ՀԱԿ-ի ստորագրահավաքի նպատակը շոուն է

Untitled-272– Պարոն Մինասյան, չնայած ՀԱԿ-ի գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, հաջողվեց հավաքագրել ընդամենը 19 պատգամավորի ստորագրություն, որի շուրջ, ի դեպ, նույնիսկ այս ցուցանիշի հետ կապված թերահավատություն էր հնչեցվում: Բայց, ինչպես տեսանք, 19 ստորագրություն հաջողվեց հավաքել, և եթե դրան միանային ՀՅԴ 5 պատգամավորները, ևս 3 պատգամավոր «Բարգավաճ Հայաստանից»՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը հայտնել էին իրենց պատրաստակամությունը, որ կմիանան, եթե միայն իրենցից կախված լինի, ապա 27 պատգամավորի ստորագրություն կապահովվեր: Ստացվում է, որ այս հարցում վերջին խոսքը մնաց Դաշնակցությանը, այն էլ՝ դուք չսատարեցիք: Ինչո՞ւ:

– Այն փաստաթուղթը, որը կոչվում է դիմում, և որը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, որևէ գործընկերային հարաբերություն չի ենթադրում, որ վերջին պահին պետք է ներկայացվի գործընկերոջ կուսակցությանը, մեզ ներկայացվել է ընդամենը երեկ՝ 18.00-ին: Եվ շուրջ 100 էջանոց փաստաթուղթը անհրաժեշտություն կար մանրամասն ուսումնասիրելու, բայց մինչ այդ 3-4 օր առաջ մենք ասել ենք, որ կարիք ունենք այդ փաստաթուղթը նայելու, որ ինքներս էլ համոզվենք՝ կան այդպիսի ծավալային խախտումներ, թե ոչ, որպեսզի կարողանանք մեր տեսակետը հայտնել: Բացի դրանից՝ ՀԱԿ-ի պահվածքը առհասարակ ոչ միայն գործընկերային չէ, այլ նաև գործընկեր քաղաքական ուժերին վիրավորելու, անձնական ամբիացիաները, մենթորական ոճը, շանտաժային պահվածքը թույլ չեն տալիս, որպեսզի ձևավորվի որևէ համագործակցության հնարավորություն: Ես ուզում եմ հիշեցնել՝ քառյակը փլուզվեց հենց այն պատճառով, որ մենք առաջարկում էինք Սահմանադրության հարցը չդնել օրակարգում, որովհետև տարբեր տեսակետներ ունենք: Հենց նաև ՀԱԿ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ փլուզվեց այդ ամեն ինչը: Լավ, Աստված իրենց հետ: Բայց դրանից հետո շարունակվող հարձակումները Դաշնակցության վրա, տեղի-անտեղի մեղադրանքները, իսկ հաճախ նաև վիրավորանքի հասնող պահվածքը համագործակցության որևէ եզր չէին թողել: Դրանք էլ մենք կարող էինք դնել մի կողմ, եթե համոզվեինք, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր պատկերացրածին և համոզմունք է առաջացնում, որ կա այդպիսի վիճակ: Սակայն երբ ծանոթանում ես փաստաթղթին, ներկայացվում են մեղադրանքներ, այդ թվում նաև Դաշնակցությանը: Օրինակ՝ ներկայացնում են, որ թիվ 30/05 ընտրատեղամասում Դաշնակցության վստահված անձը ջղայնացել է, վիրավորել է դիտորդին, որն իբր իր լիազորություններն էր իրականացնում: Մենք ճշտել ենք՝ այդպիսի բան չկա: Փաստաթուղթը լիքն է նման մեղադրանքներով:

– Փաստորեն, հասցրել եք ծանոթանալ ամեն դեպքում:

– Այնուամենայնիվ, հասցրել եմ նայել մի քանի դիտարկումներ, տեղեր կան, որտեղ գրված է արձանագրությունների կազմման հետ կապված հանձնաժողովի որևէ անդամ չի ստորագրել՝ ներառյալ իրենց անդամը: Այսպիսի անպատասխանատու ձևով ես պատրաստ չեմ իմ հանձնաժողովի անդամին ներկայացնել մեղադրանք, քանի դեռ ես ինքս չեմ համոզվել դրանում: Այլ կերպ ասած՝ այս փաստաթղթից տպավորությունն այնպիսին է, որ ով որտեղից ինչ լսել է, բերել լցրել է սրա մեջ, կազմել են մի ամբողջություն, փորձում են ներկայացնել, որպեսզի կատարեն այդ գործողությունը, բայց մենք անցել ենք, չէ՞, այդ շրջանը: Սահմանադրական դատարանի դիմումը պետք է լինի կուռ, տրամաբանված, հիմնավորված, որպեսզի դատարանին շանս չթողնես այլ որոշում կայացնելու, քան այն, ինչն ակնկալում ես: Այլ դեպքում, ես կարող եմ ասել, որ սա որևէ նպատակ չի հետապնդել նման գործողություն իրականացնելու համար:

– Փաստորեն, Դուք հայտարարում եք, որ ՀԱԿ-ին 3-4 օր շարունակ, վերջին օրերին ասել եք՝ տվեք մեզ փաստաթուղթը, որպեսզի մենք ծանոթանանք, նրանց կողմից ինիցիատիվա չի եղել և վերջին պահին է Ձեզ տրվել փաստաթուղթը:

– Ես ուզում են ճշգրտել. նախ՝ որևէ մեկը չպետք է ասի՝ տվեք փաստաթուղթը ծանոթանամ, որ նոր միանամ: Եթե ես նախաձեռնում եմ նման բան, ինքս եմ դիմում, ասում եմ՝ այս փաստաթուղթը ձեզ: Դա չեն արել: Հրապարակել էին, թե եկեք ՀԱԿ գրասենյակում ստորագրեք դիմումի տակ: Մեր խմբակցության պատգամավորները բազմիցս ասել են, որ մեզ ներկայացված չէ այդ փաստաթուղթը, հետևաբար մենք չենք կարող: Երեկ է տեղի ունեցել հեռախոսային խոսակցությունը ՀԱԿ ղեկավարի և Դաշնակցության ղեկավարի միջև՝ ժամը 17.30-ի կողմերը, և ժամը 18.00-ին այս փաստաթուղթը առաքվել է էլեկտրոնային եղանակով մեզ: Այսինքն՝ եթե անգամ էլեկտրոնային եղանակ էր, չէր պահանջում լրացուցիչ ջանքեր, կարելի էր նախապես ուղարկել բոլորին, նույնիսկ ՀՀԿ խմբակցություն, որպեսզի իրենք էլ տեսնեն:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դա չի արվել:

– Ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ի նպատակը ամենևին սահմանադրական կարգով, իրավական ճանապարհով այս փաստաթղթին ընթացք տալը չէ: Ավելին՝ հանրաքվեի արդյունքները վիճարկելը չէ: Ավելի շատ քաղաքական շոուի նպատակ է հետապնդում: Ես ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկը կվիրավորվի, ես ամենևին վիրավորելու նպատակ չունեմ, հակառակը՝ ուզում եմ, որ նաև արժևորեմ այս փաստաթուղթը և բոլոր այն մարդկանց գործը, ովքեր մասնակցել են այս փաստաթուղթը կազմելու աշխատանքներին: Այս փաստաթուղթը շատ լավ դրույթներ է պարունակում, ապագա Ընտրական օրենսգիրքը մշակելու ժամանակ շատ լավ կարող է ծառայել բոլոր սողանցքները փակելու և շատ կազմակերպված ընտրություններ անցկացնելու համար:

– Այնուամենայնիվ, եթե փորձենք կարևորել գլոբալ առումով բուն արդյունքը, ՀՅԴ-ն մինչ հանրաքվեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, այդ թվում՝ նաև Ձեր խմբակցության անունից շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը այս տաղավարից ևս հայտարարել է, որ եթե հանրաքվեից հետո լինեն շատ մեծ թվով ահազանգեր, և պարզվի, որ հանրաքվեն անցել է համատարած ընտրակեղծիքներով, ապա Դաշնակցությունը պատրաստ կլինի անգամ փողոցում միանալու ընդդիմության պայքարին: Նաև նշում էիք, որ ձեզ համար շատ կարևոր է ոչ միայն ինչը, այլ նաև ինչպեսը: Հիմա այդ ինչպեսի հետ կապված ահազանգում է ոչ միայն ՀԱԿ-ը, որը միգուցե այդ փաստաթղթում չի հասցրել կամ այլ պատճառներով թերի է այդ փաստաթուղթը, և ըստ ձեզ՝ կան նաև չհամապատասխանող ամրագրումներ, բայց մենք գիտենք, որ կան բազմաթիվ ահազանգեր դիտորդական կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ նաև օտարերկրյա, նաև վերջին հայտարարությունները՝ կապված թե՛ ԱՄՆ դեսպանատան, թե՛ ԵՄ անդամ երկրների կողմից: Ահա այդ ամենը Ձեզ չի՞ մտահոգում: Միգուցե արժեր աչք փակել՝ ինչ-որ տեղ ՀԱԿ-ի ոչ այդքան ճիշտ գործունեության հետ կապված, և ամեն դեպքում ասեիք, որ պատրաստ եք միանալ:

– Ես իմ խոսքի սկզբում էլ ասացի, որ պատրաստ կլինեինք ամբողջությամբ մի կողմ դնել, նախկինում էլ եղել են այդպիսի դեպքեր: Անընդհատ փորձել ենք ներել, այդ վրավորանքները մի կողմ դնել, և փորձել համատեղ աշխատել, ստեղծել մի պատկեր, բայց դուք լավ նշեցիք նաև միջազգային կազմակերպությունների հայտարարությունների մասին, ուշադիր կարդանք, այս հայտարաությունների հիմքում ընկած է իրավապահ համակարգի նկատմամբ անհրաժեշտ պահանջները, որոնք պետք է ապահովեն պատշաճ իրավական ընթացք: Մենք բազմիցս անցել ենք դատական ընթացակարգեր, և գրեթե միշտ Սահմանադրական դատարանը կարմիր թելով իր որոշումներում հստակ ամրագրում է այն պահանջները, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի Սահմանադրական դատարանում ներկայացվի որպես արդյունք: Մենք տեսնում ենք, որ անընդհատ գնում է այս գործընթացը, բայց չենք կարողանում այս ամենը փաստաթղթավորել, պատշաճ ընթացկարգեր ապահովել, վարույթ ստեղծել, որպեսզի այդ վարույթի արդյունքում ձևավորված փաթեթը դառնա, ի վերջո, արդյունք Սահմանադրական դատարանի համար:

Ամբողջ խնդիրը հետևյալն է. այսօրվա ընտրական համակարգը, ինչպիսին էլ որ լինի, միևնույն է, հնարավորություն չի տալիս, որ մեր կողմից լիարժեքորեն ֆիքսվեն այս բոլոր խախտումները: Ես որևէ մեկին չեմ մեղադրում, որ չեն կարողացել իրենք անել: Այո՛, մենք հայտարարել ենք և միաժամանակ պնդում ենք, որ մենք ցավալիորեն չստացանք այն որակի հանրաքվեն, որն անհրաժեշտ էր: Կյանքը բարդանալու է, դժվարանալու է այս սահմանադրական փոփոխությունների առումով, որովհետև նաև սև քարոզչությունը, նաև բացասական էներգիան մտել է այս սահմանադրական փոփոխությունների մեջ, և ցավալիորեն ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այդ փոփոխությունները կյանք դառնան:

– Եվ ահա, հենց սրա հետ կապված ցուցադրելով ձեր բարի կամքը և ձեր սրտացավությունը՝ ամեն դեպքում ի՞նչ կփոխվեր, եթե դուք միանայիք:

– Դուք մտածում եք, որ եթե Դաշնակցության 5 պատգամավորները ստորագրեին, կլինե՞ր 27:

– Եթե դուք միանայիք կլիներ 24 պատգամավոր, կային ևս 3 պատգամավորներ, որոնք նշել էին, որ պատրաստ են միանալ, ես իմ խոսքի սկզբում տվեցի այդ պատգամավորների անունները:

– Եթե դուք նկատի ունեք ձևականորեն պահել այդ սոլիդարությունը և ստորագրել, դա նշանակում է լինել անպատասխանատու: Եթե ես համոզված չեմ, որ այն փաթեթը, որը ներկայացվում է, գոնե մեծամասնությամբ հնարավորություն կտա բարելավելու որոշումը և երկրորդ՝ այս փաթեթում մեղադրանքներ են ներկայացվում մեր, ի դեպ՝ նաև իրենց հանձնաժողովի անդամների նկատմամբ, ես ուղղակի ապշած եմ: Մեղադրանքներ կան, որոնք քրեական հանցակազմի տարրեր են պարունակում, և եթե իրենք պատրաստ են իրենց կողմից նշանակված անձին, իրենց հանձնաժողովի անդամին քրեական մեղադրանք ներկայացնել, առնվազն իրենք ներսում պետք է համոզվեին դրանում: Մենք կողմ չենք անպատասխանատու գործողություններին: Ես որևէ ձևով չեմ թերագնահատում այն մարդկանց աշխատանքը, որոնք ստեղծել են այս փաստաթուղթը, բայց այն դեռևս իր մեջ մեծ թերություններ է պարունակում: Գոնե պետք է զտվեն, պետք է հստակեցվեն այն խախտումները, որոնք ի վերջո պետք է բերեն հանրաքվեի արդյունքների, իրենց պատկերացմամբ, անվավեր ճանաչելու իրական վիճակին: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք շարունակում ենք ձև անել, թե իբր վարույթի մեջ ենք: Առնվազն 50 օր պահանջվելու է, որպեսզի գործը քննի, ավելին՝ 30 օր էլ կարող է ինքը երկարացնել: Մենք կարիք ունենք մինչև հաջորդ տարվա հունիսի մեկը նոր Ընտրական օրենսգիրք ունենալ: Սա նշանակում է առնվազն ձախողել առաջիկա համապետական ընտրությունները:

– Բայց այս մեկն արդեն ձախողել ենք, հասկանանք՝ ինչ էր կատարվում, նոր մտածենք հաջորդի մասին:

– Եթե այս մտածողությամբ գնանք, բոլորն էլ ձախողելու ենք, որովհետև ընտրական համակարգը այդ թվում նաև իրենց իշխանության տարիներին ձևավորված ընտրական համակարգը անընդհատ ծնում է նման կասկածներ, ավելի լավ չէ՞ փոխել ընտրական համակարգը:

– Ուշագրավ է, որ այս ընթացակարգի հետ կապված՝ նոր Սահմանադրությամբ շատ ավելի լավ պայմաններ են առաջադրված. 169-րդ հոդվածի 3-րդ կետով բավարար կլինի միայն մեկ խմբակցության կողմից դիմումը Սահմանադրական դատարան: Պարադոքս է ստացվում, այնուամենայնիվ, խնդրո առարկան այս նոր Սահմանադրությունն է:

– Ավելի դյուրացվում և ավելի ընդլայնվում են հատկապես խմբակցությունների իրավունքները: Միայն դա չէ, բազմաթիվ դրական փոփոխություններ կան, որոնք մենք հիմա կարող ենք կյանքի կոչել, չգիտես ինչու, հիմա սկսում ենք միավորվել ու քննարկել:

– Տեսակետ կա, որ դուք չմիացաք այս գործընթացին և առհասարակ վերջին շրջանի ձեր դաշնակցությունը Հանրապետականի հետ պայմանավորված էր ձեր հեռահար ցանկությամբ՝ առաջիկայում վերադառնալու իշխանական կոալիցիա:

– Ցանկացած քաղաքական ուժի կամ միավորման միջանկյալ նպատակը իշխանության ձգտումն է, որպեսզի իր վերջնական նպատակները կյանք դարձնի: Ամենաբաց քաղաքական ուժն ենք եղել, մենք չենք թաքցրել, որ սահմանադրական փոփոխությունների հարցում մենք համագործակցում ենք քննարկում ենք, բանավիճում ենք, որպեսզի ստանանք լավ փաստաթուղթ, մենք տեքստի մակարդակում ստացել ենք լավ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է կյանք դարձնել, որպեսզի Հայաստանի քաղաքացին իր իրավունքները կարողանա իրացնել:

– Հիմա դրա համար կոալիցիա պատրաստ ե՞ք մտնել:

– Դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է շարունակել, ինչ տեսք կունենա դա, այս պահին մենք չունենք նման երկխոսություն, թե ինչ լինի՝ կոալիցիա, համագործակցության այլ ձևաչափ, բայց մի հարցում կա հստակ համաձայնություն՝ Սահմանադրության բոլոր կետերը, այդ թվում՝ նաև Ընտրական օրենսգիրքը դարձնել իսկապես հանրության մոտ վստահություն ապահովող և ազատ ընտրությունները երաշխավորող համակարգ: Այստեղ եթե անհրաժեշտություն կլինի համագործակել ընդհուպ կոալիցիայի մակարդակով, մենք չենք խորշում դրանից, որովհետև մենք հասկանում ենք, որ այս փոփոխություների կյանք դառնալու հարցում դրված է ոչ միայն առանձին անհատներիս հեղինակությունը, նաև Դաշնակցության հեղինակությունը: Հանուն այդ հեղինակության մենք պատրաստ ենք զիջել ամեն ինչ:

– Տեսակետ կա, որ Դաշնակցության հեղինակությունը ստվերվեց այս ընտրակեղծիքներով: Եվ նաև Ձեր կուսակցական գործընկերներից էլ էին ասել, որ «շատ ափսոսում եմ, որ այդ կեղտը քսվեց իրենց»:

– Ցանկացած ազնիվ քաղաքացի կարող է իր վրա վերցնել նման վիճակը, և դա բնական է: Ինչպես որ մեզանից յուրաքանչյուրն է համարում՝ ինքն ինչ արեց, որպեսզի չլիներ այն, ինչ տեղի ունեցավ: Բայց դա որևէ ձևով չի նշանակում, որ կյանքը չպետք է շարունակենք, դեպի փոփոխություններ չպետք է գնանք: Եթե քո ձեռքում չէ ընտրախախտումները կանխելը, դու չես կարող միայն այն պատճառով, որ ընտրախախտումներ են տեղի ունեցել, հրաժարվես, խռովես գնաս նստես մի տեղ կամ գնաս ձևական մի գործընթաց սկսես և արդյունքում հերթական անգամ հիասթափեցնես քաղաքացիներին: Մենք կարևորում ենք ընտրական համակարգի ամբողջական փոփոխությունը: Ես վստահեցնում եմ, որ Դաշնակցությունը մինչև վերջ գնալու է, որպեսզի մենք ունենանք իսկապես լավագույն ընտրական համակարգը:

1in.am

Տպել Տպել