Նոր Սահմանադրությամբ` ընդդիմությունն ունենում է լուրջ դերակատարում

FotorCreatedՍահմանադրական բարեփոխումները կարևոր են, քանի որ առաջին հերթին փոխվելու է երկրի կառավարման մոդելը, ինչը շատ կարևոր է այս պահին մեզ համար. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ քարոզարշավի ընթացքում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը:

Ըստ նրա` աշխարհում երկրների մեծ մասում հենց պառլամենտական համակարգն է գործում` Ճապոնիա, Հոլանդիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, և սրանք այն երկրներն են, որոնք բավական զարգացած են:

Այսօր հասարակության մեջ հիմնական վեճը այն բանի հետ է կապված, թե արդյո՞ք անհրաժեշտ է, որ մենք սահմանադրական բարեփոխումներ իրականացնենք: Հիմա, ըստ Լոքյանի, ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև նման փոփոխություն պետք է վաղուց արվեր:

«ՀՅԴ-ն, երկար ժամանակ լինելով Հայաստանից վտարված և ամբողջ աշխարհում ունենալով իր կառույցները, տարիների ընթացքում հանգել է այն եզրակացությանը, որ մեր կառավարման ձևը պետք է լինի խորհրդարանական: Մենք շուրջ 3 տարի է, ինչ այս հարցով ակտիվ աշխատում ենք: 2005-ի սահմանադրական փոփոխություններից հետո որոշ լիազորություններ հանրապետության նախագահից անցան կառավարությանը, բայց լիազորությունների այնպիսի ծավալ մնաց նախագահին, որ աստիճանաբար ցանկացած մարդու կարող է տանել շատ լուրջ դիրքերի, և նա հանրապետության բոլոր հարցերը կարող է լուծել միանձնյա»,- ասաց Լոքյանը:

Ըստ նրա` խուսափել սրանից կարելի է միայն մեկ ձևով` փոխելով կառավարման ձևը, այլ ոչ թե մտածել, թե հաջորդ ընտրությունների ժամանակ կընտրվի այնպիսի մեկը, ով իր լիազորությունները կբաշխի և կդառնա բարի մարդ: Նման բան, Լոքյանի կարծիքով, բացառվում է, քանի որ իշխանությունն այնպիսի հնարավորություն, ձև է, որից շատ քչերն են կարողանում հրաժարվել: «Պատճառն այն է, որ նախագահը խորհրդարանում ունի մեծամասնություն, նա է ձևավորում կառավարություն, արդարադատության խորհուրդ, այսինքն` մեկ մարդը կարողանում է ամբողջապես երկիրը կառավարել իր հնարավորությունների սահմաններում: Իսկ երբ նայում ես քաղաքական կուսակցության արդյունավետությանը նման իրավիճակում, հասկանում ես, որ մեր հնարավորությունները շատ փոքր են, և դա չի կարող արդյունավետ լինել ժողովրդի, պետության ընդհանուր հզորությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Ներկայիս կառավարման մոդելում, ըստ Լոքյանի, ընտրվում է մեկ կուսակցությունից նախագահ, իսկ մնացածները դառնում են ընդդիմություն և 5 տարի պայքարում իշխանության դեմ` ընդդիմության հիմնական ֆունկցիաներն այդպես էլ չիրականացնելով: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելում, ընդդիմությունն ունենում է լուրջ դերակատարում և, որպես պետական կառավարման շատ գործոններ ունեցող մարմին, ազդում է այս կամ այն պրոցեսի վրա:

Սահմանադրական բարեփոխումների հաջորդ դրական փոփոխությունը, ըստ Լոքյանի, այն է, որ մեծանում է հաշվետվողականությունը: «Այժմ մենք ընտրում ենք նախագահ, որը 5 տարի հաշվետու չի իր ժողովրդի առջև, և նա միայն հաշվետվություն է ներկայացնում, եթե հաջորդ անգամ պետք է մասնակցի ընտրություններին: Իսկ խորհրդարանական կառավարման դեպքում յուրաքանչյուր տարի վարչապետը պետք է հաշվետվությամբ հանդես գա»,- ասաց նա:

ԱԺ-ի դերակատարության բարձրացումը, Լոքյանի կարծիքով, հանգեցնում է նրան, որ, յուրաքանչյուր նախարարի հետ կապված, խորհրդարանը հարց կարող է բարձրացնել և վարչապետին ներկայացնել նրան աշխատանքից ազատելու խնդիրը: Բացի այդ` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ԱԺ-ն կարող է վարչապետի հրաժարականը պահանջել` առաջարկելով վարչապետի նոր թեկնածու: Այսինքն, ըստ Լոքյանի, պետության ներսում բոլոր քաղաքական ուժերը, որոնք թեկուզ 5 տոկոս են հավաքել, կառավարման միասնական գործառույթ են ունենում:

«Դատախազ, Վերահսկիչ պալատի նախագահ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և այլ բարձր պաշտոններ, որոնք առանցքային են երկրի համար, միայն կարող են ԱԺ-ում ընտրվել` ձայների 60 տոկոսով: Առանց ընդդիմության մասնակցության` այդ պաշտոնների նշանակման հարցը չի լուծվում, այսինքն` երկրի մեջ ձևավորվում է համաձայնության դաշտ: Ոչ մի քաղաքական կուսակցություն սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ խորհրդարանական համակարգ է մտնում և համամասնական ընտրակարգով է ընտրությունը տեղի ունենում, չի կարող 50 և ավելի ձայն հավաքել»,- ասաց Լոքյանը:

Ըստ նրա` ընդդիմադիրների որոշակի շրջանակ ապրիորի ներկայացնում է, թե պառլամենտական կառավարման ժամանակ պատերազմող կամ կիսապատերազմող երկրում հնարավոր է օպերատիվ գործողությունները դժվար իրականացվեն: Նրանք, Լոքյանի համոզմամբ, մտածում են` եթե չկա նախագահ, այլ` վարչապետ, որին թեև տրված են բոլոր լիազորությունները, ինչ ուներ նախագահը պաշտպանության հարցերում, բայց, այնուամենայնիվ, մեր երկիրը կարող է իր պաշտպանունականությունը կորցնել:

«Սրանք ուղղակի խոսքեր են, որոնք ուղղված են հասարակությանը, որպեսզի մարդիկ անհանգիստ լինեն, որպեսզի հասարակությունը փորձի թագավորներ փնտրել, որ իրեն պաշտպանեն և վիճակը լավացնեն: Այդպես չէ, քանի որ նոր Սահմանադրության հիմքում դրված է Գերմանիայի մոդելը, իսկ նա ունի լավագույն պաշտպանական և տնտեսական համակարգը: Խորհրդարանական կառավարում ունի Իսրայելը, երկիր, որը շրջապատված է թշնամիներով և կարողանում է 50 և ավելի տարիներ շատ ակտիվ պատերազմական գործողություններ մղել»,- ասաց Լոքյանը:

Տպել Տպել