«Ակնհայտ է, որ մի կողմից ռուսական տնտեսության հումքային բազա հանդիսացող նավթի գների անկումը, մյուս կողմից նաև միջազգային պատժամիջոցները ռուսական տնտեսությանը դրել են ծանր վիճակի մեջ: Պատահական չէ, որ ռուսական հզոր համակարգով տնտեսությունը ուղղակիորեն և անուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրների վրա,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա անմիջական ազդեցությանը:
Նա նշեց, որ կա նաև ռուբլու արժեզրկման դրական էֆեկտը. «Եթե մենք ժամանակին համաձայնագրերը կնքած լինեինք ռուբլով, այսօր ակնհայտորեն կտեսնեինք դրա առավելությունները»:
Ա. Մինասյանի դիտարկմամբ՝ ռուբլու արժեզկումը երկու ուղղությամբ է հարված հասցնում մեր տնտեսությանը. նախ՝ տրանսֆերտների արժեզրկում, երկրորդ՝ դրանց ծավալների կրճատում. «Առ այսօր մենք պորտալարի նման կախվածության մեջ ենք եղել տրանսֆերտներից: Հնարավոր չէ վերջնականապես կտրվել այդ կախվածությունից, այնուամենայնիվ, դրա ազդեցությունը պետք է դիտարկել նվազող միտում ունեցող ազդեցության համատեքստում:
Մենք պետք է մեր ներքին ռեսուրսների օպտիմալ հարաբերակցությամբ հասնենք տնտեսության ակտիվացմանը»:
«Աշխարհում տեղի է ունենում տնտեսական լծակների վերաարժեվորում և վերաբաժանում, և նավթի գնի կտրուկ անկումը վնաս է պատճառելու հիմնականում այն երկրներին, որոնք այդպիսի ապրանք արտահանող երկրներ են,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ աշխարհում այսօր ներդրման ոլորտների փնտրտուք է, և Հայաստանը կարող է դառնալ այդպիսի ոլորտ, առավել ևս երբ Հայաստանը համարվում է տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը:
1in.am







