Սահմանադրական փոփոխությունները նպաստելու են քաղաքական կյանքի կայացմանը

FotorCreatedՍահմանադրական փոփոխություններից հետո ունենալու ենք քաղաքական կայուն համակարգ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նշեց, թե ճիշտ մոտեցում չէ, որ Սահմանադրությանը կողմ կամ դեմ լինելը պետք է արտահայտվի իշխանություններին կողմ կամ դեմ լինելով: «Իմ ակնկալիքն այն է, որ գիտակից մարդիկ տարբերեն Սահմանադրության բուն տեքստը՝ իշխանություն ընդդիմություն հարաբերություններից: Սահմանադրությունը լինելու է առաջիկա տասնամյակների համար, երբ իշխանությունը փոխված է լինելու, ընդդիմությունն այլ կերպ է իրեն պահելու, ուստի վատ է, որ այս փոփոխությունները կապում են իշխանության անվստահության հետ»,- նշեց Աղվան Վարդանյանը:

– Սահմանադրական հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավը կարծես ավելի ակտիվ փուլ է մտել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված գործըթնացը:

– Առայժմ բավարար եմ գնահատում, դեռևս հիմնական քարոզչությունն ընթացել է լրատվամիջոցներով, բայց կարծում եմ, որ առաջիկայում հանդիպումներն ավելի ինտենսիվ կդառնան: Մասնավորապես ՀՅԴ-ն առաջիկայում նախաձեռնում է հանդիպումներ մարզերում: Այս շաբաթ և կիրակի օրերին չորս մարզ ենք այցելելու: Մեր շտաբն ամեն մարզերում կանցկացնի երեքից չորս հանդիպում: Այս միջակայքերում ծրագրված են հանդիպումներ Երևանի վարչական շրջաններում: Ընդանուր առմամբ, մենք կունենանք շուրջ 60 դահլիճային հանդիպում, որոնց ժամանակ կներկայացնենք մեր մոտեցումները, մեր համոզմունքները՝ նախորդ Սահմանադրության բացերի և նոր Սահմանադրության հնարավորությունների մասին: Նախորդ երկու ամիսների ընթացքում մենք հանդիպումներ ենք անցկացրել մեր դաշնակցական մարմինների հետ, հանդիպել մեր անդամներին և հաշվի կառնենք նաև այս փորձը՝ բնակչության հետ հանդիպումների ժամանակ: Բնական է, որ սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակում, երբ կա անտարբերություն, Սահմանադրության պես բարդ իրավական փաստաթղթի նկատմամբ հետաքրքրություն ստեղծելը հեշտ գործ չէ: Դժվար է ակնկալել, որ բնակչության հոծ զանգվածները բոլոր նրբությունները կընկալեն: Բայց սա մեր անելիքն է: Լինելով ամբողջական հիմնավորման, խորքային հիմնավորման կողմնակից, մենք ընտրել ենք «Վճռական այո: Նոր Սահմանադրություն, նոր սկիզբ» կարգախոսը:

– Իսկ «ոչ»-ի ճամբարում կատարվող գործողությունները ինչպե՞ս եք գնահատում:

– Չեմ հետևում՝ ինչ է կատարվում «ոչ»-ի ճամբարում իրենց գործն է, իրենց պատկերացումներն են: Մենք այնքան համոզված ենք մեր ճշմարտության մեջ, որ վստահ ենք՝ սա է Հայաստանի նոր զարգացմանը տանող ուղին: Թե ինչ են անում իրենք՝ իրենց գործն է: «Այո»-ի ճամբարում ամեն մեկն իր հիմնավորումներն ունի, իր բացատրությունները և բնական է, որ ՀՅԴ-ն չէր կարող մեկ միասնական շտաբով տանել իր աշխատանքները, որովհետև մենք երկու տարի շարունակ բարելավել ենք այս փաստաթուղթը, եղել ենք դրա մշակման ակունքներում, խորքային քննարկումներ ենք արել, ուստի մեր «այո»-ն իսկապես տարբերվում է: Մենք առավելագույնն ենք անելու, որ ընդունվի մեր պատկերացումներին համահունչ Սահմանադրություն:

– Բնակչության հետ հանդիպումներից ի՞նչ տպավորություն ունեք, մարդիկ տեղյա՞կ են՝ ինչ փոփոխություն է, ինչի՞ համար է արվում:

– Կան սոցիոլոգիական հարցումներ, իհարկե, դրանց ես վերապահումներով եմ մոտենում, բայց դրանք էլ այս պահի դրությամբ հուսադրող են: Կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում քաղաքացիների հետաքրքրվող, բանիմաց, գիտակից, երկրի ճակատագրով ապրող մարդկանց մոտ կձևավորվի խորքային համոզում՝ «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Քաղաքացիները պարտավոր չեն Սահմանադրության բոլոր նորմերին ծանոթ լինել, նրբությունները իմանալ, բոլոր դրույթներին ծանոթ լինել: Սա քաղաքական ուժերի, մտավորականության, քաղաքացիական հասարակության անելիքն է: Որքան ակտիվ լինենք, այնքան փաստաթղթի էությունն ավելի պարզ կդառնա քաղաքացիների համար:

– «Այո»-ի կողմնակիցներն ասում են, որ իրենց հանդիպումների ժամանակ միայն «այո»-ների են տեսնում, «ոչ»-ից ասում են, որ Հայաստանում գեթ մեկ «այո» չկա: Ինչպե՞ս կբացատրեք այս պարադոքսը:

– Ոչ, գոնե մենք այդպիսի բան չենք ասում, որ «ոչ» չենք գտնում: Կա անտարբերություն, կա դժգոհություն ու բնական է, որ կա մարդկանց ընտրությունների տանելու որոշակի դժգոհություն: Մենք էլ ենք հանդիպումների գնում, տեղյակ ենք, տարօրինակ է, որ «այո» չեն գտնում: Բա եթե ոչ մի «այո» չեն գտնում, ինչո՞ւ են մտածում, որ «ոչ»-երը երեք-չորս տեղ գնալու են «այո» ասեն: «Ոչ» էլ կա «այո» էլ կա, բայց ես վստահ եմ, որ գերակշռելու է «այո»-ն:

– Պարոն Վարդանյան, իսկ չե՞ք կարծում, որ մարդիկ գնալու են ոչ թե սահմանադրական փոփոխություններին «այո» և «ոչ» ասելու, այլ՝ քաղաքական այն ուժերին, որոնք փոփոխություններին դեմ են կամ կողմ և սա վերածվելու է վստահության հանրաքվեի: Ամեն դեպքում «ոչ»-ի ճամաբարը կոչ է անում «ոչ»ասել նրանց, ովքեր դեմ են այս իշխանություններին:

– Այո, այդ տարրը բնականաբար կա և «ոչ»-ը փորձում է քարոզարշավը տանել այս ուղղությամբ, որ հանրաքվեն ապօրինի է, լեգիտիմության տարրը կա և այլն: Ցավոք, այս տարրը կա: Առճակատում է՝ ով կողմ է իշխանությանը կողմ է փոփոխությանը, ով ոչ՝ դեմ է: Սա Սահմանադրության պարագայում ճիշտ մոտեցում չէ: Իմ ակնկալիքն այն է, որ գիտակից մարդիկ տարբերեն Սահմանադրության բուն տեքստը՝ իշխանություն ընդդիմություն հարաբերություններից: Սահմանադրությունը լինելու է առաջիկա տասնամյակների համար, երբ իշխանությունը փոխված է լինելու, ընդդիմությունն այլ կերպ է իրեն պահելու, ուստի վատ է, որ այս փոփոխությունները կապում են իշխանության անվստահության հետ:

– Շատերի համար արդեն պարզ է, թե քաղաքական ինչպիսի խճանկար կունենանք հանրաքվեից հետո: Կանխատեսվում է կոալիցիոն կառավարում՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ դեմքով: Ի՞նչ զարգացումներ եք Դուք ակնկալում:

– Կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգը կայանալու շատ ավելի լայն հնարավորություններ է ստանում հանրաքվեով: Նոր Սահմանադրությունն ապահովում է ընդդիմություն-իշխանություն իբրև միասնական համակարգ գործելու հնարավորությունը՝ անկախ նրանից, թե ով կլինի ընդդիմություն, իսկ ով՝ իշխանություն: Նոր համակարգով իշխանությունը չի կարող միայնակ որոշումներ կայացնել ու պիտի գնա քաղաքական նոր մշակույթի ձևավորման՝ բանակցելու, խորհրդակցելու, կոմպրոմիսի գնալու ճանապարհով: Սա նպաստելու է քաղաքական կյանքի կայացմանը և մենք պիտի դուրս գանք թշնամանքի առճակատման մթնոլորտից, որ այս կողմը հարյուր տոկոսով ճիշտ է, այս մյուս կողմը՝ սխալ է, ու սրանցից լավ բան պիտի չակնկալենք: Սա քաղաքակիրթ մոտեցում չէ:

tert.am

Տպել Տպել