Նախագահը հասկացավ՝ այսպես շարունակելը վտանգավոր է

ՀՅԴ-ականները հանդիպեցին կողբեցիների հետ

FotorCreatedՍահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ականները հանդիպում ունեցան Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչների հետ:

ՀՅԴ-ական, Իջևանի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը կողբեցիների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց խորհրդարանական կառավարման մոդելի դրական կողմերը, բերեց մի շարք երկրների օրինակներ, որոնք, ըստ նրա, երկրի կառավարումը կայունացման ու կառուցողական ճանապարհով են տանում, քանի որ առաջնորդվում են խորհրդարանական կառավարման համակարգով: Ալեքսանյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծն անձնակենտրոն կառավարման համակարգին դեմ է, և կուսակցությունները հնարավորություն ունեն կայանալ ու ծրագիր ներկայացնել, որը կարող է ժողովրդի խնդիրների լուծմանն ուղղվել: ՀՅԴ-ականը նշեց նաև, որ բարեփոխված Սահմանադրության մեջ տեղ գտած հոդվածները լոկ թղթի վրա գրված կանոններ չեն. գործադրման մեխանիզմներ կան, ինչը շատ կարևոր է: Ալեքսանյանը հիշեց նաև սահմանադրագետ Վլադիմիր Նազարյանի պնդումները, համաձայն որոնց, երկրի կառավարման ամենաարդյունավետ մեխանիզմը խորհրդարանականն է:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, ՀՅԴ ներկայացուցիչ Մարատ Գրիգորյանն իր ելույթում բնակիչներին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու անհրաժեշտությունը: «Որքան էլ ընդդիմությունն ակտիվ լիներ, իշխանափոխության տարբեր փորձեր գործադրեր, միևնույն է, հաջողության չէին հասնի: Փոխվում էին միայն քաղաքական անհատները, բայց քաղաքական ուժը մնացել է նույնը: Փոփոխությունների գնալու միակ ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են: Եթե երկրում տեղի չունենան սահմանադրական բարեփոխումներ, դրանից հաստատ քաղաքական իշխող կուսակցությունը չի տուժի: Պետք է գիտակցենք, որ Սահմանդրության փոփոխումը հնարավորություն է տալիս գնալ իշխանափոխության առանց արյուհեղության: Նախագահը մի հատ խիստ ելույթ ունեցավ, ԲՀԿ-ն փլուզվեց: Գործող Սահմանադրությամբ՝մեկ մարդուց շատ բան է կախված և հանրապետության գործող նախագահը հասկացավ, որ այսպես շարունակելը վտանգավոր է»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով. «Գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իշխանություններին վերարտադրման, իսկ խորհրդարանական կառավարման դեպքում չի լինի նման բան: Ընդդիմությունը լայն լիազորություններ է ստանում: Հիմա հա թող խոսի Փոստանջյանը, իսկ նորով այդպես չի լինի: Դատական համակարգն է փոխվում, ինչը շատ կարևոր կետ է»: ՀՅԴ-ականը նշեց, որ նախագահին լայն լիազորություններով օժտելը հանգեցնում է նաև դրսից եկող լուրջ ճնշումների: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը որպես օրինակ ներկայացնելով՝ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նախագահի վրա ճնշում գործադրելու հետևանք էր դա, և կարող է ունենալ շարունակություն, եթե մնա նույն կառավարման մոդելը: ՀՅԴ ներկայացուցչի բնորոշմամբ՝ խորհրդարանական կառավարման դեպքում այդպես չի լինի, քանի որ ցանկացած որոշում պետք է խորհրդարանի համաձայնությամբ կյանքի կոչվի, ոչ թե մեկ անհատի որոշմամբ ու գործունեությամբ:

Մեկ այլ ՀՅԴ-ական, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հանդես եկավ կարևոր նկատառումով: Նա բնակիչներին բացատրեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ մուտք գործելուն հաջորդած այն խոսակցությունները, թե Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում պետք է գործի մեկ միասնական արժույթ, նոր Սահմանադրության նախագծում ունեն սպառիչ պատասխան: Պարսյանը նշեց, որ մեկ միասնական արժույթին անցում կատարելը հնարավոր կլինի միայն հանրաքվեի միջոցով, ոչ թե մեկ օրում` մեկ անհատի որոշման հետևանքով:

Տպել Տպել