Աշխատանքն է, որ արդյունք է տալու

FotorCreatedԱյսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ հայտնեց, որ այսօր նշելու են Դաշնակցության 125-ամյակը. պետք է գնահատվի արվածն ու չարվածը, պետք է ամփոփվի վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական կյանքում կուսակցության գործունեությունը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին` Վարդանյանն ընդգծեց, որ նախնական տեսակետներ իրենք արդեն հնչեցրել են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին ուղղված մեղադրանքներին, նա նշեց, որ ինչ էլ լինի, որոշ քաղաքական ուժերի համար միակ թիրախը շարունակում է մնալ Դաշնակցությունը:

«Դաշնակցությունը հանրաքվեին մասնակցել է բոլորի նման, հանձնաժողովի ութ անդամներից մեկն է եղել դաշնակցական: Մենք ևս ստացել ենք ահազանգեր, շատ տեղերում հենց մեր հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք են կարողացել պահել օրինականությունը: Չեմ բացառում, որ եղել են տեղեր, որտեղ կեղծիքներ են եղել. գյուղ չկա, որ շուն չլինի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր ամբողջ ընտրական համակարգը, ցավոք, այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական ուժերի միավորման հետընտրական շրջանում ամրագրել ու փաստարկված ձևով ապացուցել խախտումների այն ծավալը, որն իսկապես կարող է հարցականի տակ դնել ցանկացած ընտրություն կամ հանրաքվե: Որ ընտրակեղծիքներ ու ընտրախախտումներ եղել են, ակնհայտ է, որ մենք այլ աշխարհում ենք ապրում, որտեղ հաղորդակցության միջոցները, համացանցը շատ անմիջականորեն այս ամենին արձագանքում են, դա ևս ակնհայտ է: Բայց պետք է դատենք փաստերով»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հանրաքվեի մասին օրենքն ասում է, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե մասնակիցներից կեսից ավելին «այո» է քվեարկել: Ներկայումս ունենք բողոքարկված վերահաշվարկի ենթակա մոտ 80 ընտրատեղամաս: Եվ եթե նույնիսկ տեսականորեն, համարենք, որ այս 80 տեղամասերից յուրաքանչյուրում 500 ձայն է կեղծվել, կունենանք 40 հազար ձայն, ստացվում է 440 հազար «ոչ», և 800 հազար «այո»-ից հանենք այդ թիվը, կտեսնենք, որ վերջնական արդյունքը չի փոխվում:

Ըստ Աղվան Վարդանյանի` դա չի նշանակում, թե խախտումների ծավալը հենց այդքան է եղել, բայց դա նշանակում է, որ, ցավոք, Հայաստանի ընտրական համակարգը թույլ չի տալիս ընտրախախտումների ողջ ծավալն ապացուցել և փաստարկել այնպես, որ դա ազդի արդյունքների վրա:

«Մենք կսպասենք բողոքարկման վերջնական արդյունքներին, և եթե անհրաժեշտ լինի, կմտածենք` մեկ անգամ ևս ամփոփել հանրաքվեի արդյունքները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ փաստացի իրողությունն է ստիպում ասել, որ հանրաքվեն կայացած է:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ գրգռված ու չփաստարկված հայտարարությունները կլինեն, իհարկե, և հնարավոր չէ խուսափել դրանցից, բայց պետք է նաև այնքան հաստատակամ ու խոհեմ լինել, որ կարողանալ դաս քաղել, այլ ոչ թե անընդհատ նույն փոցխի վրա սայթաքել: Այդ առումով` Դաշնակցությունը շատ է կարևորում ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Եվ եթե նախագահը հայտարարեց, որ պատրաստ են թափանցիկությունն ու վստահելիությունը մեծացնող ցանկացած մեխանիզմ քննարկել, ուրեմն պետք է բռնել այդ խոսքից ու նոր ընտրական օրենսգիրք ընդունել: Պետք է ցանկագրել մինչ այժմ հայտնի բոլոր ընտրախախտումները և, մեկ առ մեկ քննարկելով, պրոֆեսիոնալների մասնակցությամբ, փորձել գտնել յուրաքանյուր դեպքի համար լուծում:

«Ես իդեալիստ չեմ և չեմ համարում, որ մեր հաջորդ ընտրությունները իդեալական են լինելու, բայց հնարավոր է էապես նվազեցնել ընտրախախտումների մեխանիզմները, և քաղաքական ուժերը դրանում մեծ անելիք ունեն: Ես, օրինակ, պատրաստվում եմ հանդիպել բոլոր այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք հիմնականում «Ոչ»-ի ճամբարից են և աշխատում էին այդ ուղղությամբ: Մենք աշխատելու կողմնակիցն ենք և առաջիկա ամիսներին շատ աշխատանք ունենք անելու: Եվ աշխատանքն է, որ արդյունք է տալու, իսկ հայհոյելը, չարությունն ու թշնամանքը արդյունք չեն տալիս»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ճեպազրույցի ժամանակ, Աղվան Վարդանյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից լարվածության սրումը նորություն չէ, և յուրաքանչյուր՝ Հայաստանի ներքին զարգացումներին վերաբերող իրադարձությունների առիթով և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման շեմին սահմանային լարվածությունը մեծանում է:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանի խնդիրը մեկն է՝ ապացուցել, որ ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծում ունի, այդ դեպքում Հայաստանի խնդիրը մեկն է՝ շատ ավելի կտրուկ արձագանքով պարտադրել պահպանել խաղաղությունը:

Թե որքանո՞վ է դա համահունչ նաև խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուժային կենտրոնների շահերին, դա էլ, ըստ Վարդանյանի, խնդիր է` գումարած տարածաշրջանային խնդիրները, Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ու վարչապետի այցերը Ադրբեջան և նրանց հայտարարությունները:

«Մենք այլ ճանապարհ չունենք, մենք պետք է կարողանանք իսկապես մեր ներքին համախմբվածությանը ապավինել և փորձել ներսում ունենալ այնպիսի մթնոլորտ, որը կդառնա հիմնական նպատակ: Ցավոք, մեր ներքին այս առճակատումներն ու ներքին հարաբերությունները նաև այս առումով են թուլացնում մեր ներքին ներուժն ու հնարավորությունները: Եվ սա դաս պետք է լինի առաջին հերթին իշխանությանը, հետո` մյուս բոլոր ուժերին»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել