ԵԽԽՎ վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է

FotorCreatedԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի քննարկման ժամանակ:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ զեկույցի վերնագիրը անընդունելի է, որովհետև նշված չէ՝ «ով է մեղավոր, որ լարվածության աճ կա, ով է վերջերս սկսել կիրառել՝ ծանր զինտեխնիկա, ականանետեր, որոնք, ի դեպ, արտադրվել են Թուրքիայում, և ում է ձեռնտու աջակցել ռազմական դրությանը, ոչ թե խաղաղությանը»:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործունեությունը՝ սահմանային գծում, ապա հիշեցրեց, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է սահմանին ներդնել հետազոտության սարքեր, վերահսկողության մեխանիզմ: «Հենց Ադրբեջանն է, որը ստատուս քվոյի հետ համաձայն չէ ու փոխել սա հնարավոր է միայն նոր պատերազմ հրահրելու ճանապարհով»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ զեկույցի համաձայն միայն Հայաստանն է, որ մեղավոր է ամեն ինչում, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի: «Սա ցինիզմ է: Հեղինակն այսքանով չի ավարտում իր զեկույցը, բառ առ բառ կրկնում է Բաքվի դիրքորոշումը: Զեկուցողը ջանք չի գործադրել գալ Հայաստան, Ղարաբաղ, չնայած՝ եղել է հրավեր: Դուք պետք է դատեք, բայց ասեմ, որ զեկույցի հեղինակը ոչ միան իր լիազորություններից դուրս է եկել, այլև կրկնում է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հայտարարությունները։ Զեկույցը ստվերում է մեր ասամբլեայի հեղինակությունը, որովհետև մեզ ներքաշում են մի հարցում, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակեներում է: Փոխարենը ԵԽԽՎ-ն արբիտր լինի, Ադրբեջանի կողմն է կանգնում: Դժվար է պատկերացնել ավելի միակողմանի, ավելի կեղծ մի տեքստ, ինչպես այս զեկույցը: Սա դատավճիռ է, մեղադրանք Հայաստանին: Մենք մեջլիսում չենք նստած, իսկ կա նման տպավորություն: Այս զեկույցը անթույլատրելի է»,- ընդգծեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավորը:

yerkir.am

Տպել Տպել