Դժգոհությունների պատճառը միայն ապաշնորհ կառավարողները չեն

ՀՅԴ-ն Արթիկում է

FotorCreatedԱյսօր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամները հանդիպեցին Արթիկի բնակչության հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է քարոզի համակարգը փոխելու խնդիրը, որովհետև կառավարման համակարգը փոխելու մասին Դաշնակցությունը վաղուց է խոսել: Այսօր Հայաստանն ունի 24 տարվա նախագահական կամ կիսանախագահական համակարգի փորձ, և այն խնդիրները, որոնք կուտակվել են այսօր, ըստ Ռուստամյանի` չեն առաջացել հինգ կամ տասը տարում, դրանք առաջացել են 1991թ-ից, երբ Հայաստանը որդեգրեց նախագահական կառավարման մոդելը:

«Մենք դեռ 1991թ-ին էինք զգուշացնում, որ դա սխալ համակարգ է:Երկրի ղեկավարումը դարձավ միանձնյա, ռեժիմը դարձավ ավտորիտար, որն ունեցավ իր հետևանքները: Հիմա կա սոցիալական դժգոհություն, և մենք էլ այդ դժգոհողներից մեկն ենք, բայց պետք է հասկանալ, թե այդ դժգոհությունը որտեղից է գալիս, արդյոք՞ դրա մեղավորը միայն ապաշնորհ իշխանություններն են, թե՞ համակարգը ևս մեղավոր է: «Ոչ»-ի ու «այո»-ի հիմնական տարբերությունը սրա մեջ է, երբ առաջինն ասում է, որ համակարգը մեղավոր չէ, այլ մարդիկ եթե բարի կամք դրսևորեն, ամեն ինչ լավ կլինի, իսկ «այո»-ն էլ ասում է, որ համակարգն է մեղավոր:

Այս ընթացքում երեք նախագահ ենք փոխել , ով՞ էր խանգարում, որ նրանք բարի կամք դրսևորեին ու խնդիրները լուծեին: Յուրաքանչյուր նախորդ նախագահը դժգոհում է հաջորդից, իսկ ժողովուրդը՝ բոլոր երեքից: Եթե անձով էր պայմանավորված, երեքից գոնե մեկից հասարակությունը այդքան չէր դժգոհի: Ուրեմն խնդիրը մենակ անձանց մեջ չէ . խնդիրը համակարգի մեջ է, որը թույլ է տալիս, որ մարդիկ իշխանությունը կենտրոնացնեն իրենց ձեռքը և մի մարդ որոշի երկրի ճակատագիրը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ անգրագիտություն է այն փաստարկը, թե ինչ կապ ունի Սահմանադրությունը մարդկանց խնդիրների հետ, որովհետև ամբողջ աշխարհում է, որ Սահմանադրությունը կապ ունի մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, ինչպե՞ս կարող է Հայաստանում կապ չունենալ: Ըստ Արմեն Ռուստամյանի` գործող Սահմանադրության մեջ գեղեցիկ բառերով հռչակվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, սակայն, ցավոք, գործող Սահմանադրությունը չի արտացոլում այն մեխանիզմները, որոնց հիման վրա կիրացվեն մարդու իրանվուքները:

Եթե իշխանության երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, իրապես տարանջատված չեն, անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին, որովհետև մարդը պետք է կարողանա երեք տարբեր ճյուղերով պաշտպանի իր իրավունքները. Օրենսդիրով չեղավ՝, փորձի գործադիրով, դա էլ չեղավ, դիմի դատական մարմիններին: Բայց եթե այդ երեք ճյուղերը որոշում և ձևավորում է մեկ անձ, ուրեմն վերանում են այդ երեք հնարավորությունները, մնում է մեկ հնարավորություն, այն է՝ այդ որոշող մեկ անձի հետ ունենալ լավ հարաբերություններ ու նրա բարեհաճությանը արժանանալ, ինչը արդեն երկիրը տեսել է այս տարիների ընթացքում:

«Երեք նախագահ է փոխվել, բայց փոփոխվել են միայն նրանց շրջապատի մարդիկ, որոնք ունեցել են արտոնություններ, որ անգամ կարող էին օրենքը շրջանցել, մինչդեռ մի խեղճ քաղաքացի հանկարծակի սայթաքի, կփտի բանտում: Այսինքն նախագահաի շրջապատից դուրս գտնվող մարդը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել, ինչը արդեն իսկ նորմալ չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել