Արցախը ձեր գործը չէ

բողոքի ցույց՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց

FotorCreatedԱյսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուղանողական միությունները բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ ԵԽԽՎ-ի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայ զեկույցների:

Հայրենասիրական պաստառներ պարզած ցուցարարները պահանջագիր փոխանցեցին դեսպանատան աշխատակազմի ներկայացուցչին, որում կոչ են անում Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ հրաժարվել իրենց «խավիարանավթային» քաղաքականությունից և որոշումներ կայացնել՝ հիմնվելով մարդկային ազատությունների վրա:

Դաշնակցական երիտասարդներն իրենց պահանջագրով նաև կոչ արեցին քվեարկության նախօրեին ետ կանգնել այդ անպատվաբեր գործընթացից ու եվրոպական կառույցներին վերադարձնել իրենց հարիր հեղինակությունն ու սկզբունքայնությունը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդգրկված են երկու հակահայկական զեկույցներ՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» եւ բոսնիացի պատգամավորի՝ Սարսանգի ջրամբարին առնչվող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցները:

Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն վաղը՝ հունվարի 26–ին:

yerkir.am

Տպել Տպել