Անկարան ահաբեկչություն է տարհանում դեպի Եվրոպա

FotorCreatedՈրոշ երկրներ, քաղաքական նպատակներից ելնելով, չեն խոսում Իսլամական պետությանը Թուրքիայի աջակցության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Այս ընթացքում միջազգային մամուլը ևս բավական հիմնավոր փաստեր է ներկայացրել Իսլամական պետությանն Անկարայի կողմից ֆինանսական օգնության և, առհասարակ, տրամադրվող տարբեր տեսակի օժանդակության մասին: Դա, իհարկե, քաղաքական մոտեցումներով պայմանավորված որոշ պետություններ հրապարակային չեն ընդունում, բայց, կարծում եմ, բոլորի համար փաստ է: Հետզհետե ավելի կտարածվի այն համոզումը, որ Թուրքիան աջակցում է Իսլամական պետությանը: Ինչպես, օրինակ, անում են Ռուսաստանը, Հունաստանը: Ակնհայտ է, որ Անկարան հայտնվել է աշխարհի համար վտանգ ներկայացնող Իսլամական պետությանը հովանավորելու գծի վրա»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով, երբ փախստականների ալիքը բարձրացավ և Թուրքիան առաջին խումբն ուղարկեց Եվրոպա, այդ փախստականների շարքում էին նաև ահաբեկիչները: Փաստորեն, դրանից հետո տեղի ունեցան Փարիզի դեպքերը և հավելյալ վտանգ ստեղծվեց թե Եվրոպայում, թե համայն աշխարհում:

«Ոչ միայն ահաբեկիչներին աջակցելու, անարգել տեղաշարժվելու հարցն է, այլև փախստականներին Եվրոպա ուղարկելով նաև ահաբեկչությունը դեպի Եվրոպա տարհանելու խնդիրն է: Անկարայի դերն այս առումով ևս պետք է բացահայտել: Սա բոլորը գիտեն, պարզապես, քաղաքական շարժառիթներից դրդված չեն ասում»,-ավելացրեց Գանտահարյանը:

«Ինչ հնարավոր ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների սրումը Հարավայի Կովկասի վրա». «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Շահան Գանտահարյանը նշեց, որ, իհարկե, այս պահի դրությամբ իրավիճակը լարված է, սակայն չի բացառվում, որ քաղաքական իրադրությունը կտրուկ փոխվի: Ամեն դեպքում ներկա նախադրյալները հուշում են, որ այս լարվածությունը կխորանա որոշ ժամանակի համար: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցությանը և նոր ճակատի ի հայտ գալուն, ապա թերթի խմբագիրը նշեց, որ Թուրքիան բավական դժվար պայմաններում է հայտնվել և թե ներքին, թե արտաքին խնդիրները խորացել են: Ավելին, այսօր նաև խոսվում է Թուրքիայի մասնատման հնարավոր տարբերակի մասին: «Թուրքիան բավական խճճվել է: Մի կողմից Ռուսաստանի հետ լարված վիճակ է, մյուս կողմից քրդերի խնդիրն է, հարևանների հետ ունի բազմաթիվ չլուծված հարցեր: Կարծում եմ` այս պարագայում դժվար թե նոր ճակատ ստեղծելու հավանականությունը կա»,-ասաց Շահան Գանտահարյանը: Ամեն դեպքում, նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը համաձայնեցված կլինի Թուրքիայի հետ: «Չեմ կարծում առաջիկայում լայնամասշտաբ գործողություններ կլինեն, բայց այդ թեժացումը կպահպանվի, և դա համաձայնեցված կլինի Անկարայի հետ»,-հավելեց Շահան Գանտահարյանը:

armenpress.am

Տպել Տպել