Պետք չէ մարդկանց թևաթափ անել

ՀՅԴ-ականները Վարդենիկում են

FotorCreatedՍահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն մոտ 50 հանդիպում է ունեցել ՀՀ տարբեր մարզերի 5000-ից ավելի ընտրողների հետ: ՀՅԴ-ականներն այսօր եղան հանրապետության ամենամեծ գյուղում` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երկրում չկա մի մարդ, ով փոփոխություն չի ուզում:

«Մարդիկ մտածում են, որ Սերժ Սարգսյանը չլինի` մեկ ուրիշը լինի, ավելի լավ կլինի, սակայն այս կերպ մտածելն է մեր ամենամեծ խնդիրը: Մենք մինչև չհասկանանք, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ անձերով է պայմանավորված` ուրիշ տեղ չենք գնա»,- ասաց նա և հավելեց, որ իր համար ակնհայտ է, որ նոր սահմանադրությունը 10 անգամ ավելի լավն է գործող սահմանադրությունից:

«Նոր սահմանադրությունը բազմաթիվ լծակներ է տալիս ընդդիմությանը, վերանում է մեծամասնական ընտրակարգը, նվազում է որևէ քաղաքական ուժի` մեծամասնություն լինելու հնարավորությունը, այսինքն ստիպված են լինելու հաշվի նստել մյուսների կարծիքի հետ: Մենք պետք է դուրս գանք այս վիճակից, պետք չէ մարդկանց թևաթափ անել, ասել, որ նրանցից ոչինչ կախված չէ, մեր խնդիրը մարդկանց մոտ վստահություն ներշնչելն է»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Նավթ չենք հայտնաբերելու, բայց ելք ենք ունենալու` ձերբազատվել արատավոր համակարգից

FotorCreated
«Մենք բաց ճակատով, ձեր աչքերի մեջ նայելով ասում ենք, որ սահմանադրական փոփոխությունները մեր համոզմունքն են. սա ելք է, հնարավորություն ներկա վիճակից դուրս գալու համար»,-այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում` Սևան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Դաշնակցությունն ասում է, որ փոփոխությունները պետք է լինեն համակարգային, խորքային, մինչև մեխանիզմները չաշխատեն` ոչինչ չի փոխվի: Մենք ոչ մեկին չենք ասում գնա`«այո» ասա. եթե կարծում եք, որ դժգոհելով, հայհոյելով բան կփոխվի, սխալվում եք: Մենք ասում ենք, որ ձեզնից շատ բան է կախված: Նոր սահամանադրությունը հնարավորություն է տալիս, որպեսզի պետությունը շնչի, որպեսզի մարդկանց մոտ հույս արթնանա»,-ասաց նա:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ փոփոխությունները հաջորդ օրը չէ, որ զգացնել կտան: «Դեկտեմբերի 7 ին Հայաստանի ընդերքեւմ նավթ ու գազ չի հայտնաբերվելու, այլ ձերբազատվելու ենք այն արատավոր համակարգից, որ ունենք: Մենք բոլորս հոգնել ենք այս վիճակից, բայց համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը հնարավորություն է տալիս ճիշտ ընթացք ապահովելու»,- ասաց նա: Արսեն Համբարձումյանի խոսքով` առաջին հայացքից մեր խնդիրները սահմանադրության հետ կապ չունեն, սակայն իրականում խորքային պատճառները թաքնված են հենց սահմանադրության մեջ:

Տպել Տպել