Հալեպից ինքնաթիռը վերադարձել է. սիրիահայությանը օգնությունը շարունական է լինելու

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է այս պահին եւս աշխատել եւ արդեն նախապատրաստում է Սիրիայի հայերին ուղարկվելիք մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը։

Նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը «Երկիրն այսօրին» տեղեկացրեց, որ մեր հայրենակիցները շարունակում են արձագանքել, եւ արդեն օգնության առաջարկներ կան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, «Սիվիլիթաս» հիմնադրամից եւ այլ անհատներից ու կազմակերպություններից։

«Եթե առաջիկայում իրավիճակը չհանդարտվի եւ կարգավորվի, պետք է շարունակենք օգնություն ցուցաբերել մեր համայնքին, որի կարիքն այսօր նրանք շատ ունեն»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնությունն արդեն Հալեպում է. այն կհասնի բոլոր կարիքավորներին. այս մասին մամուլի հետ զրույցում ասել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ խոսելով տեղ հասած հումանիտար օգնության բաշխման սկզբունքների և արդեն իսկ մեկնարկած նախապատրաստական աշխատանքների մասին:

Ըստ Ժ. Ռայիսյանի՝ քանի որ երեկ երեկոյան էր օդանավը բեռնաթափվել Հալեպի միջազգային օդանավակայանում, Հալեպում ձևավորված միջմիութենական, միջհամայնքային շտապօգնության մարմնի կամավորները օդանավակայան են գնացել այսօր, որպեսզի օժանդակությունը փոխադրեն քաղաք, որից հետո, բնականաբար,կսկսեն բաշխման գործընթացը: Նրա խոսքերով՝ դեռ վաղ է խոսել այն մասին՝ հասած օժանդակությունը բավարա՞ր է, թե՞ ոչ, որովհետև շտապօգնության մարմնի տղաները բաշխման գործընթացը դեռևս չեն սկսել, բեռը կփոխադրվի քաղաք, և նրանք կհասկանան՝ ինչպես բաշխել:

«Այն մարդկանց, ովքեր կարիքավոր են, օժադակության պետք ունեն՝ լինեն հայ և, ինչու չէ, եթե կան ծանր կարիքի մեջ գտնվող սիրիացիներ, անպայման օգնություն կցուցաբերվի: Շտապօգնության շտաբի տղաները օգտակար կլինեն բոլոր քաղաքացիներին, ովքեր նեղ վիճակում են: Վստահաբար, օգնությունը կբաշխվի բոլոր սիրիահայերին։ Դեռ թող շտաբի տղաները եկած օժանդակությունը ապահով փոխադրեն քաղաք, որից հետո պարզ կդառնա», — մանրամասնել է Ժիրայր Ռայիսյանը:

18:00 — Հալեպի շտապ օգնության մարմնի, ինչպես նաեւ սիրիական Կարմիր մահիկի հետ համագործակցության արդյունքում Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնության ծանրոցներն արդեն հասել են Ազգային առաջնորդարանի Արամ Մանուկյանի անվան հայկական ակումբ: Չնայած օդանավակայանի ճանապարհը վտանգներով լի է, սակայն բեռը բարեհաջող հասցվել է հայկական ակումբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այս պահին ակումբի առջեւ պաշտոնական արարողություն է տեղի ունենում, որից հետո Հայաստանից ուղարկված ծանրոցները կիջեցվեն եւ կտեղավորվեն: Ռեյիսյանի խոսքով` օգնությունը կբաժանվի շրջանի բոլոր կարիքավորներին, ինչպես հայերին, այնպես էլ արաբներին: «Օգնության բաժանումը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերի 17-ից»,-նշեց Ռեյիսյանը:

Տպել Տպել