Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ 201 կին աշխատանք ունի

FotorCreatedԱրցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակն այսօր Երևանի պետական համալսարանում անցկացրեց 2015 թվականի վիճակախաղի համալսարանականների շահումների հանձնման արարողությունը: «Աշխարհի շատ երկրներում վիճակախաղերը միայն պետական են: Եվ այդ պետական կարևոր լծակն օգտագործում են իրենց երկրներում անլուծելի խնդիրները լուծելու համար, քանի որ վիճակախաղը փող աշխատելու այն հեշտ միջոցն է, որը պետությունը պարտավոր է պահել որպես իր սեփականություն»,- ասաց միջոցառմանը ներկա ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ Արցախի ազգային վիճակախաղը հիմնադրվել է 2014 թվականին ԼՂՀ կառավարության կողմից. «Վիճակախաղի անցկացման հիմնական նպատակը կանանց համար աշխատատեղերի ստեղծումն է: Դրա շնորհիվ այսօր Արցախում միայն 201 կին ամբողջ տարին գորգ է գործում, որպեսզի կատարի Ազգային վիճակախաղի պատվերը»,- ասաց փոխվարչապետը: Նրա փոխանցմամբ՝ 2015 թ. թողարկված 140.000 վիճակախաղի տոմսերից 100 հազարն իրացվել է: Վիճակախաղի անցկացման մյուս կարևոր նպատակը Արցախում վերաբնակեցման քաղաքականությանն աջակցելն է:

Արթուր Աղաբեկյանի բնորոշմամբ՝ Արցախի ազգային վիճակախաղը ձեռք է բերել համահայկական տարածում ու նշանակություն: Մինչ օրս տեղի է ունեցել երկու խաղարկություն, որին մասնակցել են շուրջ 400 հազար հայեր: Խաղարկությունների արդյունքում շահել են 700-ը, իսկ շահումային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմել է 350 մլն ՀՀ դրամ: Վիճակախաղի կազմակերպման արդյունքում ձևավորված ողջ շահույթն ուղղվում է Արցախի համայնքների զարգացմանն ու հայրենադարձության ծրագրերի իրականացմանը: Երկու տարվա ընթացքում Արցախի ազգային վիճակախաղի շահումային ֆոնդի ձևավորման միջոցով Արցախում շուրջ 250 հոգի ապահովվել են կայուն վարձատրվող աշխատանքով: Հավելենք, որ Արցախի ազգային վիճակախաղի խաղարկությունն ամեն տարի տեղի է ունենում դեկտեմբերի 28-ին, որը խորհրդանշական օր է Արցախի համար. Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների օրն է:

aravot.am

Տպել Տպել