Չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են

Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու` ԱԺ ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նիստին նշեց, որ մեծամասնական ընտրակարգը համամասնականի հետ զուգահեռ ձևավորում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորություն: «Ակնհայտ է, որ պառլամենտական մեծամասնությունը կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է: Մեծամասնական ընտրակարգի առկայությունը ինքնին որևէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ ներկայում գործող ՀՀ ընտրական օրենսգրքի, ներկայում ԱԺ համամասնական տեղերի քանակը ԱԺ-ում 90 է, իսկ մեծամասնականը՝ 41:

Գրիգոր Մուրադյանը նշեց, որ դեռ ընդհակառակը, այս համակարգը հնարավորութուն է ընձեռում ընտրողների այն հատվածին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որևէ կուսակցությանը կամ դաշինքի, իրենց ձայնը տալ իրենց նախընտրած թեկնածուին կուսակցություններից դուրս:

«Բացի այդ, մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որևէ կուսակցության կամ կուսակցությանը հարող և դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Հետևաբար, անցումը 100 տոկոս համամասնականի չի կարող համարվել առաջընթաց գործող ընտրակարգում»,-ավելացրեց նա:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադառնալով կառավարության այս որոշմանը` հայտարարեց. «Ակնհայտ է, որ այս որոշումը կայացվել է մի պարզ պատճառով` իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն իրենց վերաարտադրման կարեւորագույն երաշխիքներից մեկն է, եւ բնականաբար, չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»:

Անդրադառնալով կառավարության բերած փաստարկներին` նա նշեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն Հայաստանի հետ: Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք չեն ասում, որ մեծամասնական ընտրակարգը վատն է, երկու ընտրակարգն էլ լավն են, բայց այն երկրներում, որտեղ կա ձեւավորված ժողովրդավարական ընտրական համակարգ, որի միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի իշխանություն փոխելու:

«ՀՀ-ում մինչ օրես չի հաջողվել ընտրությունների միջոցով իշխանություն փոխել»,-հավելեց նա, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մեծամասնական ընտրակարգով երբեւէ ընդդիմադիր թեկնածու չի հաղթել:

«Մեծամասնական ընտրակարգը իշխանության առավելությունն է: Պատկերացրեք` պետք է վազենք 131 մետր, իրենք ասում են` մենք 41 մետր առաջ անցնենք եւ սկսենք»,- պատկերավոր ներկայացրեց ՀՅԴ պատգամավորը:

Նաեւ ընդգծեց, որ իրականում իշխող ՀՀԿ-ն դեմ չէ իրենց առաջարկին, պարզապես մի շարք պատճառաբանություններ են բերում, մասնավորապես` ասում են, թե իբր ժամանակն ու պատեհ պահը չէ:

Տպել Տպել