պաշտպանել ենք կառավարման խորհրդարանական մոդելը ՝ համոզված լինելով, որ ճիշտը սա է: Մենք չենք ասում մի բան, որում համոզված չենք, քանի որ եթե կասկածում ես մի հարցում՝ ուրիշին չես կարող համոզել»,- ասաց պատգամավորը: Աղվան Վարդանյանի խոսքով՝ նոր համակարգը նվազեցնելու է իշխանության վերարտադրվելու հնարավորությունը և ձևավորվելու է նոր քաղաքական մշակույթ:

«Ես Հայաստանում չգիտեմ մի մարդ, ով փոփոխություն չի ուզում, ով այս վիճակից դժգոհ չէ, ով չի ասում, որ գոնե մի բան փոխվի, սակայն փոփոխությունը չի կարող լինել մեկ անձին մյուսով փոխելով, պետք է լինի համակարրգի, մեխանիզմների խորքային փոփոխություն»,-նկատեց նա: Պատգամավորի խոսքով՝ այսօր կարծիք է ստեղծվել, որ եթե ընդդիմություն ես՝ պետք է «ոչ» ասես, իսկ եթե իշխանություն, ապա՝ «այո»: Մենք ընդդիմություն ենք, բայց «այո» ենք ասում, որովհետև նոր սահմանադրության սահմանած խաղի կանոններով մեր ժողովուրդն ապրելու է առաջիկա 10, 20, 30 տարին, և եթե մարդը գործող սահմանադրությունն առաջարկվող փոփոխությունների հետ չի համեմատում, չի խորանում բովանդակության մեջ , ապա հենց այնպես «ոչ» ասելով` ոչ մի հարց չի լուծում»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը համոզված է, որ նոր փոփոխություններով նոր սկիզբ է լինելու, և հենց այդ համոզմամբ էլ ընտրել են «Վճռական այո» կարգախոսը:

Պռոշյանցիների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն էլ անդրադարձավ շատերին հետաքրքրող այն հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխություններից հետո մարդիկ լավ կապրեն, կամ նրանց աշխատավարձերը կբարձրանան: «Սա պարզ մարդկային հարց է, որ յուրաքանչյուրին է մտահոգում: Սահմանադրությունը սոցիալական խնդիր լուծող փաստաթուղթ չէ, սահմանադրությունը այն գլխավոր փաստաթուղթն է, որով պայմանավորված է երկիր կառուցելու փիլիսոփայությունը: Նոր սահմանադրությունը սահմանում է այնպիսի խաղի կանոններ, որտեղ հայեցողականությունն ու կամայականությունները նվազագույնի են հասցված»,-հայտարարեց նա:

Տպել Տպել