Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել:
Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել:
«Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է, և ունենք նոր Սահմանադրություն: Իհարկե հանրաքվեն տվել է նաև այնպիսի արդյունքներ, որ շատ լուրջ ուսումնասիրության կարիք կա. այն պատկառելի քանակը, որը «ոչ»ն է արձանագրել, խորհելու, մտորելու տեղիք է տալիս, և դա համահունչ է այն մտահոգությանը, որը մենք ունեցել ենք քարոզարշավի ընթացքում: Մեր խորին համոզմամբ` «ոչ»-ը դժգոհության դրսևորում է առ իշխանությունները, «ոչ»-ը իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ է «ոչ»: Իսկ «այո»-ն սահմանադրական փոփոխություններին ուղղված «այո» է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա հավելեց, որ իրենց ներկայացուցիչների միջոցով հետևել են հանրաքվեի ընթացքին, իրենք էլ ստացել են ահազանգեր, և շատ տեղերում ՀՅԴ ներկայացուցիչների միջոցով կանխվել են նման դեպքերը: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա, ըստ Ռուստամյանի, քանի դեռ դրանք ստուգված չեն, ուրեմն միակողմանի են: Ըստ նրա` ուժերը, որոնք խոսում են համատարած խախտումների մասին, մինչև հանրաքվեի օրն էլ հայտարարում էին, թե հանրաքվեն կեղծիքներով է անցնելու:
«Մենք ինքներս էլ գիտենք, թե ինչպիսի ընտրական համակարգ ունենք: Այն հանրաքվեն, որն անցկացվել է դեկտեմբերի 6-ին, անցկացվել է հին ընտրական համակարգում` բոլոր այն թերություններով, որոնք կան այդ ընտրական համակարգում: Այդ ընտրական թերություններն արձանագրվելու են միշտ, եթե մենք չփոխենք հին համակարգը: Մեր համոզմամբ՝ դրա համար լավագույն հիմքը ստեղծում են հենց այս սահմանադրական փոփոխությունները, դրանք հնարավորություն կտան համապատասխանեցնելու ընտրական համակարգն այն չափանիշներին, որ կարողանանք վստահելի ընտրություններ ու հանրաքվե ունենալ: Արդյունքների նկատմամբ անվստահությունը գալիս է ընտրական համակարգի նկատմամբ եղած անվստահությունից, որը կուտակվել է տարիների ընթացքում, և որևէ մեկը, որն ունի անվստահություն, չի պատրաստվում իր տեսակետը փոխել, մանավանդ` այդ արդյունքներն իրեն ձեռնտու չեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: