Կարեւորը Սահմանադրությունից բխող նոր իրավիճակում ՀՅԴ-ի մասնակցության ամրագրումն է

FotorCreatedՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է իշխանական կուսակցության հետ սկսված բանակցային գործընթացի, քննարկումների մասին, սակայն դեռ որևէ հստակություն չկա. այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հնարավոր կոալիցիայի վերաբերյալ հարցին:

«Ես ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կշարունակվեն քննարկումները Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ, և այդ ժամանակ ավելի հստակ ասելիք կլինի: Ամենակարևորը` որ մենք հենց առաջին առիթով տեղեկացրեցինք ձեզ և հանրությանը, որ նման առաջարկ է եղել, և մենք սկզբունքորեն համաձայն ենք, բայց քննարկելու շատ խնդիրներ կան: Բնականաբար, ամենակարևոր հարցը հնարավոր համագործակցության ձևաչափն է, և թե մենք ինչ ենք ակնկալում այդ համագործակցությունից»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջինը, ինչ ակնկալում է Դաշնակցությունը, երկրում այնպիսի փոփոխություններն են, որոնք վստահություն ու հույս կառաջացնեն և, թեկուզ փոքր քայլերով, բայց կհանգեցնեն որակական տեղաշարժերի:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Դանակցության շարքերը լքողներ կան, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նման բան չկա: «Որևէ կոնկրետ անուն, որ հրաժարվողներ կան Դաշնակցությունից, ես չունեմ, բայց ասեմ ավելին` Դաշնակցությունը հսկայական կառույց է, և Դաշնակցությունն առաջնորդվում է իր հավաքական որոշումներով, մեր շրջանային ժողովների որոշումներով: Չեմ բացառում, որ կլինեն մեկ-երկու անհատներ, որոնք սկզբունքորեն այլ տեսակետ կունենան: Շատ նորմալ է, բայց դա չի նշանակում, որ մեկ-երկու հոգու կարծիքը Դաշնակցության տեսակետն է: Ես կցավեմ ցանկացած դաշնակցականի համար, ով նման քայլի կդիմի, բայց մենք սովորաբար այդ կարգի բոլոր հարցերը շատ մանրամասն և հանգամանորեն քննարկում ենք մեր շարքերի, մեր ընկերների հետ: Վստահ եմ, որ այս շաբաթվա կեսերին որոշակիությունն ավելի շատ կլինի, մենք կհանդիպենք մեր կուսակցական ընկերների հետ: Արդեն ծրագրել ենք, որ շաբաթվա վերջին կունենանք մեծ հանդիպում բոլոր մեր 50 կոմիտեների ներկայացուցիչների և բոլոր մեր մարզային կոմիտեների դիվանների հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը հավելեց, որ Դաշնակցությունն առաջնորդվում է իր ժողովների որոշումներով: ՀՅԴ նախորդ ժողովների որոշումներում հստակ արձանագրված է, որ երկու տարբերակն էլ գոյություն ունի` և’ ընդդիմություն լինելը, և’ համագործակցելը: Ժողովների միջև ընկած հատվածում որոշում կայացնում է այն մարմինը, որը լիազորված է այդ որոշումների համար` Գերագույն Մարմինը:

Ըստ Աղվան Վարդանյանի` ամենահիմնական քննարկվելիք խնդիրները այն քայլերն են, որոնք պետք է կատարվեն երկրում. դրանք Սահմանադրությունից բխող անելիքներն են, Ընտրական նոր օրենսգիրքն է:

«Մենք ակնկալում ենք, որ նաև ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտում փոփոխություններ լինեն, արվեն թեկուզ փոքր քայլեր, որոնք ցույց տան, որ մեր մասնակցությունը նոր փոփոխություն է բերում և հույս առաջացնում: Այդ հարցերի շուրջ եթե քննարկումները ավարտենք, նոր խոսք կլինի մասնակցության աստիճանի, հնարավոր պորտֆելների կամ պաշտոնների մասին: Մեզ համար հիմնականը Սահմանադրությունից բխող նոր իրավիճակում մեր մասնակցությունը ամրագրելն է: Մենք իսկապես պատասխանատու ենք այս նոր իրավիճակի համար և իսկապես կարող ենք ու պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել Սահմանադրությունը կյանքի կոչելու համար: Մենք երբեք չենք հրաժարվել աշխատանքից ու պատասխանատվությունից: Չենք մերժել մերժելու համար, չենք ասել՝ թշնամի են, պետք է ոչնչանան և այլն: Եթե տեղ կա, որտեղ կարող ենք գործ անել, դա մենք անելու ենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ըստ պատգամավորի` այդ համագործակցությունը բխում է Դաշնակցության առաջնահերթություններից` «7 կետեր»-ից: Աղվան Վարդանյանը շեշտեց, որ դրանք նախապայման չեն եղել կոալիցիա կազմելու համար, այդ կետերը Դաշնակցության պատկերացումներն են երկրի հիմնախնդիրների վերաբերյալ:

«Իհարկե, հասկանալի է այս օրերի մեծ աղմուկը, արձագանքները տարբեր կողմերից: Մենք դրանց շատ հանգիստ ենք վերաբերվում: Եթե մենք վստահ ենք, որ մի բան ճիշտ ենք անում, մենք առաջանորդվում ենք այդ սկզբունքներով»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ մամուլում գրվում է ամեն ինչ, բացի հիմնական փաստից, որ այս պահին որևէ կոնկրետ պաշտոնի, պորտֆելի մասին քննարկում չի եղել:

Նա հավելեց, որ համագործակցության առաջարկ եղել է միայն Հանրապետական կուսակցության կողմից, այլ քաղաքական ուժերի հետ որևէ հարց չեն քննարկել:

Անդրադառնալով Ստրասբուրգում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությանը Աղվան Վարդանյանը նշեց, որ այն ավելի բարենպաստ է եղել:

Նրա խոսքով, հնարավոր հակահայկական ձեւակերպումները հանվել են եւ փաստաթուղթն ընդունվել է գրեթե միաձայն: Մասնավորապես, նշանակալի են հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Այսպես, թիվ 11 կետում նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, որոնց վերաբերյալ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ավելին, Հայաստանի եւ ԵՄ-ի խորհրդարանականները հիշեցնում են. 2015-ի սեպտեմբերի 26-ին ՄԽ-ի համանախագահները նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները` Ադրբեջանին կոչ անելով նույն կերպ վարվել: «Վերջերս լարվածության աճն անկասկած ցույց է տալիս, որ ստատուս քվոն անկայուն է դարձել եւ ՄԱԿ-ի կանոնակարգի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորման այլընտրանք չի կարող լինել», – նշեց Վարդանյանը:

Տպել Տպել