Ուորլիքը օբյեկտիվ կեցվածքից սկսել է հեռանալ

FotorCreatedTert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ներկայումս ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանն անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում առաջիկայում ԼՂ հարցով լսումներին, նշեց, որ թեժ հարցադրումներ են անելու, որ հանկարծ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը «ոլորապտույտ» բաներ չասի: Վ. Հովսեփյանը չթաքցրեց, որ Ջեյմս Ուորլիքից որոշակի դժգոհություն և հիասթափություն ունեն։

-Պարո՛ն Հովսեփյան, հայտնի է, որ հունվարին ԱՄՆ կոնգրեսում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Սա կարծես առաջին անգամն է, ինչո՞վ եք պայմանավորում, որ Կոնգրեսը ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ:

-Պետք է նշել, որ հայկական լոբբին ոն հատկապես Հայ Դատի հանձնախումբը հսկայական դերակատարություն ունեցավ այս վերջին երկու ամիսներին՝ ընդգծելու այն անհավասար մոտեցումը, որ ամերիկյան պաշտոնատարները սկսել են ցուցաբերել, հատկապես՝ ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Գլխավորաբար, այս ամենը պետք է հետ տանենք մինչև այնտեղ, երբ հրապարակվել էր Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նամակը՝մոտ 85 կոնգրեսականների ստորագրությամբ: Այդ նամակը գլխավորում են երկու ազդեցիկ կոնգրեսականներ, մեկը՝ Էդ Ռոյսը, ով Հանրապետական կուսակցության անդամ է և Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, իսկ Ինգըլը՝ Դեմոկրատ իր գործընկերը, որը այդ հանձնաժողովում ամենաավագ ներկայացուցիչն է: Այս երկուսի ճիգերով՝ մի նամակ դուրս եկավ, որում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին նաև ԱՄՆ-ին և ԵԱՀԿ-ին կոչ է արվում ՝ հրաժարվել ագրեսիայի ակտերին անդրադառնալիս «կեղծ հավասարակշռություն» պահպանելու իրենց քաղաքականությունից: Նաև սահմանին լրացուցիչ դիտորդներ ներգրավվելու, դիպուկահարների հետքաշման ուղղությամբ քայլեր կերտելու: Հիմա. այս ամենի հետ համաձայնել են բոլորը՝ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահները, բայց այդպես էլ սա գործածության մեջ չդրվեց և միշտ մեզ ասվում էր, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ այդ դիտորդները և հատուկ սարքերը, որոնք պետք է արձանագրեին դիպուկահարներին, տեղադրվեին ադրբեջանական հողի վրա: Երբ հայկական կողմը եկավ ասելու, որ, լավ, կարելի է մեր կողմում դնել այդ սարքերը, այս անգամ ադրբեջանցիները սկսեցին լրիվ անտրամաբանական ու անհեթեթ խնդիրներ բարձրացնել, թե եթե դրանք տեղադրվեն, հայ զինվորները կկարողանան անցնել-հատել սահմանը և ներսում կրակոցներ ու դիվերսիաներ իրականացնել և այդ բոլոր մեղքը բարդել Ադրբեջանի գլխին: Նման անհեթեթություններից հետո, Կոնգրեսի ղեկավարության հետ միասնաբար, եզրակացվեց, որ ժամանակն է արդեն Ուորլիքին հրավիրել Կոնգրես և լսումների միջոցով հասկանալ, թե, իրոք, ինչ է կատարվում: Վերջին մի քանի օրերին, ԵԱՀԿ-ի Ամերիկայի ներկայացուցիչ դեսպան Բեյրը մեկ արտառոց ակնարկ կատարեց՝ ասելով, որ կարևոր է, որ Թուրքիան իր դրական դերակատարությունն ունենա արցախյան հարցի կարգավորման ընթացքին, ինչը իրապես աբսուրդ է, որովհետև մենք լավ գիտենք, որ տարիների ընթացքում Թուրքիան միշտ բացասական դերակատարում է ունեցել, միշտ հրահրել է Ադրբեջանին: Եվ այս հանգրվանում, երբ արդեն այլ լուծումներ են որոնվում, Թուրքիայի քարտը մեջտեղ նետելն անընդունելի է: Ու արդեն մի քանի օր է՝ սկսված են բողոքներ, նամակներ՝ կոնգրեսականների կողմից ուղղված Արտգործնախարարությանը, ԵԱՀԿ-ին և Օբամայի վարչակարգին:

