Չի լինի այն աթոռը, որի վրա պետք է վերարտադրվի որևէ մեկը

FotorCreatedՆոյեմբերի 15-ին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում այցելել էր Արարատի մարզի Մասիս քաղաք: Ռուստամյանը, հանդիպելով բնակիչների հետ, նախ նշեց, որ ՀՅԴ տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վաղուց է հայտնի. իրենց կուսակցությունն առաջինն էր, որ կողմ էր արտահայտվել խորհրդարանական կառավարման մոդելին: Ռուստամյանի խոսքով` եթե Սահմանադրությունը պարզապես թղթի վրա է, և իրագործման մեխանիզմները չեն գործում, այն միանշանակ մեռած է: «Մենք մինչև հիմա ունեցել ենք հենց այդպիսի Սահմանադրություն, երկուսն էլ հենց այդպիսինն են եղել»,- ընդգծեց Ռուստամյանը` հավելելով, որ գործող Սահմանադրությամբ ժողովուրդն ընտրում է ընդամենը մեկ ղեկավարի, ով օժտված է հսկայածավալ լծակներով ու հնարավորություններով: «Մեկ անձին վերապահվում են թագավորի հատկություններ: Ինչպես ցանկացած մարդ, այդ մարդն էլ լավ գիտի, որ եթե ունի հսկայական իշխանություն` խոսքը այստեղ ինչ-որ անհատի մասին չէ, լավ ու վատն ինքն է որոշում, ճիշտն ու սխալն ինքն է որոշում, իսկ երբ երկիրը փոքր է, հավաքարարից սկսած մինչև վերջին պաշտոնյան` ինքն է որոշում` ում նշանակի և ազատի: Մյուսների իրավունքներն այստեղ որևէ մեխանիզմով չեն պաշտպանվում»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Նրա բնորոշմամբ`սրանով Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, որի շնորհիվ ովքեր նախագահի կողքին են եղել, ունեցել են պաշտպանված վիճակ: «Մարդիկ մտածում են, որ ինչքան մոտիկ լինեն այդ մարդուն, այնքան ավելի պաշտպանված կլինեն: Գործում է այստեղ ծանոթի, բարեկամի սկզբունքը: Հայաստանում միշտ էլ այս վիճակն է եղել: Երեք նախագահ ենք փոխել, այդպես է եղել»,- ասաց նա և ընդգծեց, որ այս ամենը կառավարման համակարգի արդյունքում է, քանի որ կառավարումն անձնակենտրոն է դարձել: «Ստացվում է, որ տեղի է ունենում կլանային, օլիգարխիկ ղեկավարում: Եթե մեկն է ղեկավարում, քաղաքական համակարգը դառնում է մենաշնորհային, և մեկ հոգու որոշումով է ամեն ինչ լինում: Մեկն է իր տակ տանում օրենսդիր, գործադիր, դատական իշանությունը: Մարդը, եթե իր իրավունքներն օրենսդիրով չի կարողանում պաշտպանել, գործադիրով է փորձում պաշտպանել, եթե գործադիրով չի ստացվում, դիմում է դատական համակարգին: Եթե այդ երեքը գնացել է մեկի տակ, ի՞նչ տարբերություն` որին դիմեն: Մեկ է, վերջում գալու են, դիմեն մեկին»,- բացատրեց Ռուստամյանը` նշելով նաև, որ բարեփոխված Սահմանադրությունը բացառում է այդ ռիսկերը, քանի որ վերոնշյալ մարմիններն անկախանում են: «Ինչո՞ւ մենք Հայաստանում չունենք տարանջատում, որովհետև ունենք գերլիազորություններով օժտված նախագահ, ով նշանակում, ազատում է դատավորներին: Այսինքն` դուրս եկավ, որ դատական իշխանությունը նախագահի ձեռքի տակ է: Գործադիր ամբողջ իշխանությունը, նախարարներին նշանակում է հենց ինքը: Գործադիր կառավարման զգալի մասը դուրս է գործադիր ղեկավարումից: Օրինակ`ԱՎԾ-ն, ոստիկանությունը: Սրանք նախարարություններ չեն, որ ենթարկվեն կառավարությանը, ոստիկանապետը ուղիղ ենթարկվում է նախագահին: ԱՎԾ պետին նշանակում և ազատում է երկրի նախագահը: ԱԺ-ն եթե անգամ ընդունում է օրենքներ, նախագահի դուրը եթե չեկավ, հետ է ուղարկում այդ որոշումը»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով` սուտ է այն տեսակետը, թե կառավաման համակարգը կապ չունի, կարևորն այն է, թե ինչպես են կառավարում. «Այսօր նախագահն, ըստ էության, Սահմանադրություն չի խախտում` այս ձևով կառավարելով, բայց իրականության մեջ հարց չի լուծում` ժողովրդի և ամեն մարդու իրավունքները պաշտպանելու առումով»: Աշխարհի փորձը վկայակոչելով`Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույնն է:

«Եվրոպական միության 28 երկրներներից 19-ը խորհրդարանական կառավարման համակարգի մեջ են: Էդ հո պատահակա՞ն չէ: Խորհրդարանական կառավարաման համակարգը տալիս է հնարավորություն, որ ազատվենք մի անձի ղեկավարումից: Այսինքն, հիմա եթե 101 պատգամավոր լինի, այդ 101 պատգամավորն են դառնում ղեկավար: Այդքան պատգամավորն են իշխանությունը կրում: Ահա սա է հենց կոլեգիալ ղեկավարումը: Այդ ղեկավարումը Հայաստանում շատ բան կփոխի: Նոր Սահմանադրությամբ չի գտնվի որևէ մեկը, ով կունենա այն լիազորությունը, որ ունի այսօրվա նախագահը: Այն աթոռը, որին նստողը կարող է ունենալ այդ հսկայական լիազորությունը, հանել ենք, պարզապես չկա: Էդ որ ասում են` «բարեփոխված Սահմանադրությունը վերարտադրվելու հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին», իրականությանը բացարձակ չի համապատասխանում: Չի լինի այն աթոռը, որի վրա պետք է վերարտադրվի որևէ մեկը: Չկա այն լիազորություններով օժտված պաշտոնյան, ով գա 2017-18 թթ.-երին եւ ունենա այն լիազորությունները, որոնք ունի Սերժ Սարգսյանն այսօր: Վարչապետը չէ այդ մեկը: Նախագահին 5 տարի որևէ մեկը բան չի կարող ասել: Ներկայիս Սահմանադրության մեջ ձևականորեն գրված է իմպիչմենթի հնարավորության մասին, սակայն, դա գործնականում կիրառելը, գրեթե անհնարին է»,- համոզմունք հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչը` հավելելով, որ ներկայիս Սահմանադրությամբ` ունենք մի պաշտոնյա, ով ունի հսկայական լիազորություն, բայց զրո պատասխանատվություն:

«Քանի՞ հոգի անցան ընդդիմադիր դաշտ, սնանկացան: Մեկն էլ որ տեսավ անցնի` էլի նույնն է լինելու, չանցավ: Հո գլխից ձեռ չէ՞ր քաշել: Աներ` որ ի՞նչ: Դառնար 2018թ.-ի նախագահ` որ ի՞նչ: Մտածեց` մինչև դառնամ, ձեռիցս սաղ կտանեն: Եթե որևէ մեկը նախագահի կողքին չէ, ուրեմն հարվածի տակ է: Ընտրությունը կյանքի, մահու կռիվ է դառնում»,- ասաց Ռուստամյանը: Նրա խոսքով. «Երբ ընդդիմությունն ասում է, որ գամ սաղին կախելու եմ, կարող է կախի, բայց հետո ինքն էլ է այդպիսին դառնում, որովհետև հրեշին սպանողը, դառնում է հրեշ: Այն մարդիկ, որ ասում են` վատ է խորհրդարանական կառավարման համակարգը, թող հիշեն, որ Հայաստանում 90-91 թվականներին խորհրդարանական կառավարման համակարգ է եղել»:

ՀՅԴ-ականը, իր ելույթի ընթացքում նաև նշեց, որ ներկայիս Սահմանադրությունը նախագահին հնարավորություն է տալիս լիարժեքորեն հսկել ԱԺ-ի գործունեությունը: «Հիմա, եթե նախագահի «դաբրոն» չլինի, որևէ նախագիծ չի մտնի ԱԺ: ԱԺ լիազորությունները նոր Սահմանադրությամբ լայն են: 1991 թվականին Սահմանադրություն չենք ունեցել, բայց ունեցել ենք նախագահ, որն ամեն ինչ որոշում էր: 91 թվականից հետո Գերագույն խորհուրդը դարձավ կցորդ, դարձավ ոչ մի բան որոշող, և այդտեղից սկսվեց մեր դեգրադացիան, մենք այդտեղից ենք սկսել ժողովրդավարութունից շեղվել: 95 թվականի Սահմանադրությամբ ֆիքսեց այդ վիճակը»,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցմանը`ՀՅԴ-ականը շեշտեց, որ այսօրվա խորհրդարանում ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով չունի մեծամասնություն: «Դրա համար են իրենք մինչև հիմա ատամներով պաշտպանել մեծամասնականին: Մեծամասնականն իրենց գրպանում դրած բոնուսն է: 41 մանդատ կա մեծամասնական: Նոր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս»:

Ռուստամյանը, պատասխանելով Մասիսի բնակիչներից մեկի հարցին, թե խաղաղ և պատերազմական իրավիճակներում ո՞վ է վերջնական որոշում կայացնողը, գերագույն գլխավոր հրամանատարը, նշեց, որ խաղաղ պայմաններում որոշում է կայացնում պաշտպանության նախարարը, իսկ պատերազմական պայմաններում` վարչապետը:

Տպել Տպել