Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են կեղծիքներից, բայց կոնկրետ փաստ ես չեմ տեսել

FotorCreatedԴաշնակցությունն ընտրությունների օրինականությունը ապահովող մարմին չէ, դրա համար կան այլ կառույցներ։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Այո»-ի ճակատում գտնվող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն ընդդիմության հետ միասին չի պայքարում ընտրակեղծիքների դեմ, որոնց մասին ահազանգում է ընդդիմությունը:

«Դաշնակցությունը ընտրությունների օրինականությունն ապահովվող մարմին չէ։ Դրա համար կան հատուկ ստեղծված կառույցներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ մարմիններ։ Մենք հստակ ասել ենք՝ մեզ համար որքան կարեւոր է, որ Սահմանադրությունը ընդունվի, այնքան էլ, որ հանրաքվեն լինի առավելագույնս նորմալ։ Չեմ ասում՝ իդեալական, այլ նորմալ։ Ես համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է անցկացնել նորմալ հանրաքվե»,-ասել է Վարդանյանը։

Վերջինս շեշտել է, որ ընդդիմության ներկայացուցիչները նախընտրական կեղծիքների, դպրոցներում ուսուցիչներին ու աշակերտների ծնողներին ցուցակագրելու մասին հայտարարում են առանց փաստերի։

«Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ խոսում են կեղծիքների մասին, բայց կոնկրետ փաստ ես չեմ լսել։ Ընդդիմությունն ասում է նաեւ, որ պտտվում են հանրապետությունով մեկ ու ոչ մի «այո» չեն տեսնում։ էս վերջին շաբաթ-կիրակի օրերի ընթացքում մեր խմբերը 25 հանդիպում են ունեցել, մոտ 40 հազար մարդու են հանդիպել, որոնց շրջանում եւ «այո», եւ «ոչ» են տեսել։ Տարօրինակ է, որ ասում են ոչ մի «այո» չկա, ինչպես ես մտածում, որ բոլորը «ոչ»-ի կողմնակից են, բայց գնալու են ասեն՝ «այո»,-նշել է դաշնակցական պատգամավորը։

Ըստ Վարդանյանի՝ Սահմանադրության հարցն իրենց համար ընդդիմություն-իշխանություն պաշտոնագծով չի անցնում։

«Սա մի փաստաթուղթ է, որը ընդունելու պարագայում անխտիր բոլորս ապրելու ենք դրա կանոններով՝ եւ «այո», եւ «ոչ» ասողները։Մեր միակ նպատակն այն է, որ հանրաքվեն անցնի հնարավորինս նորմալ։ Մենք ունենք բոլոր տեղերում հանձնաժողովի անդամներ եւ հստակ հետեւելու ենք»։

news.am

Տպել Տպել