Լիբանանում քրիստոնեական դաշտի ուժերը միավորվել են նախագահի թեկնածության շուրջ

շահանԼիբանանում լուրջ իրադարձություն է կատարվել՝ քրիստոնեական դաշտի ուժերը միավորվել են նախագահի թեկնածուի ընտրության հարցի շուրջ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում տպագրվող «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:

Սակայն նրա խոսքով Լիբանանի նախագահի թեկնածության վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա: «Այդուհանդերձ, «Լիբանանյան ուժերի» ղեկավար Սամիր Ջաջան հայտնել է, որ իրենք պաշտպանում են Փոփոխությունների ու բարեփոխումների դաշինքի ղեկավար, գեներալ Միշել Աունի թեկնածությունը:

Բայց Լիբանանը համայնքային երկիր է, ու անհրաժեշտ է նաեւ գլխավոր համայնքի համաձայնությունը: Առայժմ նման համաձայնություն չկա, բայց Ազգային ժողովից դուրս տեղի են ունենում ազգային երկխոսության նիստեր, որտեղ ներկայացված են բոլոր համայնքները»,- նշեց Շահան Քանդահարյանը: Այդ նիստերում, շարունակեց նա, քննարկումներ են ծավալվում տարբեր հարցերի՝ այդ թվում նախագահի թեկնածուի ընտրության շուրջ:

«Առայսօր որոշակի դրական առաջխաղացումներ են արձանագրվել. օրինակ ձեռք է բերվել համաձայնություն մի շարք տեղական պաշտոնների վերաբերյալ՝ մանավանդ ռազմական ոլորտում»,- շեշտել է Շահան Քանդահարյանը՝ հավելելով, որ ազգային երկխոսության նիստերի ընթացքում ներկայացված է նաեւ հայ համայնքը, որը Լիբանանի 7 կարեւոր համայնքներից մեկն է:

Հարցին՝ արդյոք երկրում «աղբային ճգնաժամը» կարգավորվե՞լ է՝ Շահան Քանդահարյանը պատասխանեց. «Փողոցներում դեռ աղբ կուտակվում է, ընդհանուր լուծում դեռ չկա»:

Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի է Լիբանանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամում, որը սկսվել էր 2014 թ. մայիսի 24-ից հետո, երբ ավարտվել էր պետության նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետը: Այդ ժամանակվանից ի վեր Լիբանանի խորհրդարանի պատգամավորները բազմիցս փորձել են նախագահ ընտրել, բայց բոլոր փորձերը ձախողվել են:

Հեղինակ՝ Տաթեւիկ Ղազարյան

news.am

Տպել Տպել