«Ոչ»-ը դժգոհություն էր առ իշխանություն

ռեստԱյսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել:

Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել:

«Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է, և ունենք նոր Սահմանադրություն: Իհարկե հանրաքվեն տվել է նաև այնպիսի արդյունքներ, որ շատ լուրջ ուսումնասիրության կարիք կա. այն պատկառելի քանակը, որը «ոչ»ն է արձանագրել, խորհելու, մտորելու տեղիք է տալիս, և դա համահունչ է այն մտահոգությանը, որը մենք ունեցել ենք քարոզարշավի ընթացքում: Մեր խորին համոզմամբ` «ոչ»-ը դժգոհության դրսևորում է առ իշխանությունները, «ոչ»-ը իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ է «ոչ»: Իսկ «այո»-ն սահմանադրական փոփոխություններին ուղղված «այո» է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ իրենց ներկայացուցիչների միջոցով հետևել են հանրաքվեի ընթացքին, իրենք էլ ստացել են ահազանգեր, և շատ տեղերում ՀՅԴ ներկայացուցիչների միջոցով կանխվել են նման դեպքերը: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա, ըստ Ռուստամյանի, քանի դեռ դրանք ստուգված չեն, ուրեմն միակողմանի են: Ըստ նրա` ուժերը, որոնք խոսում են համատարած խախտումների մասին, մինչև հանրաքվեի օրն էլ հայտարարում էին, թե հանրաքվեն կեղծիքներով է անցնելու:

«Մենք ինքներս էլ գիտենք, թե ինչպիսի ընտրական համակարգ ունենք: Այն հանրաքվեն, որն անցկացվել է դեկտեմբերի 6-ին, անցկացվել է հին ընտրական համակարգում` բոլոր այն թերություններով, որոնք կան այդ ընտրական համակարգում: Այդ ընտրական թերություններն արձանագրվելու են միշտ, եթե մենք չփոխենք հին համակարգը: Մեր համոզմամբ՝ դրա համար լավագույն հիմքը ստեղծում են հենց այս սահմանադրական փոփոխությունները, դրանք հնարավորություն կտան համապատասխանեցնելու ընտրական համակարգն այն չափանիշներին, որ կարողանանք վստահելի ընտրություններ ու հանրաքվե ունենալ: Արդյունքների նկատմամբ անվստահությունը գալիս է ընտրական համակարգի նկատմամբ եղած անվստահությունից, որը կուտակվել է տարիների ընթացքում, և որևէ մեկը, որն ունի անվստահություն, չի պատրաստվում իր տեսակետը փոխել, մանավանդ` այդ արդյունքներն իրեն ձեռնտու չեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել