Ցանկացած նախաձեռնություն, որը միտված է արտահանման խթանմանը, օգտակար է, այլ բան, որ պետք է նաեւ գործիքակազմը ճիշտ ընտրվի, որպեսզի կառավարությունը թաքնված կամ բացահայտ չխրախուսի երկրի ներսում առկա մենաշնորհները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը`անդրադառնալով կառավարության` արտահանման խթանմանն ուղղված ծրագրին:
Ըստ Արծվիկ Մինասյանի`պետք է կառավարությունը խթանի, որպեսզի Հայաստանում լինեն ավելի մրցակցային ոլորտներ:
«Խթանման գործիքները բազմաթիվ են, սկսած ապահովագրական համակարգից` ավարտած հավասար պայմաններ ստեղծելով: Ես չեմ ընդունի այն մոտեցումը, որ այս խորհուրդը խթանի միայն մեկ կամ մի խումբ անձանց կողմից արտահանում, ավելի շատ պետք է կողմնորոշվեն այն ապրանքերի խթանման մասով, որոնք մրցունակ են դրսում, էդտեղից ամեն արտադրողի համար քանակական սահմանափակում պետք է դրվի: Յուրաքանչյուր արտադրողից ոչ ավել քան երկու տեսակի ապրանք, որպեսզի բոլորը հասկանան, որ այդ հնարավորությունները հավասար են: Օրինակ, ստեղծեն երկու լավագույն որակի ապրանք եւ խորհուրդը երաշխավորի, որ այս ապրանքատեսակները իրացվեն ԱՊՀ, ԵՏՄ տարածքում»,-ասաց Մինասյանը:
Ըստ մեր զրուցակցի` երկրորդ կարեւոր հանգամանքը արտահանողների վարկերի սուբսիդավորումն է: «Եւ վերջապես երրորդը՝ բոլոր արտադրողները պետք է ունենան հավասար ձայն եւ իրենք պետք է ձեւավորեն կարգը, ոչ թե կառավարության անդամները»,-նշեց նա:
Հարցին, թե կառավարության խթանման ծրագիրը որքանո՞վ արդյունավետ կգործի Ռուսաստանի տնտեսական ներկայիս վիճակի, ռուբլու փոխարժեքի ու նավթի գների անկման պարագայում, տնտեսագետը պատասխանեց. «Եթե Ռուսաստանի տնտեսության վրա ազդելու հնարավորություն չունենք, դա չի նշանակում, որ պիտի նստենք մի մութ անկյունում ու լաց լինենք, որ Ռուսաստանի տնտեսությունը այդ վիճակում է: Պետք է փորձենք առավելություններից օգուտ քաղել, որոնք բազմազան են: Պետք է անպայման անցում կատարվի Ռուսաստանի հետ հարաբերություններում ռուբլի-դրամ վճարման համակարգին: Չպիտք է մեր հարաբերությունները պայմանավորենք 3-րդ երկրի արժույթով, որը կրկնակի վնաս է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը վերջին նիստին հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:







