Նոր Սահմանադրությամբ` նույն պայմաններով են ապրելու և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը

FotorCreated28ՀՅԴ-ն ավելի վճռական ու համոզումով է պաշտպանում սահմանադրական բարեփոխումները, և դա բնական է. այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ միասնական շտաբի ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«ՀՅԴ-ի համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն. մենք քսան և ավելի տարիներ շարունակաբար պնդում էինք, որ Հայաստանի կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է, ո՛չ նախագահականը, ո՛չ էլ կիսանախագահականը: Մեր համոզումները պայմանավորված են նաև վերջին երկու տարիների ընթացքում կուսակցության կատարած հսկայական աշխատանքով այս Սահմանադրության ստեղծման, հայեցակարգերի ձևավորման, մշակման և բուն տեքստի ստեղծման վրա»,- ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց, որ ՀՅԴ-ի հիմնավորումները փաստարկված են, ունեն փորձառություն և ավանդույթ, բխում են մեր իրականությունից, այսօրվա գործող համակարգի բերած արատներից, թերություններից, բացերից: «Այս առումով` մենք, իրոք, խորագույն համոզումով ենք պաշտպանում այս Սահմանադրությունը»,- ասաց Վարդանյանը:

Հարցին, թե այս նախագծում ՀՅԴ-ի քանի՞ առաջարկ է հաշվի առնվել, կամ այս նախագծի ձևավորմանը` բովանդակային մասով, քանի՞ տոկոսով է ՀՅԴ-ի մասնակցությունը, նա պատասխանեց. «Սահմանադրությունը հսկայածավալ փաստաթուղթ է` իրավաբանական, քաղաքական, մասնագիտական: Առաջինը ամբողջ Սահմանադրության էությունն է, այսինքն`խորհրդարանական կառավարման համակարգը: Սա արդեն շատ բան ասում է: Հաջորդը համամասնական ընտրակարգի ամրագրումն է նոր Սահմանադրության մեջ: Այսօր քաղաքական դաշտում գտնվող ընդդիմադիր ուժերի տարիների, տասնամյակների կռիվն է, պայքարը, համոզումը, որ պետք է լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ: Երրորդ կարևորագույն բաղադրիչը` ընդդիմության դերակատարությունն է պետական համակարգում»:

Վարդանյանի խոսքով` այսօր գործող համակարգն ունի մի էական թերություն` եթե որևէ քաղաքական ուժ ունի մեծամասնություն և 51-52 տոկոս է հավաքում, 47-48 տոկոս հավաքած ուժերն ամբողջովին դուրս են մնում պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, ինչը, ըստ նրա, անառողջ սիստեմ է: «Սա առճակատման, թշնամանքի, չարության մթնոլորտ է ստեղծում: Մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք ՀՀ-ում թշնամիներ չունենք, մենք որևէ մեկին չենք վերաբերվում իբրև թշնամու: Մեր նպատակը քննադատելը, հայհոյելը, բողոքելը, ամբոխահաճո բաներ ասելը և դրանով դիվիդենդներ շահելը չի եղել երբևէ: Մեր նպատակը եղել է ունենալ այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի, և, բանակցելով, բանավիճելով, կոմպրոմիսների գալով, գտնենք լավագույն լուծումները: Նոր Սահմանադրությունը ընդդիմությանը տալիս է այնպիսի լծակներ, որ ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ կերազեր: Ես չգիտեմ` այս պարագայում մեր ընդդիմադիրներն ինչի՞ց են դժգոհ: Իհարկե, գիտեմ, բայց ստացվել է մի իրավիճակ, որ նրանք, ովքեր «ոչ» են ասում, ուզեն, թե չուզեն «այո» են ասում գործող Սահմանադրությանը, որին իրենք 2005 թվականին «ոչ» են ասել: Ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ` քսան տարի հետո կարող է մի Սահմանադրություն լինել, հիմա էլ էլի «ոչ» ասեն դրան` «այո» ասելով, պահպանելով այս մեկը: Ցավոք, «ոչ» ասողները չեն մտնում բովանդակային քննարկումների, բանավեճերի մեջ, նրանց պատճառներն այլ են, հասկանալի է, բայց բոլորս պետք է հասկանանք, որ նոր Սահմանադրությունը, ընդունվելու պարագայում, առնվազն 10, 20, 30 տարի բոլորի համար նույն կանոններն է ստեղծելու: Այս Սահմանադրությամբ նույն պայմաններով են ապրելու և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը` անկախ նրանից` վաղն ով որտեղ կլինի: Սա մի փաստաթուղթ է, որի կանոններով այդ տարածքում ապրելու ենք»,- նշեց դաշնակցական պատգամավորը:

Ըստ նրա` ինքը Հայաստանում չգիտի մի մարդու, գուցե մի քանիսին կամ մի քանի տասնյակին չհաշված, ովքեր փոփոխություններ չեն ցանկանում կամ չեն պահանջում, ովքեր այս վիճակից գոհ են: «Դաշնակցության պատկերացմամբ` փոփոխությունները պետք է լինեն խորքային ու բովանդակային, ոչ թե անձերի փոփոխություն լինի»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանն անդրադառնալով այն պնդմանը, թե նոր Սահմանադրությունը իշխանությանը, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն է տալիս, ասաց. «Ընդդիմադիրների որոշ շրջանակներ երկու բան են ասում` մեկ, որ չար ծառը բարի պտուղ չի տա և վերարտադրման հնարավորություն է: Ո՞վ կարող է ինձ ասել, թե գործող Սահմանադրությունում ի՞նչն է խանգարում նույն քաղաքական ուժին և Սերժ Սարգսյանին վերատադրվել: Ո՞վ կարող է ինձ տալ հետևյալ հարցի պատասխանը` ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին գործող համակարգով ԱԺ-ում ունենալ մեծամասնություն, դառնալ վարչապետ և որևէ մեկին էլ 18 թվականին դարձնել նախագահ և էլի ամբողջ իշխանությունը պահել իր ձեռքում: Սերժ Սարգսյանը հրապարակային հայտարարել է, որ պառլամենտական համակարգի պարագայում ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ոչ հրապարակային, բայց հայտարարել է, որ նաև չի հավակնելու ԱԺ նախագահի պաշտոնին»:

Հարցին, թե վստա՞հ է, որ Սերժ Սարգսյանը չի դառնա ԱԺ նախագահ, Վարդանյանը դրական պատասխան տվեց: Նա չի բացառում, որ քաղաքական մեծամասնությունն իր շահի մասին էլ պետք է մտածի: «Այսօրվա Սահմանադրությունը սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորություն տալիս է երկու սուբյեկտի` հանրապետության նախագահին և ԱԺ-ին: Այլ տարբերակ չկա: Ես չգիտեմ որևէ իշխանություն, որը հաջորդ ընտրություններից առաջ ասի` բավական է` ես իշխանություն լինեմ, հիմա ես ուզում եմ փոքրամասնություն լինել, մի քիչ էլ ընդդիմության դաշտում աշխատել: Ամբողջը չկորցնելու համար գիտակցում են, որ պետք է մի մասը չկորցնել: Ի վերջո, գերկենտրոնացված համակարգը ենթադրում է բացարձակ պատասխանատվություն, որը երկար ժամանակ ժողովրդի համար պրոբլեմ է ստեղծում: Մեր մոտեցումը հետևյալն է` մենք համոզված ենք, որ մի անձը փոխարինվի մեկ այլ անձով, որևէ հարց չի լուծվի»:

Վարդանյանի խոսքով` բարեփոխված Սահմանադրությունն առնվազն 90 տոկոսով համապատասխանում է ՀՅԴ-ի պատկերացումներին:

Խոսելով կայուն խորհրդարանական մեծամասնության մասին` նա ասաց. «Պառլամենտական համակարգերում սա անհրաժեշտություն է, որպեսզի պետությունն իր գործունեությունը կարողանա ծավալել, որպեսզի ամեն օր կառավարությունը հրաժարական չտա: Սա չի նշանակում` մեկ կուսակցության մեծամասնություն: Սա նշանակում է, որ առաջին փուլի արդյունքներից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է տա խելամիտ ժամկետ, որպեսզի նրանք կարողանան բանակցությունների միջոցով կոալիցիա ձևավորեն: Ընտրական օրենսգրքում կոալիցիա կազմելու կարգերը պետք է մշակվեն այնպես, որ եթե մի կուսակցություն դուրս գա, կառավարությունը չքանդվի: Երկրորդ փուլից առաջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ: Օրինակ` ՀՀԿ-ն առաջին փուլում հավաքել է 35 տոկոս, մյուս բոլոր ուժերը միասին հավաքել են 65 տոկոս: Կարող է այդ կուսակցության մտքով անցնել` ես ամենաշատն եմ հավաքել, ինչի՞ եմ ես գնում քննարկումների: Եթե մենք գնացինք երկրորդ փուլ, ապա շատ հնարավոր է, որ 65 տոկոս հավաքածները միավորվեն, և առաջանա մի իրավիճակ, որը մոտ կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Մինչև 16 թվականը պետք է ունենանք նոր Ընտրական օրենսգիրք, որը որևէ քաղաքական ուժի թաքուն կամ բացահայտ առավելություն չի տա»:

Վարդանյանը նշեց նաև, որ իրենք պատրաստ են համագործակցության այն քաղաքական ուժերի հետ, որոնք կկիսեն իրենց տեսակետները: Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին ՀՅԴ-ի ներկայացուցիչները դարձյալ մարզային հանդիպումներ կունենան բնակիչների հետ` ներկայացնելու համար սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Տպել Տպել