«Այո» ասել` նշանակում է ունենալ համակարգը փոխելու հնարավորություն

FotorCreatedՍահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, երբ ՀՅԴ ներկայացուցիչները Չարենցավանում էին, ներկաներից մեկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքեր ունեն պնդումները, որ սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն միակուսակցական համակարգի: Աղվան Վարդանյանը հերքեց այդ մտահոգությունները` ասելով, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգն էապես նվազեցնելու է միակուսակցական համակարգի ձևավորումը:

«Պոլիտբյուրոն հնարավոր էր Սովետական միությունում, երբ ուրիշ կուսակցություններն արգելված էին: Մոռացե’ք դրա մասին, մենք 21-րդ դարում ենք, աշխարհի մաս ենք և նման կատեգորիաներով այսօր մտածելը բացառում ենք: Դու չես կարող արգելել, որ մարդը մնա կուսակցության նախագահ, բայց դու կարող ես թույլ չտալ, որ նա ունենա բացարձակ մեծամասնություն»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը հավելեց նաեւ, որ մենք ունենք թե’ արտաքին, թե’ ներքին խնդիրներ, և կարևոր է, որ փոփոխության ենթարկվի համակարգը, որ որակ փոխվի, մարդիկ վերջապես ազատվեն թշնամանքից ու հայհոյելուց ու սկսեն գործ անել:

«Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին` նշանակում է պահել ներկա վիճակը, և «այո» ասել` նշանակում է ունենալ համակարգը փոխելու շանս»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումները քաղաքական շրջանակներում սկսվել են դեռ երկու տարի առաջ, և Դաշնակցությունն այդ ամբողջ ընթացքում աշխատել է, ներկայացրել առաջարկություններ, մասնակցել քննարկումներին:

Նա կարևորեց մասնագիտական խմբի աշխատանքը, որովհետև նրանց կողմից գրված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ճիշտ է սահմանել երկրի հիմնական պրոբլեմները:

Տպել Տպել