«Ոչ» ասողներն «այո» են ասում այս համակարգին

ՀՅԴ-ի հանդիպումը` Վայքում

FotorCreatedՍահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզում են ՀՅԴ ներկայացուցիչները: Վայքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ներկայացրեց նոր Սահմանադրության առավելություններն ու ծանրակշիռ հակափաստարկներ «Ոչ»-ի կողմնակիցների առաջ քաշած տեսակետերին:

«Ոչ»-ի կողմնակիցներն ասում են` Սահմանադրությունը կապ չունի արտագաղթի հետ, բայց չէ՞ որ Սահմանադրության արդյունքն են այն համակարգը և կյանքը, որ այսօր ունի մեր ժողվուրդը: 20 տարի է` մասնակցում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների և որևէ անգամ իշխանափոխության չի հասնում: Ժողովուրդը հիասթափվում է, քանի որ ընտրությամբ ոչինչ փոխել չի կարող: Այսօր ընդդիմությունը որևէ լծակ չունի` իշխանության վրա ազդելու, սակայն փոփոխություններով առաջարկում ենք ստեղծել միասնական քաղաքական համակարգ, միասնական ուժեղ իշխանություն և ուժեղ ընդդիմություն»,- ասաց նա:

Եսայանի խոսքով` ոչ ոք չի ցանկանում շարժվել այսօրվա գործող սցենարով: «Եթե 10 անգամ ոտքդ դնում ես նույն փոցխին, և 10 անգամ էլ ճակատիդ է տալիս, պետք է հասկանաս, որ հաջորդ անգամ չդնես: «Ոչ» ասելով` ստացվում է, որ մարդիկ ուզում են, որ ժողովուրդը նորից ոտքը դնի փոցխին ու արտագաղթի: Մենք չենք ուզում` այդպես լինի»,- ասաց նա և հավելեց, որ Դաշնակցությունը, «այո» ասելով, նպատակ ունի փոխել համակարգը, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ, անձին փոխելով, ոչինչ չի փոխվում: «Ոչ» ասողները «այո»են ասում գործող համակարգին»,- ընդգծեց Եսայանը:

Տպել Տպել