Հայաստանը շուտով երկրորդ ինքնաթիռը կուղարկի Սիրիա

Դեպի Սիրիա Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքն Էրզրումում, այնտեղ նրա ստուգումը թեև եղել է նախապես պայմանավորված, սակայն հարցը, ըստ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, շահարկվում է:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում Վահան Հովհաննիսյանը նշել է, թե բեռի ստուգմամբ Թուրքիան երկու նպատակ էր հետապնդում՝ ուժի ցուցադրում՝ զինուժի, հրշեջ մեքենաների, դիմակների ու շների մասնակցությամբ և՝ ցույց տալ Ռուսաստանին, որ բոլոր օդանավերն էլ ստուգման են ենթարկվում, և ՌԴ-ից ուղևորված սիրիական օդանավի հարկադիր վայրէջքը դիտավորյալ չէր:

«Պարտադրանքով ոչինչ չի եղել: Մենք զիջումների էինք գնացել, որովհետև մեր գործը կոնֆլիկտը չէ, այլ բեռը տեղ հասցնելը: Նրանք, իհարկե, կարող են պահանջել ստուգել ցանկացած բեռ, որ անցնում է իրենց տարածքով, մանավանդ որ Հայաստանը շրջափակված է: Մենք կարողացել ենք, այնուամենայնիվ, այդ արգելքը ճեղքել: Նշեմ, սակայն, որ բեռը շատ մանրազնին է ստուգվել: Սովորաբար, օրինակի համար ստուգում են մի քանի ակղ և վերջ: Բայց այստեղ ստուգվել է ամբողջ բեռը՝ 14 տոննան»,- ասել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, որ կան ուրիշ ճնապարհներ բեռը տեղ հասցնելու, բայց այս փուլում ընտրվել է այս ճանապարհը:

Բեռն այժմ գտնվում է Հալեպի հայկական երկեղեցու առաջնորդարանում: «Հալեպում իրավիճակը շատ ծանր է, ինչը, սակայն, չի ներկայացվում հեռուստատեսությամբ: Մենք, բնականաբար, չենք կարող մի քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում օգնել Սիրիայի ամբողջ չքավորներին: Մենք, սակայն, միայն հայկական համայնքին չէ, որ օգնում ենք: Սա ամենակարիքավորներին է ուղղված»,- ասել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչը:

Վ. Հովհանիսյանը նշել է, որ ինչպես Սփյուռքն է ցանկացած հարցում օգնում Հայաստանին, այնպես էլ պետք է հայրենիքը Սփյուռքին օգնի: Իսկ օգնությունը լինելու է շարունակական. «Մենք դեռ շատ մեծահարուստ գործարարների չենք էլ դիմել: Ռուսահայությունը դեռ նոր է սկսում արձագանքել: Ունենք շատ խոստումներ, որ դեռ պետք է իրականանան: Մենք պետք է մեր հասարակությանը տանենք այն մտքին, որ սա մեկ օրվա թատերական ակցիա չէ, այլ երկարաժամկետ միջոցառումներ, եթե մենք մտահոգված ենք Սիրիայի հարցով: Եթե հակամարտությունն ավարտվի, չի նշանակում, թե ամեն ինչ կհանդարտվի: Սիրիայում ոչնչացվում է արտադրական պոտենցյալը, կաթվածահար է առևտուրը, և դա նշանակում է, որ հետևանքները երկար են զգացնել տալու»՛:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ շատ շուտով կմեկնի պարենով բեռնված երկրորդ ինքնաթիռը:

Տպել Տպել