Մեծ խելքի նշան չէ նոր սահմանադրությանը «ոչ» ասելը

FotorCreatedՀայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am–ի հետ զրույցում Սահմանադրության շուրջ քաղաքական-հասարակական քննարկման առումով մեջբերեց Էլեոնորա Ռուզվելտի հայտնի արտահայտությունը, որ երբ խելացի մարդիկ քննարկում են գաղափարներ, միջակությունները` իրադարձություններ, հիմարները կամ սահմանափակները` անձանց: Նույնը, ըստ նրա, հիմա տեղի է ունենում Սահմանադրության պարագայում: Անդրադառնալով մեղադրանքին, որ նախագահական ընտրությունները հանելով, հայ հասարակությանը զրկում են այս համապետական ընտրություններին ինքնարտահայտվելու ավանդական հաճույքից, դաշնակցականը նկատեց, որ այդ գերբարձր քաղաքական ակտիվությունն այդ ընտրությունների հանդեպ պայմանավորված է նրանով, որ եղել է «լավի ու վատի», «սևի ու սպիտակի» ընտրություն, որի ժամանակ հեշտ է եղել գույների, քաղաքական ծրագրերի բազմազանությունը մի կողմ թողնել, մեկին ասել` «պուպուշ», մեկին ասել`«քըխ», իսկ հասարակությանը զրկել գաղափարների միջև ընտրություն կատարելու հնարավորությունից:

-Պարո՛ն Սեյրանյան, Դաշնակցությունը ևս, «Վճռական «այո»» է ասում Սահմանադրությանը: Չե՞ք կարծում, որ երկրում կառավարման մոդելը փոփոխությունը` էլի նույն դեմքերի ու քաղաքական ուժերի նկատմամբ հասարակության անվստահության պարագայում, արդյունավետ չէ:

-Քաղաքականության մեջ, ամենուր` մշակույթում, տնտեսության մեջ, այլուր նոր դեմքերի հայտ են գալը պայմանավորված է այն փոփոխություններով ու մարտահրավերներով, որոնք առաջ են քաշում նոր դեմքերի գալու անհրաժեշտությունը, կամ առաջացնում են հասարակության մեջ նոր դեմքերի ի հայտ գալու պահանջարկ: Եթե կյանքը նույն ընթացքով է, որևէ բեկումնային բան տեղի չի ունենում, նոր դեմքը ի հայտ գալու ո՛չ մոտիվացիա ունի, ո՛չ դրա հասարակական պահանջը կա, ոչ էլ կան նոր դեմքի ի հայտ գալու նոր մեխանիզմներ ու պայմաններ: Եվ այս տեսակետից լրիվ համաձայն եմ, որ հասարակական-քաղաքական գործընթացների մեջ կա հասարակության մեջ լիակատար անվստահություն: Բայց այդ անվստահությունը, անշուշտ, ունի օբյեկտիվ հիմքեր: Եվ այնպես չէ, որ հասարակության մեջ անվստահությունը որևէ քաղաքական ուժի նկատմամբ է, կամ միայն իշխանության նկատմամբ: Անվստահություն կա նաև ընդդիմության նկատմամբ ու ես դա արձանագրում եմ ցավով` որպես ընդդիմության դաշտում գործող քաղաքական կուսակցության անդամ: Այս անվստահությունը հաղթահարելը երկրում ինչ-որ ցուցանիշներ փոխելը, ինչ-որ նորություն մտցնելը բավականին հեշտ է, եթե դա տեխնոլոգիական պրոցես է, և շատ բարդ, երբ դա վերաբերում է քաղաքական գործընթացներին: Բայց դա շատ կարևոր է: Հիմա վերադառնալով Ձեր հարցադրմանը. ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի նորություն չի կարող հայտնվել, եթե չկա դրա հիմքը: Հիմա. սահմանադրական փոփոխությունները, անշուշտ, այն կախարդական փայտիկը չեն, որով երկրում բոլոր խնդիրները լուծվելու են, բայց դրանք նոր քաղաքական դաշտ են բացում նոր գաղափարների, ծրագրերի ու մոտեցումների համար: Եվ այս տրամաբանության մեջ է, որ նոր խաղի կանոններով` նոր մարդկանց հայտնվելու հավանականություն կա: Ես չեմ պնդում, որ դա, անպայման, պետք է լինի, որովհետև մի բան է նախադրյալը, մի բան` իրողությունը: Օրենք գրելուց հեշտ բան չկա, անկախ նրանից` Սահմանադրությո՞ւն է, թե պարզ մի օրենք, բարդությունը կայանում է այն կյանքի կոչելու մեջ: Բայց եթե մենք որպես քաղաքական գործիչներ, որպես լրագրողներ, հասարակություն, մտածում ենք, որ այդ օրենքը պետք է իրականացնի չգիտես ով, մենք ոչ մի բանի էլ չենք հասնի: Եվ այդ իրականացման անշուշտ, ամենամեծ դերակատարն իշխանությունն է: Բայց հասարակությունն ինքն էլ լավ պետք է հասկանա, որ այդ օրենքը իշխանության համար չէ, որ անի, չանի, կամ լավ ու վատ անի: Ինքը պետք է այդ օրենքին նույնքան պաշտպան լինի, որքան ինքը պահանջում է, որ որևէ իշխանավոր այդ օրենքը հարգի կամ կարևորի: Մյուս խնդիրը,որ նշեցիք` այն է, թե արդյո՞ք սահմանդարական փոփոխություններն այդ բեկումնային իրադարձությունը պետք է լինեն մեր հասարակության մեջ, որ բոլորի մեջ ինչ-որ փոփոխությունների հույսեր արթնանան:

– Այո» քարոզողները այդպես են մատուցում:

-Նախ, ասեմ, որ քարոզողների տարբերություններ կան: Բոլորը չէ, որ «այո»-ն քարոզում են այնպես, ինչպես այդ «այո»-ի տրամաբանությունն է: Ես չեմ ասում Դաշնակցության «Վճռական այո»-ի մասին, չեմ առանձնացնում որևէ քաղաքական ուժի: Ես խոսում եմ անձի մակարդակով. Մի բան է, երբ մարդն իր համոզմունքներով է ինչ–որ բան քարոզում, մեկ այլ բան, երբ անում է ընդհանուր քարոզարշավի տրամաբանության մեջ: Մի բան է, երբ մարդն ասում է «ոչ»` ելնելով իր գաղափարներից, ծրագրերից ու մոտեցումներից, և մեկ այլ բան, երբ ասում է «ոչ», որովհետև չի սիրում նրանց, ովքեր ասում են`«այո»: Էլեոնորա Ռուզվելտը մի շատ լավ արտահայտություն ունի, երբ մոտավորապես հետևյալն է ասում, որ խելացի մարդիկ քննարկում են գաղափարներ, միջակությունները` իրադարձություններ, հիմարները կամ սահմանափակները` անձանց: Ուզում եմ ասել` անկախ նրանցից` «այո» են ասում, թե ոչ, խելացի մարդիկ այսօր քննարկում են Սահմանադրությունը` բովանդակությունը, լավ ու վատ կողմերը, գաղափարները: Նորից եմ կրկնում`այո՞ են ասում, թե՞ ոչ, որովհետև «ոչ» ասողների մեջ կան գաղափարական մարդիկ: Կան, անշուշտ, մարդիկ, որոնք Սահմանադրությունը քննարկում են իրադարձությունների ու անձերի տեսակետից: Եվ այդ մարդիկ դեմագոգիայով են զբաղված, ասում են` «ոչ» ենք ասում այս Սահմանադրությանը, որովհետև այն նախաձեռնողներին չենք սիրում: Եվ ամենահեշտն է ասել` ես էս մարդուն չեմ սիրում ու եթե էս մարդը ինչ-որ մի հատ լավ բան էլ անում է, ես դրան դեմ եմ: Սա, հազար ներողություն, մանկապարտեզային մակարդակ է: Եվ եթե սա ներելի է մանկապարտեզում ու միջանձնային հարաբերություններում, ներելի չէ քաղաքականության մեջ: Եվ եթե մարդիկ անկեղծորեն հավատացած լինեն դրան, էլ կհարգեմ այդ մարդկանց կարծիքը, բայց առիթ ունեցել եմ շատերի հետ խոսելու ու շատերն էլ խոստովանում են, որ էդ փաստարկներին իրենք էլ չեն հավատում, որ իրենց «ոչ»-ի պատճառը դա է: Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական ուժեր այս քարոզարշավն օգտագործում են որպես 2017թ. ընտրությունների նախապատրաստական փուլ: Սա էլ է տրամաբանական, որ քաղաքական ուժերն օգտագործում են բոլոր գործիքները` այլ ասելիք չունենալով, կամ հասարակությանը դուր գալու այլ բառամթերք չունենալով: Եվ եթե ուշադրություն դարձնեք, քարոզարշավի ընթացքում շեշտվում են թեմաներ, որոնք ոչ մի կապ չունեն սահմանադրական փոփոխությունների հետ: Հասկանում ես, որ մարդը քաղաքականությամբ է զբաղվում, քաղաքական գործիչ է:

– ՀՅԴ-ի ներկայացուցիչները խոսում են մեկ այլ հիմնավորման մասին, որ անկախ նրանից, որ մենք կողմ ենք ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, եթե երկրում լիներ կոլեկտիվ կառավարման մոդել, ապա Սերժ Սարգսյանի վրա 2013-ի սեպտեմբերի 3-ին ճնշում չէր լինի, բայց ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ինչ-ինչ ճնշումների բերումով «այո» ասաց, կոլեկտիվն էլ` ԱԺ-ն այն վավերացրեց:

-Ամբողջ խնդիրն այն է, որ երբ մենք ներկայացնում ենք մի փաստարկ, այդ փաստարկի ամբողջական տրամաբանությունը կամ պետք է հաստատվի, կամ հակադարձվի: Երբ մենք ասում ենք, որ կառավարման մոդելը ի թիվ այլ հանգամանքների, էապես քչացնում է մեր վրա արտաքին ազդեցությունների հնարավորությունն ու հավանականությունը, մենք ասում ենք, որ դա տեղաբաշխվում է ոչ թե մեկ անձի վրա, այլ ողջ համակարգի վրա: Տեսեք` եթե մեկ մարդ է, մի մարդ է որոշում քաղաքական գործընթացները` կառուցելով մեկ քաղաքական համակարգի` կիսանախագահականի վրա, խոցելի է դառնում ոչ միայն այն մարդը, որը պետք է որոշումներ կայացնի, այլ ողջ քաղաքական համակարգը: Խնդիրն այն է, որ երբ դու ճնշման ազդեցությունը փոքրացնում ես մեկի վրա, եթե նրա փոխարեն մեկ ուրիշն է լինում, նրա վրա է այն փոխադրվում: Մեր ասածն այն է, որ այդ ճնշում կոչվածը, որը օբյեկտիվ երևույթ է, որը մենք չենք կարող վերացնել, կոլեկտիվ ղեկավարման պարագայում արդեն թուլանում է: Եվ հետո մենք շատ ժամանակ ի՞նչ մոտեցումներով ենք առաջնորդվում. մենք մտածում ենք` Սահմանադրությունը փոխվում է, բայց նախագահը մնում է նախագահ, վարչապետը ` վարչապետ, պատգամավորը` պատգամավոր: Բայց խնդիրն այն է, որ եթե այս փոփոխություններն ընդունվում են, Ազգային ժողովի ամբողջ պատկերն է փոխվում, այդ թվում` Ձեր նշած հանգամանքների առումով: Այնպես չէ, որ երևույթները մնալու են նույնը, խորհրդարանի իրավասությունների բարձրացման խնդիր կառաջանա, քաղաքական ուժերի ինքնադրսևորման հնարավորություն կառաջանա: Ի վերջո, կապ չունի` ԱԺ-ն կվավերացնի՞, թե ոչ, ինձ համար ավելի կարևոր է, որ վավերացնել-չվավերացնելու որոշման կայացման մեխանիզմ ինչպիսին է: Ու Սահմանադրությունը չի բացառելու այդ արտաքին ճնշումը, Սահմանադրությունը երաշխավորելու է ցանկացած ճնշմանը ադեկվատ պատասխան տալու հնարավորություն:

Վերադառնալով նրան, ինչ ասացի արդեն. Եթե դեկտեմբեր 6-ին «այո»-ի քարոզարշավն ավարտվեց, նոր Սահմանադրությունն ընդունվեց ու դրանից հետո եթե մարդիկ շարունակելու են կաշառք վերցնել ու ընտրություն կատարել, նույն ձևով ու մտայնությամբ ԱԺ ձևավորել, հավատացնում եմ` շատ բան հնարավոր չի լինելու փոխել: Այո՛, օրենքներ կլինեն, բայց այդ օրենքի գրողը` պատգամավորը եթե նույն որակն ունենա, երկրում շատ բան չի փոխվելու: Այսինքն` էլի ասում եմ` սահմանադրական փոփոխությունները այն կախարդական փայտիկը չեն, որ բոլոր խնդիրները լուծեն, այն սակայն, տալու է հնարավորություն խնդիրը լավ լուծելու: Առանց խորամուխ լինելու ինչ-ինչ իրավաբանական վերլուծությունների մեջ, վիճակն այսպիսին է. բոլորն ասում են` վիճակը վատ է բոլոր առումներով: Հիմա. եթե կա հնարավորություն այդ խնդիրը լուծելու` մեծ խելքի արտահայտություն չէ «ոչ» ասելը, որովհետև դա նշանակում է, որ մնալու է նույնը: Բառախաղ չեմ անում` եթե նորը չես ընդունում, մնալու է հինը, որից դժգոհ ես: Է, լավ, եթե ինչ-որ լավ բան անելու էիր, անեիր հնում: Եթե չես անում, նորն էլ չես ընդունում… Այսինքն` ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն, նրանք պիտի ընդունեն, որ հանդես են գալիս ներկա համակարգի պաշտպանի դերում, որովհետև եթե նորը չլինի, ինչ-որ երրորդ բան չի լինելու, հինն է լինելու:

-Նաև «ոչ» -ի կողմնակիցներից մեկից նման հարցադրում հնչեց, որ ժողովրդին զրկում են սկսած նախագահական ընտրություններին ընտրակաշառք վերցնելու հնարավորությունից, այնպես էլ նախագահական ընտրություններին իրենց ներսում կուտակածը արտահայտելու հնարավորությունից:

-Մարդիկ, որ նման հանգամանքներ են առաջ բերում, չեն գիտակցում, որ ակամա խոստովանում են մի բան, որ քաղաքական բանավեճ չլինելու պարագայում շատ հեշտ է ողջ քաղաքական գործընթացը վերածել մեկ մարդու ընդունել–չընդունելու: Այո՛, ճիշտ է, որ ՀՀ-ում բոլոր ընտրություններում հասարակական ամենամեծ հետաքրքրությունն ու քաղաքական ակտիվությունը եղել է նախագահական ընտրությունների նկատմամբ, որովհետև եղել է ռուսերեն ասած` «ստենկա նա ստենկու», եղել է « լավի ու վատի», «սևի ու սպիտակի« ընտրություն: Ու շատ հեշտ է եղել այդ ընտրությունների ժամանակ գույների, քաղաքական ծրագրերի բազմազանությունը մի կողմ թողնել, մեկին ասել`«պուպուշ», մեկին ասել`«քըխ», հասարակությանը տրամադրել է այդ առումով: Եվ շատ ժամանակ նախագահական ընտրություններին` գործող նախագահին հիմնական մրցակցին մարդիկ ձայներ են տվել ոչ թե նրա համար, որ նրա ծրագրերն են ընդունել, այլ գործողին են դեմ եղել: Այսինքն` մենք ինքներս հասարակությանն անընդհատ մղում ենք նրան, որ ինքը ոչ թե ծրագրերի ու գաղափարների ընտրություն կատարի, այլ անձերի: Եվ հետո էլ զարմանում ենք։

Վերադառնալով Ձեր առաջին հարցադրմանը, որ մարդիկ քաղաքական ուժերին չեն հավատում: Դու, քաղաքական ուժ, ամեն ինչ անում ես, որ ընտրություններից դուրս մղվի քաղաքական բաղադրիչը, մնա անձը, հետո էլ բողոքում ես, որ անձերի ընտրություն է կատարվում, քաղաքական ընտրություն չի կատարվում: Էստեղ հավի ու ձվի պատմությունն է, մեկը մյուսի պատճառն ու հետևանքն են: Այսինքն` երբ մենք հասարակությանն ասում ենք`արի, դու մի հետաքրքրվիր ով ինչ ծրագիր ունի, լավի ու վատի ընտրություն կատարի, վերջում էլ բնական է իրողությունը, որ հասարակությունն էլ կասի` ձեր ծրագրերն էլ չեն հետաքրքրում, ուզում եք ձայն`փող տվեք: Եվ, հետևաբար, սրանում մեղավոր են բոլոր ուժերը հավասարաչափ` ընդդիմության ու իշխանության բոլոր ուժերը, որ քաղաքական ուժ լինելով` պրոցեսները տանում են ոչ քաղաքական հարթության մեջ և վերջում ունենում են այն, ինչ ունենում են: Ու չգիտես ով է սրա համար մեղավոր, որովհետև հասարակությունն էլ մեղավոր չէ:

tert.am

Տպել Տպել