-ԱՄՆ-ում հայկական լոբբին Կոնգրեսում այդ լսումներին պատրաստվու՞մ է, հայ համայնքից ելույթ ունեցողներ կլինե՞ն:

-Անշուշտ, շատ-շատ լուրջ աշխատանք է կատարվում, նախևառաջ, այդ հանձնաժողովի անդամներին տեղեկացնելու, կոնկրետ իրականություններով իրենց զինելու, որ հանկարծ չստացվի այնպես, որ ինչ-որ ընթացիկ մի բան, կամ շոու կատարվի, որ գան, օրինակի համար՝ և ոլորապտույտ ֆորմուլաներ ներկայացնեն: Պատրաստ ենք լինելու հարցապնդումերի:

-Ուորլիքից դժգոհ էին նաև Ադրբեջանում, որի կայքերից մեկը ԱՄՆ -ում իրազեկ դիվանագիտական աղբյուրին հղումով տպագրեց տեղեկատվություն, որ նրան ադրբեջանական դժգոհությունների հիմքով շուտով փոխարինելու է մեկ այլ անձ:

-Դե մենք հստակեցրել ենք, որ ակնկալելու ենք, որ ամերիկյան պետության որևէ ներկայացուցիչ պետք է լինի բավականին առարկայական և առարկայական լինելով հանդերձ պետք է կարողանա հասկանալ, տեսնել պատմական իրողությունները: Եվ կարող եմ ասել, որ վերջին շրջանում մենք որոշ հուսախաբություններ ապրել ենք՝ տեսնելով, որ այդ առարկայական, շատ օբյեկտիվ կեցվածքներից սկսել է հեռանալ պարոն Ուորլիքը: Եվ ուրեմն՝ դա որոշ դժգոհություն պատճառած է: Լիահույս ենք, որ պարոն Ուորլիքը և իր պատասխանատուները, այս լսումների առիթը կօգտագործեն, որպեսզի մեզ վստահեցնեն, որ իրենք երկու կողմերին մոտենում են առարկայորեն և հավասարապես: Սա պետք է փաստվի, իսկ եթե չփաստվեց, այդ պարագայում մենք՝ որպես այս երկրի քաղաքացիներ, մեզ ընձեռված հնարավորությունների ու կարողությունների ճամփով կիրագործենք մեր քայլերը:

-Լսումների օրը հայտնի՞ է:

-Կոնկրետ օր տակավին չեմ կարող հայտնել: Բայց շատ չի ուշանա:

-Նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացվել է Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ 4264 օրինագիծը, համաձայն որի՝ ադրբեջանական կառավարության անդամներին ամերիկյան վիզաներ չեն տրամադրվի: Եթե այդ փաստաթուղթն ընդունվի, ապա նաև տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Բայց փաստորեն, եթե սա ուժ ստանա, ապա ամերիկա-թուրքական հարաբերություններում կնճիռներ կառաջանան:

-Եթե բացառելու լինենք այդ եզակի երևույթը, պետք է նշեմ, որ նման կնճիռ մենք չենք նկատել: Հակառակը, մերձեցում ենք նկատել, ինչի մասին բարձրաձայնել ենք: Եվ առաջիկայում այս լսումների և այլ քննարկումների միջոցով ու դրանցից հետո, մենք ավելի շեշտված կերպով կանդրադառնանք այս բոլորին:

tert.am

Տպել Տպել